ԿարևորՀասարակություն

Հանրապետությունը պիտի կերտվի ժողովրդի և ոչ թե իրեն վերնախավ համարող խմբերի երազանքներին համահունչ. վարչապետի ելույթը Սարդարապատի հուշահամալիրում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահ Վահագն Խաչատուրյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ Հանրապետության տոնի առիթով այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր:

Վարչապետը հուշահամալիրում հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

«Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ, 

Ազգային ժողովի մեծարգո նախագահ,

Օրենսդիր, գործադիր, դատական իշխանության հարգելի ներկայացուցիչներ, 

Պարոնայք գեներալներ և սպաներ, զինծառայողներ, 

Հարգելի ներկաներ, 

Սիրելի ժողովուրդ, 

Շնորհավորում եմ բոլորիս Մայիսի 28-ի՝ Հանրապետության օրվա առիթով: 

Սա մի տոն է, որ խորհրդանշում է մեր ժողովրդի 400-ամյա երազանքի՝ պետականության ստեղծման ի կատար ածումը: Սա մի տոն է, որ խորհրդանշում է հայ ժողովրդի, ժողովրդական զանգվածների սեփական ճակատագիրը որոշելու դե յուրե իրավունքը, սեփական երկրում բարձրագույն իշխանություն լինելու  հանգամանքը, որը մեր հազարամյա պատմության ընթացքում նրան տրվել էր առաջին անգամ: 

1918 թվականի մայիսի 28-ին  մենք առաջին անգամ ունեցանք Հայաստանի Հանրապետություն անունով պետություն: Այդ պետությունը, սակայն, որքան էլ երազած, երկար կյանք չունեցավ, ընդամենը երկու տարի: Եվ դրա պատճառներից մեկը, թերևս այն էր, որ երբ ասում ենք՝ հայ ժողովրդի երազանք, հաճախ նկատի ենք ունենում իրենց վերնախավ համարող խմբերի երազանքները, երբ ասում ենք ժողովրդի իշխանություն, հաճախ նկատի ենք ունենում իրենց վերնախավ համարող խմբերի իշխանությունը: Եվ երբեմն, նույնիսկ հաճախ, ժողովրդին կառավարվող և թելադրվող զանգվածի դեր է վերապահվում, հնազանդ հպատակի դերակատարում:

Բայց Հանրապետությունը ժողովրդի մասին է, Հանրապետությունն այն պետական միավորումն է, որ ստեղծվում է ներքևից, անհատի՝ քաղաքացի դառնալու ճանապարհով, գյուղացու, աշխատավորի, բոլորին հավասար իշխանություն դառնալու ճանապարհով: Եվ Հանրապետությունը պիտի կերտվի ժողովրդի, անհատի, քաղաքացու և ոչ թե իրեն վերնախավ համարող, մեկուսացած խմբերի երազանքներին և պատկերացումներին համահունչ, որ չստացվի այնպես, որ ժողովուրդը գտնվի Հայաստանում, բայց երազի մեկ այլ տեղում, մեկ այլ երկրում ապրելու մասին, ինչպես երկար տարիներ պատահել է մեր հանրապետությունների հետ:

Մեր խնդիրը, ըստ այդմ, մեր Հանրապետությունը, մեր ժողովրդի  երազանքներին համապատասխանեցնելն է, ոչ թե կենացներին, ոչ թե իրեն վերնախավ համարող մեկուսացած խմբերի կողմից թելադրվող շինծու տեքստին, այլ քաղաքացու, իրական մարդու, իրական ժողովրդի կարիքներին, նպատակներին համապատասխանեցնելը:  

Ի՞նչ է ուզում մարդը, ի՞նչ է ուզում քաղաքացին: Մարդն ուզում է ապրել և ոչ տառապել, մարդն ուզում է վայելել կյանքը և ոչ թե ճգնել, մարդն ուզում է սիրել և սիրված լինել, մարդն ուզում է լինել ազատ, բարեկեցիկ, կենսուրախ ու երջանիկ, մարդն ուզում է ապրել խաղաղ, արդար և արժանապատիվ միջավայրում: Եվ այս նպատակին պիտի ծառայի պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը, որը մարդու պետությունն է և պետք է ծառայի մարդուն: Բայց սա մի նպատակ է, որ հեշտ չի տրվում: Այն անցնում է փշերի ու որոգայթների, ծանր ու դժվար որոշումների, հիասթափությունների ու չհասկացվածության միջով: Բայց դա ուղիղ ճանապարհ է, և մենք անցնում ենք այդ ճանապարհը ու մենք հասնելու ենք մեր Ավետյաց Երկրին, մեր Ավետյաց Հանրապետությանը:

Կեցցե՛ Հայաստանի ժողովուրդը, 

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, 

Կեցցե՛ ժողովրդի իշխանությունը: 

Փա՛ռք նահատակներին, որոնք ընկել են ոչ թե հանուն մահվան, այլ հանուն կյանքի: Եվ ազատ, արդար, բարեկեցիկ, խաղաղ ու երջանիկ պիտի ապրի ժողովրդի պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»:  

Հաջորդիվ հնչել է Հայաստանի Հանրապետության պետական օրհներգն ու տեղի ունեցել տոնական քայլերթ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծաղկեպսակ է դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին:

Back to top button