ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Մայիս-վայիս. վերջին հարյուրամյակի ամենաթաց ամիսն արդեն պատմություն է

Այս տարի գարնան վերջին ամիսն իր տեղումների ծավալով ու ուժգնությամբ զարմացրել է նույնիսկ օդերևութաբաններին։ Իհարկե, նախապես կանխատեսվել էր, որ մայիսը լինելու է անձրևային ու խոնավ, սակայն ցիկլոնը դրսևորվել է Հայաստանին ոչ այդքան բնորոշ տեղումների ինտենսիվությամբ, կարկտահարությունների մեծ մասշտաբներով, ամպրոպների հաճախականությամբ։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում խոսել է առատ տեղումների պատճառների, հետևանքների և առաջիկա օրերի եղանակային կանխատեսումների մասին։ Ըստ Սուրենյանի` մայիսին դիտված տեղումները մեր օդերևութաբանության պատմության մեջ դիտված ամենատեղումնառատն էին։

Պարոն Սուրենյան, վերջին մեկ ամսում դիտված առատ տեղումները ինչքանով են բնորոշ այս սեզոնին և ինչ անոմալիաներ գրանցվեցին։

«Ընդհանրապես մայիսը համարվում է տարվա ամենատեղումնառատ ամիսը։ Մայիսը աչքի է ընկնում հորդառատ տեղումներով, կարկտահարություններով։ Բայց այս տարվա մայիսը ամբողջ օդերևութաբանական պատմության ընթացքում դիտված ամենատեղումնառատն էր։ Այս պահի դրությամբ ՀՀ տարածում տեղումների քանակը գերազանցել է ամսական նորման 2-3 անգամ»։

Խնդրում եմ անդրադառնաք նաև նման առատ տեղումների բացասական և դրական կողմերին, եթե իհարկե կան այդպիսիք։

«Դրականն այն է, որ այս տարի ջրային ռեսուրսների պակաս չենք ունենա, առատ անձրևներով պայամանավորված բարձրացել է Սևանա լճի մակարդակը և շարունակում է բարձրանալ։ Բացասական առումով կարկտահարության դեպքերն էին շատ, մասշտաբային էին Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի, Արարատի մարզերում՝ ահռելի վնաս հացնելով գյուղատնտեսությանը։ Մյուս բացասական հետևանքը մայիսի 26-ին գետերի վարարումն էր, որը   1959 թվականից այս կողմ 2-րդ էր իր ծավալներով։ Պատճառները Միջերկրական ծովից եկող ցիկլոններն էին, որոնք հագեցած են մեծ խոնավության պաշարով, որոնք էլ առաջացրեցին նման ինտենսիվ տեղումներ»։

Երբ սպասենք ամռանը։ Այն ժամանակին կգա, թե՞ դեռ պատրաստ լինենք անակնկալների։

«Այսօր արդեն կարելի է ասել մենք ունենք ամառային ջերմային ֆոն, օդի ջերմաստիճանը +30 +32 է Երևանում և Արարատյան դաշտում։ Մարզերում էլ բավական բարձրացել է ևև առաջիկա օրերին ջերմաստիճանի նվազում չի կանխատեսվում։ Երեկոյան մի շարք շրջաններում դեռևս կլինեն ամպրոպային բնույթի անձրևներ, բայց ինտենսիվ տեղումներ, որոնք կառաջացնեն ոչ ցանկալի երևույթներ, առաջիկա 5 օրերին չեն դիտվի»։

Back to top button