ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

«Պատուհանից մտիկ եմ անում՝ լվացքի մեքենան օդումը դես ա գնում, դեն ա գնում»․ աղետի գոտի, օր չորրորդ

Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ աղետի գոտում մայիսի 26-ից 28-ը փրկարարական աշխատանքներ են 51 մարտական հաշվարկ, 6 օպերատիվ խումբ, ներգրավված են եղել 456 փրկարարական ծառայողներ։

«Լոռու և Տավուշի մարզերում տարբեր բնակավայրերից փրկարարների և ներգրավված այլ ուժերի միջոցով փրկվել և տարհանվել է 443 մարդ՝ 401-ը Լոռու մարզում և 42-ը Տավուշում, այդ թվում՝ Սանահին կայարանից ընդհանուր տարհանվել է 137 բնակիչ, 141 բնակիչ շարունակում են մնալ բնակավայրում։

Դեբեդն այս անգամ զարմացրեց Լոռու և Տավուշի մարզերի բնակիչներին։ Նրանց մեծ մասը չի հիշում, թե երբ էր վերջին անգամ գետն այսպես  վարարել։ Ավագներից են լսել՝ 60-ականներին։ Գետ միշտ այնքան հանդարտ է եղել, որ տիկին Նունեի մտքով չի էլ անցել, որ վտանագավոր է  Ալավերդու սկզբնամասում՝ Դեբեդի ափին` քաղաքի և Սանահին կայարանի ուղիղ կենտրոնում ապրելն ու հող մշակելը, այգի ու ծառ տնկելը։ Այժմ արդեն օրը մի քանի անգամ գալիս, կանգնում, նայում է ջրի մեջ լողացող իր տանն ու արդեն գոյություն չունեցող հողամասով հոսող պղտոր գետի հոսքին․

«Անձրև էր գալիս, բայց պղտոր չէր։ Ջուրը պարզ էր։ 22․30 էր։ Տեհա, որ գետը վարարեց, տասը րոպե հետո լցվեց տուն։ Աղջիկս զանգեց, ասաց, գետը վարարում ա, դուրս եկեք, ասի՝ էլ չեմ կարող դուրս գալ։ Զանգեց ԱԻՆ, եկան, կեսից վերև արդեն ջրի մեջ էինք, մի կերպ դուրս եկանք»։

Վարարած գետը տարել է այգին ու կենդանիներին, որ պահում էին, կարողացել են փրկել միայն շանը․ «Նապաստականեր, հավեր, թուխս՝ ճուտերով, բներում էին, մենակ շան կապը բաց թողեցինք։ Ահռելի տնտեսություն ունեինք։ Պտղատու ծառեր ունեինք, այստեղ հիմա, ջուրն է գնում, մեր հողամասն էր։ Ես 41 տարի է այստեղ եմ ապրում»։

Արդեն չորրորդ օրն է՝ Նունեն գալիս, կանգնում է ճամփեզրին ու նայում ջրի մեջ օորորվող իր տանը․ «Պատուհանից մտիկ եմ անում, լվացքի մեքենան օդումը դես ա գնում, դեն ա գնում։ Սաղ, ինչ ունենք ,օդումն ա։ Գոնե կարողանայինք հագուստ հանեինք, ոչ մի բան»։

Տավուշի և Լոռուի մարզերը հայտարարվել են աղետի գոտի։ 300 մլն դրամ կհատկացվի այս մարզերի տուժած բնակիչներին։ Դեբեդի վարարումից տուժած բննակավայրերի մի մասում փորձում են նախ՝ ազատվել տիղմից ու ջրից։ Գետի մակարդակը շարունակում է նվազել։ Սանահին կայարանից ընդհանուր տարհանվել է 137 բնակիչ (որից 5-ը` մայիսի 28-ին), 141 բնակիչ շարունակում են մնալ կայարանում։

ՓԾ ստորաբաժանումների և ներգրավված այլ ուժերի միջոցով Լոռու և Տավուշի մարզերի տարբեր բնակավայրերից տարհանվել է 443 մարդ: Ընդհանոր առմամբ, աղետից տուժած բնակավայրերի հետ կապը կտրված է՝ հիմնականում կամուրջների փլուզման պատճառով։ Անհրաժեշտ սննդամթերք, ջուր, առաջին անհրաժեշտության պարագաները կուտակվում են Ալավերդու մարզադպրոցում, ապա բաշխվում այն բնակավայրերին, որոնք այս պահին դեռ շարունակում են կտրված մնալ Ալավերդի քաղաքից։ Առավոտյան արդեն հերթական սննդային փաթեթներն ուղարկվել են բնակավայրեր` ըստ անհրաժեշտության։ Կամավորների անհրաժշետությունը գնալով ավելի ու ավելի է ընդգծվում՝ ասում է ՏԿԵ նախարարը.

«Կամավորների քանակն ավելացրել ենք։ 200 կամավոր կներառենք, որ կարողանանք աշխատանքները ակտիվացնել»։

Իրանի Կարմիր Մահիկի ընկերությունը պատրաստակամություն է հայտնել հումանիտար օգնություն ուղարկել հեղեղումներից տուժածներին։ Ընկերությունը նաև պատրաստ է օգնության խմբեր ուղարկել՝ տուժածներին ծառայություններ մատուցելու համար։

Աղետից տուժել են ճանապարներ, կամուրջներ, երկաթգիծը։ Հարավկովկասյան երկաթուղուց  հայտնում են, որ Լոռու մարզի երկաթուղային գծերը վնասվել են 8 տեղում՝ մինչև 2 կիլոմետր ընդհանուր երկայնքով: Բացի այդ, հեղեղվել են 4 էլեկտրակայաններ և կայանների էլեկտրական կենտրոնացման սարքավորումներ, վնասվել են 3 ինժեներական կառույցներ, ինչպես նաև տարբեր լարման էլեկտրահաղորդման գծեր։ 

Արգելափակված բնակավայրերի հետ կապը վերականգնելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ ՏԿԵ նախարարը կարծում է, որ առաջրկա օրերին Մ6 միջպետական ճանապարհի վթարված հատվածները որոշակիորեն կարգի բերված կլինեն․

«Շատ հատվածներում, որտեղ վնասված են միակողմանի, բայց և երթևեկելի կդառան, ինչը բավականին կհեշտացնի մեր աշխատանքը։ Մեր հիմնական նպատակն է՝ աշխատանքներ անել, որ Մ6 ճանապարհը հիմնականը դառնա երթևեկելի»։

Մայիսի 26-ից 28-ը աղետի գոտում փրկարարական աշխատանքներ են իրականացրել ՆԳՆ փրկարար ծառայության 51 մարտական հաշվարկ, 456 փրկարարական ծառայող։ Աղետի հետևանքով զոհվել է 4 մարդ։ 

Back to top button