Քաղաքական

ԱԻՄ- ը միակ արեւմտամետ ուժն է, պնդում է Պարույր Հայրիկյանը

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի գլխավորությամբ «Մեր Հայրենիքի» բարեփոխված տարբերակի կատարմամբ այսօր մեկնարկեց Ազգային ինքնորոշում միավորման համահավաքը։ Որպես արևմտամետ քաղաքական ուժ, Ազգային ինքնորոշում միավորման այս ժողովին Հայոց եռագույնի կողքին դրված էր և Եվրամիության կապտաաստղային դրոշը։

Հայրիկյանը դժգոհ է իշխանությունների վերջին թե Եվրասիական միությանը անդամակցելու, թե սահմանադրական բարեփոխումներ իրականցնելու նախաձեռնություններից։ ԱԻՄ- ի պատվիրած հասարակական կարծիքի ուսումնասիրությունները վկայում են, որ հայաստանցիների 60 տոկոսը կողմ է Եվրամիության հետ ավելի սերտ մերձեցմանը: Մինչդեռ՝ այս ցուցանիշը մինչև անցյալ տարվա սեպտեմբերի 3-ը կազմում էր 77 տոկոս: Պարույր Հայրիկյանը պնդում է, որ ընթացող արտաքին քաղաքական զարգացումների ֆոնին որպես արևմտամետ մնացել է միայն իր գլխավորած քաղաքական ուժը։

ԱԻՄ-ը անմասն չի մնա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ իրականացվող քայլերից՝ պահանջատիրության տեսանկյունից։ Անդրադառնալով իշխանությունների կողմից առաջարկվող սահմանադրական փոփոխությունների տարբերակին՝ Պարույր Հայրիկյանը այն որակեց նահանջ ժողովրդավարությունից՝ նկատի ունենալով երկրի նախագահի ընտրությունը խորհրդարանին փոխանցելու դրույթը։

Համահավաքի մասնակիցները ոստիկանության ուղեկցությամբ Թեքեյան կենտրոնից երթով հասան Հանրապետության հրապարակ:

Back to top button