ԿարևորՀասարակություն

Այսօր Առաջին Հանրապետության հիմնադրման 106-ամյակն է

Այսօր Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման և Սարդարապատի հերոսամարտում տարած պատմական հաղթանակի 106-ամյակն է՝ Հանրապետության օրը:

Տոնը նշվում է 1992 թվականից:

1918-ի մայիսի 28-ին Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում, Սարդարապատում տված կենաց-մահու ճակատամարտերում տարած հաղթանակով վերականգնվեց հայ ժողովրդի անկախությունը, որը կորցրած էր շուրջ 9 դար առաջ: 

106 տարի առաջ այս օրը Երևանից ոչ հեռու, ցեղասպանություն վերապրած հայ ժողովուրդը կռիվ տվեց թշնամու դեմ` հանուն հայրենի երկրի վերջին թիզ հողի պահպանության, հանուն ազգի հարատևման: Սարդարապատի ճակատամարտը որոշիչ էր հայ ժողովրդի համար և ճակատագրական՝ Հայաստանի համար: Հայրենիքի պաշտպանության համար ոտքի էր կանգնել ամբողջ ժողովուրդը: Զինվորների հետ միասին կռվի դաշտում էին ամբողջ ընտանիքներ՝ ծերեր, երեխաներ, կանայք: 

Սարդարապատում հաղթելով թուրքական բանակին՝ հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքական ներխուժումն Անդրկովկաս և փրկել Հայաստանը լիակատար ոչնչացումից: 1918թ. մայիսի 28-ին, Թիֆլիսում Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետության փլուզումից հետո, «Հայկական ազգային խորհրդի» կողմից հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը:

Անկախ Հայաստանի առաջին վարչապետն է եղել Հովհաննես Քաջազնունին, վերջինը՝ Սիմոն Վրացյանը: Հայաստանի Հանրապետությունն ընդամենը երկու տարվա կյանք է ունեցել՝ մինչև 1920 թ. դեկտեմբերի 2-ը։ Այդ ժամանակ Երևան են մտել 11-րդ Կարմիր բանակի զորամասերը, և հանրապետությունը խորհրդայնացվել է:

1918թ. մայիսի 22-28-ին թուրք զավթիչների դեմ մղված պատմական հերոսամարտի 50-ամյա տարեդարձի օրը տեղի է ունեցել Սարդարապատի հուշահամալիրի բացումը: Այն կառուցվել է ճիշտ այն վայրում, որտեղ տեղի է ունեցել Սարդարապատի ճակատամարտը: 

1968 թվականի մայիսին տեղի ունեցավ Սարդարապատի հերոսամարտին նվիրված հուշահամալիրի հանդիսավոր բացումը՝ ճակատամարտում տարած հաղթանակի 50-ամյակի կապակցությամբ։ Հուշահամալիրի հեղինակներն են մշակույթի նշանավոր գործիչներ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը, քանդակագործներ Արա Հարությունյանը, Արշամ Շահինյանը և Սամվել Մանասյանը:
Մոնումենտալ-դեկորատիվ քանդակագործության ինքնատիպ օրինակ հանդիսացող այս համալիր կառույցում ազգային զարդանախշային տարրերը համադրված են կուռ, ծավալապլաստիկ լուծումների հետ՝ ստեղծող միասնական կերպար՝ միտված մեկ գաղափարի։
Ճարտարապետա-քանդակագործական այս բարդ համակառույցն իր մեջ ներառում է՝ եռահարկ, դեպի վեր խոյացող, հաղթանակն ազդարարող զանգակատունը (35 մ), երկու կողմերում դրված մեծածավալ թևավոր ցուլերի ֆիգուրները (8 մ), արծիվների արահետը, հաղթանակի պարսպաձև պատը (7 x 54 մ)՝ համադրված երկկողմանի թեմատիկ հարթաքանդակներով, և հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանը:

Back to top button