ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Միասնականության կոչերով, բայց առանց միասնականության․ իշխանությունը, ընդդիմությունն ու եկեղեցին առանձին են նշել Առաջին հանրապետության օրը

Առաջին Հանրապետության օրը Հայաստանում նշվել է ընդդիմություն–իշխանություն առճակատման պայմաններում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահի, ԱԺ նախագահի և պաշտոնատար այլ անձանց ուղեկցությամբ Սարդարապատի հուշահամալիր է այցելել օրվա երկրորդ կեսին ու հետևել տոնական զորահանդեսին։ Օրվա առաջին կեսին հուշահամալիրում են եղել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցները։ Իշխանության և ընդդիմության ներկայացուցիչները՝ հանրությանն ուղղված իրենց ուղերձներում տարբեր շեշտադրումներ են արել՝ նախորդ դարասկզբի իրադարձությունների և այսօրվա իրականության միջև տարբեր զուգահեռներով։

Համախմբվածության և միասնականության մասին կոչերին հակառակ առաջին հանրապետության օրը Հայաստանում միասնականության մթնոլորտում չնշվեց․ իշխանության և ընդդիմության ճանապարհներն այս անգամ էլ չհատվեցին հայոց պետականության վերականգնման խորհրդանիշի՝ Սարդարապատի հուշահամալիրի մոտ։

Իշխանության և ընդդիմության ներկայացուցիչները՝ հանրությանն ուղղված իրենց ուղերձներում տարբեր շեշտադրումներ են արել՝ զուգահեռներ անցկացնելով նախորդ դարասկզբի իրադարձությունների և այսօրվա իրականության միջև։

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նշում է՝ 1918 թվականի մայիսի 28–ը մեր պատմության ամենապայծառ դրվագներից է՝ աշխարհի քաղաքական քարտեզի վրա իր ուրույն տեղն ունենալու և սեփական ճակատագիրը որոշելու առումով։ Զուգահեռներ է տեսնում 1918–ի, 1991–ի և 2024–ի միջև։

«Հայաստանի առաջին Հանրապետությունը ձևավորվեց պատերազմի բովում՝ զուգահեռաբար փորձելով լուծել ցեղասպանությունից փրկված մեր հարյուր–հազարավոր հայրենակիցների կեցության, պետական կառավարման մարմինների, բանակի և ենթակառուցվածքների ստեղծման խնդիրները։ Այդ ամենը պետք է արվեր առանց դաշնակցի ու բարեկամի։ Առաջին Հանրապետության ստեղծված միջավայրից շատ քիչ էր տարբերվում նաև 1991 թվականը։ Այսօր մեր պետության առաջ կանգնած մարտահրավերները նվազ չեն։ Անկախության ավելի քան երեք տասնամյակի ընթացքում Հայաստանը կարողացավ ամրագրել իր լինելիության իրավունքը, հաճախ՝ ծանր ու անդառնալի կորուստների գնով։ Կարողացավ ձեռք բերել նոր բարեկամներ և չխուսափեց նոր հակառակորդներից։ Նաև այս պատճառով է, որ այս տոնական օրը լավ առիթ է մեր պետականությունը, պատմությունը, անկախությունը վերագնահատելու համար։ Մեկ բան, սակայն, միանշանակ է․ այսօր էլ ապավինելով մեր ուժին, վստահելով ու հավատալով մեր ժողովրդի իմաստությանը՝ կարող ենք հաստատակամորեն շարժվել դեպի համազգային երազանքի պետությունը կառուցելու նպատակակետ»։  

Այստեղ է, որ դեպի երազանքի պետություն ճանապարհին իշխանությունն ու ընդդիմությունը տարբեր կերպ են պատկերացնում ընթացքն ու նպատակը։ Որպես առաջնանպատակ այժմ  իշխանափոխության համար պայքարող «Տավուշը հանուն հայրենիքի» ընդդիմադիր շարժման անդամները դեռ նախորդ օրվանից էին Սարդարապատի հուշահամալիրում։ Շարժման վարչապետի միասնական թեկնածու Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը իր ուղերձում շեշտը դրեց նվիրման և ինքնաճանաչողության վրա՝ ընդգծելով ճակատամարտում  հոգևոր դասի ավանդն ու ներդրումը։  

«Գևորգ 5–րդ հայրապետը անմահ խոսքը արտասանեց, հրահանգ տվեց, որ տարածաշրջանի բոլոր եկեղեցիներում զանգերը ղողանջեն։ Մինչև այս վերջերս ժողովուրդը չգիտեր, թե այս ամբողջ հուշահամալիրի մեջ զանգերը ինչ նշանակություն ունեն։ Մյուս հոգևորականները Գարեգին արքեպիսկոպոս Հովսեփյանի գլխավորությամբ, քահանաներ, վարդապետներ կազմեցին մահապարտների գունդը։ Այդքան նվիրում ու այդքան զոհաբերություն կար, անշուշտ ոչ միայն իրենց մեջ, ամբողջ զորքի մեջ, որոնց մի մասը, եթե չասեմ մեծ մասը պարզ, սովահար, հայրենազրկված ժողովուրդն էր։ Եվ նրանք, ովքեր մեզ ասում են, որ «մեր ուժերը չեն ներում», «մենք չենք կարող», ուղղակի ինքնաճանաչողություն չունեն։ Սարդարապատը մեզ համար մեր ինքնաճանաչողության բարձրակետն է՝ ինչպիսին ենք և ինչպիսին կարող ենք լինել»։  

Պետության կայացման իր մոտեցումները ընդդիմադիրներից հետո Սարդարապատում ներկայացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ունի իր ենթադրությունը, թե ինչու Հայաստանի առաջին Հանրապետությունը գոյատևեց ընդամենը 2 տարի։

«Պատճառներից մեկը թերևս այն էր, որ երբ ասում ենք հայ ժողովրդի երազանք, հաճախ նկատի ենք ունենում իրենց վերնախավ համարող խմբերի երազանքները։ Երբ ասում ենք ժողովրդի իշխանություն, հաճախ նկատի ենք ունենում իրենց վերնախավ համարող խմբերի իշխանությունը և երբեմն, նույնիսկ հաճախ ժողովրդին կառավարվող և թերադրվող զանգվածի դեր է վերապահվում հնազանդ հպատակի դերակատարում։ Բայց հանրապետությունը ժողովրդի մասին է և հանրապետությունը պետք է կերտվի ժողովրդի, անհատի, քաղաքացու և ոչ թե իրեն վերնախավ համարող մեկուսացած խմբերի երազանքներին և պատկերացումներին համահունչ։ Որ չստացվի այնպես, որ ժողովուրդը գտնվի Հայաստանում, բայց երազի մեկ այլ տեղում, մեկ այլ երկրում ապրելու մասին, ինչպես երկար տարիներ պատահել է մեր հանրապետությունների հետ»։

Վարչապետի ուղերձում կա հատված, ըստ որի՝ զգուշավոր, դժվար, բայց ընթանում են հենց այդ ճանապարհով: Շատերի կարծիքով ընթացքը դանդաղ է, բայց իրականում, ըստ Փաշինյանի՝ արագը դանդաղն է, բայց առանց ընդհատումների: Վարչապետի ուղերձը փաստում է, որ ընթացքն առանց ընդհատումների է և հորիզոնում իշխանությունը տեսնում է բաղձալի նպատակը:

Իշխանությունը, ընդդիմությունը և հոգևոր դասը դեպի Սարդարապատ գնացին առանձին։ Տոնական զորահանդեսը ընդունեցին միայն ՀՀ վարչապետը, նախագահը և ԱԺ նախագահը։ Տարածքում միայն կառավարության և խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչներն էին։

Back to top button