ԿարևորՀասարակություն

Ավերածություններն էական են հատկապես 5 գոտիներում, 9 բնակավայր կապի խնդիր ունի․ ՏԿԵ նախարար

Հաստատված 4 զոհ, 400 հարյուրից ավելի տարհանված բնակիչ, շուրջ երկու տասնյակ փլուզված կամուրջ, ավերված ճանապարհներ, այդ թվում՝ դեպի Վրաստան տանող Մ6 միջպետական ճանապարհը: Մայիսի 25-ի լույս 26-ի գիշերը տեղացած  հորդառատ

անձրևների և Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով Լոռու ուՏավուշի մարզերում իրավիճակը շարունակում է արտակարգ մնալ։ Հեղեղումների հետևանքով ջրալցվել են տներ, շենք-շինություններ, քանդվել են ճանապարհներ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ՝ Լոռու և Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակի կառավարման օպերատիվ շտաբի հեռավար նիստին ՏԿԵ նախարարը նշել է, որ հինգ գոտիներում ավերվածություններն էական են։ Խոսքը Ալավերդի, Տաշիր, Ալավերդուց դեպի Այրում, Այրումից դեպի Բագրատաշեն և Դիլիջանից դեպի Իջևան հատվածների մասին է: Ամենամեծ վնասները, Գնել Սանոսյանի խոսքով, Ալավերդիից դեպի Բագրատաշեն ուղղությամբ են արձանագրվել: Այստեղ 9 բնակավայր կամուրջների վնասման հետևանքով Ալավերդի քաղաքի հետ կապի խնդիր ունի:

Մ4 միջպետական ճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածն արդեն անցանելի է։ Դրա 10 կետերում «Ճանապարհային դեպարտամնետ» հիմնադրամի մասնագետները վթարային իրավիճակ են արձանագրել՝ «Ռադիոլուրին» ասում  է հիմնադրամի տնօրենը։ Գոռ Ավետիսյանի տեղեկացմամբ՝ երկու հատվածներում ճանապարհը միակողմանի էերթևեկելի։ Մյուս հատվածներում փլուզումները երթևեկելի հատվածներից դուրս են։

«Վատ վիճակ ունենք Մ6 ճանապարհին։ Այս պահին գույաքագրումը շարունակվում է։ Նախնական գնահատականով՝ փլուզված հատվածների տեղերը կարող է մոտ 30 կետը անցնել։ Մ6-ը մեր ամենակարևոր միջպետական ճանապարհներից է, որը տանում է Բագրատաշենի անցակետ, կապվում է Վրաստանի հետ։ Այս պահին գույաքագրումը շարունակվում է։ Փորձում ենք անցանելիություն ապահովել գոնե առաջին անհրաժեշտության ապրանքների համար՝ Ալավերդիից դեպի Նոյեմբերյան ճանապարհահատվածի համար»։

Միայն Մ6 միջպետական ճանապարհը 90 կմ երկարություն ունի։ Ավետիսյանի խոսքով՝ մի քանի օրում գույքագրումը կավարտեն։ Շատ հատվածներում ակնադիտական ուսումնասիրությամբ գնահատելը դժվար է, քանի որ ջրի բարձր մակարդակը խոչընդոտում է աշխատանքներին։ Հեղեումներից վնասված ճանապարհների մի մասը նոր վերանորոգված ճանապարհներ էին։

«Մ6-ը նոր նորոգված ճանապարհ էր, դեռ շահագործման չէր հանձնվել, բայց ցավոք այսպես եղավ։ Մ6-ի վրա մեկ կամուրջ կա, բայց գոյւղեր կապող մի քանի կամուրջ կա, հիմնական խնդիրը Ախթալայի կամուրջն է։ Մեկ շաբաթվա ընթացքում վնասի չափը կգնահատվի, բայց շատ մեծ է»։

Մարզպետարանը նույնպես գույքագրում է վնասված կամ փլուզված համայնքային ճանապարհների խնդիրները։ Կառավարության ներկայացուցիչների գնահատմամբ՝ վնասը ճշգրիտ դեռևս հաշվարկված չէ, բայց արդեն ակնհայտ է, որ այն ահռելի է։

Առանց գազի, լույսի ու այլ ենթակառուցվածքների, փակված ճանապարհներով ու փուլզված կամուրջներով․ Լոռու և Տավուշի մարզերում արդեն երկրորդ օրն արտակարգ իրավիճակ է։ Մայիսի 26-ի գիշերը տեղացած հորդառատ անձրևը և Դեբեդի վարարումը  մեծ ավերածությունների պատճառ է դարձել․ փլուզվել են ճանապարհներ ու կամուրջներ, տներն ու ավտոմեքենաները հայտնվել են ջրի տակ, մեկուսացել են բնակավայրեր։ Լոռիում և Տավուշում հեղեղումների հետևանքով տարհանվել է  429 բնակիչ, որոնցից երկուսը հղի կանայք են։ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանի տեղեկացմամբ՝  շենք-շինություններում ջրահեռացման աշխատանքներ են իրականացվում։

«Սանահին բնակավայրի հետ ճոպանային ճանապարհով կապ ենք ստեղծել, որի միջոցով, եթե անհրաժեշտություն լինի, բնակչությունը կտարհանվի։ Երեկ մարդկանց սնունդ ենք մատակարարել, անհրաժեշտության դեպքում այսօր ևս ճոպանների միջոցով սնունդը կապահովենք»։

Կամո Ցուցուլյանն ընդգծել է՝միջոցներ են ձեռնարկվում որոշ բնակավայրերի մեկուսացումը վերացնելու ուղղությամբ՝  առնվազն շարժական նոր կամուրջ կառուցելու միջոցով։

«Ալավերդի համայնքում ունենք մեկուսացված բնակավայրեր, որոնց հետ կապված փրկարար ծառայության տրանսպորտային միջոցների միջոցով ձեռնարկվում են միջոցառումներ․ նշված բնակավայրերը կապահովվեն անհրաժեշտ ամեն ինչով»,- ասաց նախարարի տեղակալը։

Փլուզված 17 կամուրջ ու մի շարք ճանապարներ․ Լոռու և Տավուշի մարզերում աղետի վնասի չափը մասնագետները դեռ կհաշվարկեն։ Այս պահին հուսադրողն այն է, որ ջրի հոսքը նվազում է՝ արձանագորւմ է ՏԿԵ նախարարը։ Գնել Սանոսյանի խոսքով՝  մի շարք խնդիրներ, որոնք տեսանելի չէին ջրի բարձր մակարդակի պատճառով, արդեն տեսանելի են։  Առաջիկա գերխնդիրը  Ախթալայի ու ևս հինգ բնակավայրի հետ կապը  վերականգնելն է։

«Կա դաշտային ճանապարհ, այժմ  5․5 կմ երկարությամբ հատվածը փորձում են անցողունակ դարձնել, որպեսզի կապը չընդհատվի,  մինչ կհասկանանք կամուրջների խնդիրը»։

Հաղպատից էլ հուսադրող լուր կա․ ճանապարհը քանդվել է, բայց ճանապարհով երթեևեկել հնարավոր՝ասում է  Սանոսյանը։ Իսկ սա նշանակում է, որ Հաղպատ ու Ծաղկաշատ համայնքների հետ կապը չի կտրվի։

Նախարարը նաև աղետի հետևանքները վերացնելու նպատակով ստեղծված օպերատիվ շտաբի ղեկավարն է։ Հայաստանի վարչապետի մասնակցությամբ ընթացած՝ Լոռու եւ Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակի կառավարման օպերատիվ շտաբի հեռավար նիստին նա նաև տեղեկացրել է, որ հեղեղումների հետևանքով մեծ վնասներ է կրել երկաթուղին, և վերականգնումը երկար ժամանակ կպահանջի:

Նիկոլ Փաշինյանը  նշել է, որ ստեղծված իրավիճակում կառավարությունը երեք ուղղությամբ անելիք ունի։ Խոսքը  կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ լուծումների մասին է։

Արդյո՞ք հնարավոր էր կախել կամ նվազեցնել աղետի չափերը, որքանով էին գնահատված ռիսկերը: Մասնագետները առայժմ չեն շտապում պատասխանել այս հարցերին։ Խոստանում են  մասնագիտական գնահատականներ տալ տեղում իրավիճակին ծանոթանալուց հետո միայն։

Back to top button