ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Հնարավո՞ր է, որ ՀՀ վարչապետը նոյեմբերին մեկնի Բաքու․ Փաշինյանը պարզաբանում է հանրային հնչեղություն ունեցող հարցեր

Աժ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է հանրային հնչեղություն ունեցող մի քանի հարցերի։ Առաջիններից մեկը վարչապետը պատասխանել է Սարդարապատում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ տեղի ունեցած միջադեպին առնչվող հարցին։ Նա պարզաբանել է, որ Վեհափառ հայրապետը՝ հրավեր չունենալով մոտեցել է պետական արարողակարգային միջոցառման վայրին, իսկ կազմակերպիչները տեղեկություն չեն ունեցել, որ նա ակնկալում է հրավեր։

Վարչապետի պարզաբանմամբ՝ ոստիկանությունը պարզապես փորձել է ճշտել՝ արդյոք կաթողիկոսը եկել է իր քաղաքական կողմնակիցների և իր կողմից ղեկավարվող շարժման նախաձեռնած խոչընդոտող և սադրող գործողությունները շարունակելո՞ւ, թե՞ այլ նպատակով։ Երբ ստացել են հավաստիացումներ, որ այցը ունի միայն արարողակարգային նպատակ, ապահովվել է Վեհափառ հայրապետի մուտքը Սարդարապատի հուշահամալիրի պետական արարողակարգային միջոցառման տարածք։

Բացի այս հարցից, Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման հավանական օրվան, ինչպես նաև ընդդիմության վարչապետի միասնական թեկնածուի հետ հանդիպման հնարավորությանը։

Հայաստանի վարչապետը անպատասխան թողեց նոյեմբերին Ադրբեջան մեկնելու հավանականության և այնտեղ կայանալիք COP29 միջազգային համաժողովին մասնակցելու մասին հարցը։ Ադրբեջանից կարծիք է հնչում, որ միջազգային այդ համաժողովը «լավ հնարավորություն է խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար»։

Մինչդեռ Հայաստանի վարչապետը հստակեցնում է․ «Հիմա մենք ունենք մթնոլորտի էական փոփոխություն, բայց դա դեռ չի նշանակում, որ հասել ենք վերջնագծին և մնում է ստորագրել։ Գիտեք, ամեն օր էլ հրաշալի հնարավորություն է խաղաղության պայմանագիր ստորագրելու, խնդիրն այն է, որ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ պետք է ձեռք բերվեն համաձայնություններ։ Ես կարծում եմ, որ մենք ունենք հնարավորություն օր առաջ այդ աշխատանքը ավարտելու։ Ինչ վերաբերում է առաջինը՝ երբ աշխատանքը տեսնենք, որ ավարտվել է, ամփոփվել է, և հիմա մենք պետք է անցնենք արդեն ստորագրման, տեղ ժամ և այլն, դա ուրիշ հարց է, որը լրացուցիչ կքննարկենք»։

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ սկզբունքների շուրջ համաձայնությունները ձեռք են բերվել 2022 թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում, դրանից հետո Սոչիում, հետո Բրյուսելում: Առանցքային սկզբունքները համաձայնեցված են, մնում է դա վերարտադրել խաղաղության պայմանագրի տեքստի մեջ: Հայկական կողմը արդեն խոսել է, որ Բաքուն հրաժարվում է պայմանագրի մեջ ներառել Ալմա-Աթայի հռչակագրին հղումը, այն դեպքում, երբ Տավուշում իրականացված սահմանազատման հիմքը հենց այդ փաստաթուղթն էր։ Այստեղ է, որ Փաշինյանը խոսում է նրբությունների մասին, որոնք դեռ բացահայտման ենթակա չեն։

«Իրականում խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ աշխատանքը բազմաշերտ աշխատանք է, և երբեմն դրա վերաբերյալ այն մեկնաբանությունները, որ մենք անում ենք , խաղաղության պայմանագրի տեքստերին և դրանց դինամիկային անծանոթ մարդկանց մոտ միշտ չէ, որ ճշգրիտ տպավորություն է ստեղծում։ Այո, ԱԳ նախարարը և ԱԽ քարտուղարը դրա մասին խոսել են, բայց ես նկատի ունեմ՝ այդ տեքստը իրականության արտահայտման առումով և ընկալման առումով կարող է որոշակի տարբերվել, որովհետև իրականում խաղաղության պայմանագրի համաձայնեցված հատվածներում արդեն իսկ կա հղում Ալմա-Աթայի հռչակագրին։ Այստեղ խոսքը մի քիչ ուրիշ բանի մասին է։ Այստեղ որոշ նրբություններ կան, որ հիմա մենք ուզում ենք ոչ թե գաղտնի պահել, այլ աշխատանքային հարցեր կան, և այդ նրբությունները իրենց հերթին ունեն նրբություններ։ Շատ սիմվոլիկ էր, որ արտգործնախարարների վերջին հանդիպումը տեղի ունեցավ հենց Ալմա-Աթայում»։

Վարչապետը ուշադրություն է հրավիրում, որ վերջերս Ադրբեջանի նախագահի կողմից հնչել են հայտարարություն-հաստատումներ, որ իրենք հավատարիմ են Պրահայի պայմանավորվածություններին և Ալմա-Աթայի հռչակագրին։

Վարչապետը չգիտի, թե հռչակագրի հիմքով Տավուշի հատվածից սկսված սահմանազատման հետագա փուլը սահմանի ո՞ր հատվածում կշարունակվի։ Ասում է՝ «սահմանազատման հանձնաժողովները այդ հարցին կունենան անդրադարձ և հետագա ընթացքի վերաբերյալ որոշում կկայացնեն»։

Կիրանց գյուղում սահմանազատման արդյունքում առաջացած խնդիրները, մասնավորապես, սահմանի եզրին հայտնված նորակառույց դպրոցի հարցը դեռ վերջնական որոշված չէ։ Փաշինյանը տեղյակ է հատկապես աշակերտների ծնողների դժգոհություններին և երեխաներին այդ դպրոց չուղարկելու մտադրություններին։

«Մենք մեր աշակերտների ծնողների հետ կքննարկենք և նրանց ցանկությամբ կհասնենք որոշումների։ Այնտեղ անվտանգության լրացուցիչ միջոցներ են իրականացվելու։ Եթե դա, այնուամենայնիվ, մեր սիրելի ծնողներին բավարար չի թվա, մենք ներողություն խնդրելով, գյուղի ուրիշ հատվածում նոր դպրոց կկառուցենք։ Իսկ այդ դպրոցը կամրացնենք, օրինակ, սահմանապահ ծառայությանը, որովհետև սահմանապահ ծառայությունը նույնպես ունի շենքային պայմանների կարիք»։

Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ տեղյակ չէ Թուրքիայում և Ադրբեջանում հնչող մտահոգություններին, որոնք կապված են «Տավուշը հանուն հայրենիքի» ընդդիմադիր շարժման գործողությունների հետ։ Ինչ վերաբերում է իշխանություն-շարժում հարաբերություններին, ապա Փաշինյանը վստահեցնում է՝ չի խուսափում առերեսվել և հանդիպել ժողովրդի, ինչպես նաև շարժումը գլխավորող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ։ Ընդդիմադիրների կողմից օրեր առաջ վարչապետի այլընտրանքային թեկնածու առաջադրվելուց հետո Գալստանյանը նպատակ էր դրել հանդիպել Փաշինյանի հետ՝ ընդդիմության պահանջները փոխանցելու համար։ Վարչապետ ասում է՝ պատրաստ է լսել․

 «Ինձ հետ հանդիպելու ընթացակարգեր կան, ձևաչափեր կան, և ովքեր ուզում են հերթագրվել ինձ հետ հանդիպելու համար, դա կարող են ազատ անել։ Ես այս նույն ընթացքում առերեսվել և անմիջապես շփվել եմ ժողովրդի հետ Բաղանիսում, Ոսկեպարում, Կիրանցում, Ալավերդիում, Տաշիրում և մնացած բոլոր տեղերում։ Ես անընդհատ շփվում եմ ժողովրդի հետ և ես անընդհատ կշփվեմ ժողովրդի հետ»։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակից հանրությունը, սակայն, նախօրեից այլ հանդիպման ակնկալիք ունի։ Ցանկանում են պարզաբանումներ ստանալ ներքին գործերի նախարարից՝ մայիսի 28-ին դեպի Սարդարապատի հուշահամալիր տանող ճանապարհին Ամենայն Հայոց Կաթողիկոսի ճանապարհը փակելու և նրա այցը արգելափակելու փորձի առնչությամբ։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ղեկավար Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան․

«Որոշակիորեն հարցադրում կա անելու, հասկանալու համար՝ ՆԳ նախարա՞րն է հրաման տվողը, թե՞ իրեն հրաման են տալիս, որ կատարի։ Մեր երկրում անպատասխանատու պաշտոնյա պետք է չլինի։ Բոլորը իրենց գործողությունների և խոսքերի համար պետք է նախ՝ պատասխանատվություն կրեն և պատասխան էլ տան, ոչ թե բացատրություն։ Այս անտերությունը և մարդկանց մեջ անապահովության զգացումը և իրենց լքված լինելու զգացումը, պետական պաշտոնյայի հղպացած լինելը պետք է վերանա»։

Ներքին գործերի նախարարության շենքի մոտ հավաքված ցուցարարներին պաշտոնապես տեղեկացրին, որ նախարարը կհանդիպի սրբազանին, բայց ոչ այս ձևաչափով։ Նախարարության խոսնակը ավելի կոնկրետ չպարզաբանեց։

Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ Սարդարապատի ճանապարհին տեղի ունեցած միջադեպին անդրադարձավ նաև վարչապետ Փաշինյանը։ Պաշտոնական օրակարգի տեսանկյունից պարզաբանումներից բացի, վարչապետը հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունում եկեղեցու դեմ արշավ չկա, չի եղել և չի լինի:

«Եթե եկեղեցու դեմ արշավ տեսնում ենք, ուրեմն դա պետք է տեսնեք ուրիշ տեղ, որը կապ չունի Հայաստանի կառավարության և կառավարող մեծամասնության հետ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Back to top button