ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

«Քարկոփ չկա, ամբողջովին ջրի տակ է հայտնվել». Լոռիում աղետ է

Ալավերդու տարածաշրջանի մի շարք գյուղեր և քաղաքներ կտրված են արտաքին աշխարհից:  Ամբողջությամբ կամ մասնակիորեն փլուզվել են տասնյակ կամուրջներ, 6 բնակավայր շրջափակման մեջ է: Հարյուրավոր քաղաքացիներ տարհանվել են:

Ալավերդի խոշորացված համայնքի բազմաթիվ գյուղական ու քաղաքային բնակավայրեր շրջափակման մեջ են: Քարկոփ չկա, ամբողջովին ջրի տակ է անցել՝ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասում է Ալավերդի համայնքի մեջ մտնող Քարկոփ գյուղի վարչական ղեկավար Հերմինե Պետրոսյանը: Գյուղը զրոյից պիտի  կառուցվի: Մարդիկ տուն- տեղ են կորցրել, գույք, հողամաս, փաստաթղթեր, ամեն ինչ: 300-ից ավելի բնակիչ ունենք, բոլորը տարհանվել ենգյուղի մարդկանց  ջանքերով, քանի որ փրկարար ծառայությունը գյուղին մոտենալու հնարավորություն չի ունեցել՝ ասում է վարչական շրջանի ղեկավարը:

«Սկսվեց գիշերը, ամենասարսափելին այն էր, որ լույս չունեինք: Սարսափելի վիճակ է, գյուղը ուղղակի  չկա, ջուրը հետ է քաշվել, հետևանքներն ենք տեսնում, ամբողջը փոս, ոնց որ երկրաշարժ եղած լինի, գետի հունը ամբողջովին քանդվել է, գետը հոսում է անմիջապես տների հետնամասով, լրիվ ճանապարհները քանդված է, ոչ մի բան չունենք: Չեմ կարողացել գնալ խորհրդակցության, որովհետև կամուրջն ամողջովին փլված է: Բոլորը տարհանվել են գիշերով, առանց լույսի, փրկարարական ոչ մի ջոկատ չի կարողացել գյուղ մտնել, ինքս տարհանվել եմ շատ վատ վիճակով, երեխայիս անգամ ջուրը ծածկում էր: Մարդիկ կան, զանգել են, որ ամբողջ փաստաթղթերը ջրի տակ են»:

Այժմ փորձում են այլընտրանքային ճանապարհներ գտնել՝ վերականգնելու կապը Մ6 մայրուղու հետ: Ճոճկանեցի Սամվել Սիրադեղյանը 1969-ի հեղեղն է հիշում՝ հորդառատ անձրևներից առաջացած: Այն ժամանակ, ասում է, ոչ ճանապարհ ավերվեց, ոչ կամուրջ: Հիմա ամբողջությամբ կտրված են արտաքին  աշխարհից. 

«Պաշարված վիճակ է, կտրված ենք աշխարհից, ինտերնետ չկա, միացնում անջատում են:  Ճանապարհ չկա: Երկու ճանապարհ ունեինք: Մեկը Քարկոփով դեպի Նոյեմբերյան, Այրում, մեկն էլ Մեծ Այրումով, Ախթալայով դեպի Ալավերդի, 2 կամուրջներն էլ չկան, ընդհանրապես մոստ չկա, մեծ, փոքր, լրիվ քշել տարել է: 1969 թվին, ես երեխա էի, որ Ալավերդու փողոցները, ներքի հարկի խանութները սելավաջրերը բերել լցրել էր, ոչ թե գետը: Հետևանքները վերացրին, բայց էս կարգի չեմ հիշում, մեծերն էլ չեն պատմել, որ գետն էքնան վարար լինի, որ գա երկաթգիծ սրբի, ճանապարհները քանդի: Ձորի միջին ինչքան բան եղել է, ճանապարհ, խանութ, շինություն, հողեր ունեմ էդտեղ, լրիվ ջրի տակ է մնացել»:    

Արդեն վառելիքի պակաս կա գյուղում, ասում է Սամվել Սիրադեղյանը, տրանսպորտով տեղաշարժվելը խնդիր է: Բոլորը մտքում վնասներն են հաշվում, որը շատ մեծ է։ Հետևանքները վերականգնելու համար շատ ժամանակ կպահանջվի:

Շնողից տարհանում չի եղել, բայց կտրված են արտաքին աշխարհից՝ վարչական  ղեկավար Սամվել Մկրտումյանն է ասում: Գլխավոր ճանապարհն ավերված է, փորձում են այլընտրանք գտնել: Կազմակերպել են նաև բնակիչներին սննդով ապահովման աշխատանքները: Նման աղետ գյուղում չեն հիշում։ 

«Գնահատելու դեպքում շատ մեծ  է վնասի չափը, լրիվ աղետ է Ալավերդում: Թուֆենկյանից, թունելներից մինչև Բագրատաշեն աղետ է : Խայտառակ վիճակ է, գյուղ մտնող գլխավոր ճանապարհը փլված է, ուրիշ անցանելի տեղ ունենք, կողքի գյուղերն էլ Այրում, Ճոճկան մոստ ունենք դեպի երկաթգիծը, Թեղուտի հետ համագործակցելով փորձում ենք, թեկուզ  մարդու համար անցանելի սարքենք»: 

Համեմատաբար կառավարելի է վիճակը 3000-ից ավելի բնակչով Ախթալայում: Բնակարաններ ու տներ չեն հեղեղվել, բնակիչներ չեն տարհանվել, բայց քաղաքը կտրված է Մ6 մայրուղուց: Հոսանքի ու ինտերնետի կապի խափանումներ կան, ջրի խնդիր ունենք՝ Ախթալայի վարչական ղեկավար Սևակ Սարգսյանն է ասում: Գետի ջրի մակարդակը երբ իջնի, ջրի հարցն էլ կկարգավորեն: Այս պահին կարևորը գլխավոր մայրուղուն կապող ճանապարհ ունենալն է: Կամուրջներ են փլուզվել։

«Կամուրջ կա փլուզված, ճանապարհները փլուզված են, Ախթալան կտրվել է Մ6 ճանապարհից : Այլընտրանքային ճանապարհ ունենք, հիմա վերանորոգում ենք, որ գլխավոր ճանապարհի հետ կապ ունենանք: Մարդ չկա, որ մի բանի պակաս ունենա, ալրաղացն աշխատում է, սննդի խնդիր չկա»:

Ընդհատվել է նաև երկաթուղային կապը Վրաստանի հետ: Մայիսի 26-ից չեղարկվել է Երևան-Թբիլիսի-Երևան ուղղություններով միջազգային գնացքների երթևեկությունը: Հեղեղվել են երկաթուղային մի քանի կայաններ, վնասվել է երկաթգիծը։ Թե որքան վնաս է կրել ընկերությունն ու երբ կվերականգնվի երթևեկը, պարզ կլինի գետի ջրի մակարդակի նվազումից հետո, երբ հնարավոր լինի գնահատել ավերածությունների մասշտաբները:

Back to top button