ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Բարեկարգվող Երևանի մեծ փոսերը. ով է փոխհատուցելու վարորդների վնասները

Վատ ասֆալտն ու ճանապարհների փոսերը վարորդների դժգոհության մշտական պատճառ են: Չդադարող բողոքներին զուգահեռ՝  ամեն տարի այս սեզոնին սկսվում են փողոցների ասֆալտապատման ու փոսային նորոգման աշխատանքները: Ու հնչում է ավանդական մյուս դժգոհությունը՝ ասֆալտի վատ որակի մասին:  Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մեկ անգամ չէ, որ անդրադարձել է փոսալցման աշխատանքներին, ճանապարհների վիճակին։ Նա նկատել է, որ  երկար քննարկումներից հետո դարձյալ մայրաքաղաքում փոսալցման աշխատանքները պատշաճ չեն իրականացվում։ Երևանի քաղաքապետի հանձնարարականով այսօրվանից մեկնարկել են փողոցների փոսային նորոգումները:

Շուրջ մեկ տարվա անընդհատ քննարկումներից, դիտողություններից և կարգադրումներից հետո ճանապարհները ոչ միայն բարեկարգ չեն, այլև շարունակում են ուղիղ սպառնալիք մնալ մեքենաներին՝ հարվածելով վարորդների գրպաններին։ Քաղաքապետարանում վարորդների դժգոհություններին ծանոթ են։ Բարեկարգման աշխատանքները դանդաղել են առատ տեղումներով պայմանավորված՝ ասում է Քաղաքաշինության եւ բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանը:

«Ամեն անգամ, երբ անբարենպաստ եղանակ է լինում, մենք որոշ ժամանակով դադարեցնում ենք աշխատանքները, որպեսզի չունենանք անորակ աշխատանք։ Բայց այսօրվանից սկսած վերսկսվել են աշխատանքները վարչական տարբեր շրջաններում։ Կարծում եմ՝ շուտով ընդունելի իրավիճակ կունենանք։ Միջին նորոգման աշխատանքներն իրականացվելու են 12 վարչական շրջաններում։ Դա ենթադրում է ոչ թե առանձին հատվածներով փոսալցման աշխատանքներ, այլ ընդհանուր մեկ փողոցի վերին շերտի ապամոնտաժում, դիտահորերի մակորևույթի ուղղում և նոր ասֆալտապատման աշխատանքներ»։

Քաղաքապետարանում խոստանում են այս շաբաթ ավարտել փոսալցման, բարեկարգման աշխատանքները։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հորդորում է օգտվել բարենպաստ եղանակից և ավարտին հասցնել ասֆալտապատման աշխատանքները։ Այս հորդոր- կարգադրությունն արդեն մեկ տարի տարբեր առիթներով հնչում է։

«Ես արդեն որերորդ շաբաթն է այս փոսերի մասին խոսում եմ։ Դեռ այդ փոսերի մասին մեր քննարկումներն ակտուալ են։  Որքան ասեմ՝ փոսեր, փոսեր, ուզում եմ հասկանալ՝ մինչև որ ամիսն է ձգվելու։ Վարչական շրջանների ղեկավարներ, երկրորդային փողոցների փոսալցման աշխատանքներն էլ ձեր պատասխանատվությունն է, ուզում եմ հիշեցնել դա ձեզ»։

Ով և որտեղ է թերացել, ինչու ունենք այն, ինչ ունենք։ Անձրևներն են մեղավոր, վարորդի անուշադրությունն է պատճառը․ այս փաստարկները տարբեր առիթներով հնչեցնում են ոլորտի պատասխանատունները, բայց մեղքի իրենց բաժինն այդպես էլ չեն ընդունում։  Իսկապես տարին աննախադեպ է ճանապարհների անմխիթար պատկերով,  բայց մեղավորներ մատնանշելն էլ տեղին չէ՝ կարծում է Արմեն Հարությունյանը։

«Մեղավորներ պետք չէ փնտրել։ Երևանցիների համար բարենպաստ պայմաններ ստեղծելը քաղաքապետարանի գործառույթն է, և ես վստահորեն կասեմ, որ մենք ամբողջ թիմով աշխատել ենք, որ մեր քաղաքացիները խնդիրներ չունենան։ Իհարկե, նաև խնդիրներ են եղել։ Վեոլիա ջրի հետ միասին համատեղ աշխատանքի արդյունքում մաքրել ենք ջրատար ուղիները, և ի տարբերություն նախորդ անձրևի՝ այս անձրևի ժամանակ նման խնդիրենր արդեն չունեինք։ Այսինքն՝ կարևոր է դիագնոզել խնդիրը և լուծել այն ։ Կարծում եմ՝ այս օարագայում մեղավորներ փնտրել պետք չէ»։

Մինչ քաղաքապետարանի ներկայացուցիչը ավելորդ է համարում մեղավորներ փնտրելը, սոցիալական ցանցերում վարորդները չեն դադարում տեղադրել ինչ-որ փոսից վնասված և կոտրված  ավտոմեքենաների լուսանկարները։

Վարորդների իրավապաշտպան Արտակ Խաչատրյանն էլ է հավաստիացնում՝  այս տարին աննախադեպ է ոչ միայն փոսերի առատությամբ, այլև դրանց հետևանքով վնասված տրանսպորտային միջոցների թվով։

«Այ, սա այդ  քաղաքական ինտրիգյորների արդյունքն է։ Եթե ժամանակին բարեխիղճ, ճիշտ աշխատած լինեին, վերահսկեին աշխատանքները, նման պատկեր չէինք ունենա։ Վերահսկողությունն էլ է շատ թույլ, որակն էլ։ Այս տարի աննախադեպ մեքենաներ կոտրվելու քանակի հետ հանդերձ, ավելի շատ մեքենա չի կոտրվել պարեկային ծառայողների նախաձեռնության շնորհիվ»։

Խոսքը մեծ փոսերի սահմանագծման մասին է։ Հատկապես երեկոյան ժամերին ոչ մի զգուշացնող նշան կամ ժապավեն չկա, որ առջևում փոս է, որն էլ կարող է վերջին հանգրվանը դառնալ ընթացող մեքենայի համար, և սա այն դեպքում, երբ վարորդները տարեկան հարկեր են վճարում, որոնք պետք է ծառայեն  ճանապարհների բարեկարգմանը։ Փոխարենը ստիպված են լինում հոգալ նաև քանդված և  խորդուբորդ  ճանապարհի պատճառով վնասված մեքենայի ծախսերը։ Ճանապարհի երթևեկելի հատվածի խորը փոսերը նաև վթարային իրավիճակներ են ստեղծում։  Թե ով է պատասխանատու  քանդված ճանապարհի պատճառով տեղի ունեցած վթարի համար, միայն դատական փորձաքննությամբ է պարզվում: Քաղաքապետարանից հետաքրքրվեցինք, թե քանի դատական հայց են ստացել այս խնդրով և դրանցից քանիսն են բավարարվել հօգուտ տուժածի։ Արմեն Հարությունյանն ասաց, որ չունի նման վիճակագրություն,  իսկ վարորդների իրավապաշտպան Արտակ Խաչատրայնը ասաց, որ նման դեպք չի էլ եղել։

Ի դեպ՝ խնդիրները  միայն երթևեկելի հատվածում չեն։ Ոչ պակաս խնդրահարույց են նաև մայթերը, որոնց անհարթությունների պատճառով վնասվածքներ են ստանում նաև հետիոտները։ Մինչ հետիոտներն ու  վարորդները բողոքում են ճանապահների անմխիթար վիճակից և դրա պատճառով առաջացող վնասներից, քաղաքապետարանը հավաստիացնում է՝ ասֆալտապատման այս տարվա աշխատանքներն ավելի ակտիվ և հասցեական են իրականացվելու։ 12 վարչական շրջաններում 55 կմ ճանապարհ է հիմնանորոգվելու։  Հրատապությունից ելնելով՝ աշխատանքներն իրականացվելու են նաև գիշերային ժամերին։

Back to top button