ԿարևորՔաղաքական

ՀՀ- ԼՂՀ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը. համատեղ հայտարարությունը՝ 2- 3 օրից

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ

Այսօր Ստեփանակերտում գումարվել է Արցախ-Հայաստան միջխորհրդարանական հանձնաժողովի 9-րդ նիստը, որին մասնակցելու նպատակով Արցախ է ժամանել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը։

Լրագրողների համար բաց էր միայն միջխորհրդարանական նիստի բացման պահը: Օրակարգի միակ հարցը ձևակերպվել էր այսպես` «1994 թվականի մայիսյան զինադադարը եւ խաղաղության հեռանկարները»: Բացման ելույթները ավելի շատ պատմական իրադարձություններին էին անդրադառնում, այդ շաքից էին ինչպես ԱԺ նախագահների, այնպես էլ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիիր Կազմիրովի ելույթները։

Հետագա քննարկումներն անցան դռնփակ:Լրագրողների եհտ հանդիպման ժամանակ ԼՂՀ ԱԺ նախագահը չթաքցրեց, որ հակամարտության գոտում հրադադարի հաստատումն ընդամենը առիթ էր ներկա և ապագա մարտահրավերները քննարկելու համար: Լրագրողների հարցերը հենց դրանց էին վերաբերում։

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը չի կարծում, որ ՀՀ Մաքսային և Եվրասիական միություններին միանալու արդյունքում ԼՂՀ և ՀՀ միջև սահմանազատման հարց կարող է ծագել:

Ըստ ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի՝ ԼՂՀ և ՀՀ միջև ինտեգրացիոն գործընթացներն այնպիսի մակարդակ ունեն, որ դրանք չեն կարող տուժել Հայաստանի Հանրապետության այլ գործընթացներին մասնակցելու պատճառով։ Թեև խորհրդարանների խոսնակները սրա մասին չասացին, բայց պարզ էր, որ այս հարցերը նաև միջխորհրդարանակն նիստի քննարկման նյութ էին դարձել: Համենայնդեպս՝ համատեղ հայտարարությունը, որը սպասելի էր, այսօր չհնչեց: ԼՂՀ ԱԺ նախագահը նշեց, որ համատեղ հատարարությունը կլինի առաջիկա 2- 3 օրվա ընթացքում, որովհետեւ բազմաթիվ առաջարկություններ են եղել եւ դրանց շուրջ պետք է աշխատել։

Ըստ ՀՀ Աժ նախագահի՝ արդեն ուրվագծվել է նաև հաջորդ միջխորհրդարանական նիստի օրակարգը։ Նիստը տեղի է ունենալու Երևանում և նվիրված է լինելու տարածաշրջանային խնդիրներին, անվտանգության հարցերի և առաջիկա ռազմավարական ուղղություններին:

Ի դեպ՝ Միջխորհրդարանական նիստի մասնակիցները քննարկումների ավարտից հետո այցելել են առաջին դիրք:

Back to top button