ԿարևորՌեպորտաժներՎերլուծական

Ադրբեջանը կրկին քննադատում է Ֆրանսիային․ Բաքուն Փարիզին մեղադրում է «գաղութատիրական հակումների» մեջ

Բաքուն կրկին քննադատում է Ֆրանսիային՝ Փարիզին մեղադրելով «գաղութատիրական հակումների և իսլամատյացության» մեջ։ Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն, անդրադառնալով վերջին օրերին ֆրանսիական մի շարք պարբերականներում Ադրբեջանին նվիրված հրապարակումներին, որոնցում այդ երկիրը բռնապետություն է որակվում, հայտարարել է՝ Ժողովրդավարության անվան ներքո այդ երկրում ծավալված հակաադրբեջանական արշավը նպատակ ունի քողարկելու Ֆրանսիայի արտաքին քաղաքական ձախողումները։ Միջազգայնագետ Գուրգեն Սիմոնյանը կարծում է, որ Բաքվի ու Փարիզի այս հակասությունը դեռ խորանալու միտում ունի։

Բաքվում վերջնագրի ձևով են խոսել Փարիզի հետ։ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն ԶԼՄ-ներին ասել է․

«Նախքան Ադրբեջանը «դիկտատուրա» անվանելը՝ Ֆրանսիայի համար ավելի օգտակար կլիներ դասեր քաղել իր գաղութատիրական գործունեությունից։ Ֆրանսիական կողմը պետք է իմանա, որ իր արշավն Ադրբեջանի դեմ, արտահայտած անպարկեշտ հայտարարությունները եւ սադրանքներն անպատասխան չեն մնա»։

Նկատենք, որ Ֆրանս-ադրբեջանական հարաբերություններում տևական լարվածության ֆոնին ավելի վաղ պաշտոնական Փարիզը հետ էր կանչել Ադրբեջանում իր դեսպանին՝ խորհրդակցությունների նպատակով։ Դիվանագիտական կտրուկ քայլի պատճառն, ըստ Ֆրանսիայի արտգործնախարարության, «Ադրբեջանի միակողմանի գործողություններն են, որոնք վնաս են հասցրել երկու երկրների միջև հարաբերություններին»։

Իր դեսպանին Բաքու վերադարձնելու մասին Ադրբեջանի արտգործնախարարությունը չի հաղորդում՝ սահմանափակվելով բանավոր հայտարարությամբ՝ պատասխան մեղադրանքների տեսքով։ Մասնավորապես, Բաքուն Փարիզին մեղադրում այն բանում, որ իբր զինում է Հայաստանին, միջազգային հարթակներում Ադրբեջանի դեմ փաստաթղթեր է նախաձեռնում, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնող բանաձևեր է ընդունում։

«Ռադիոլուրի» հետ զրույցում միջազգայնագետ Գուրգեն Սիմոնյանը նկատեց, որ Փարիզ-Բաքու հակասությունները կարող են շարունակել խորանալ այնքան, քանի դեռ Ադրբեջանն իր քաղաքականությունը պատշաճ ճանապարհով չի զարգացնի։

 «Արևմուտքի համար տարածաշրջանի ենթակառուցվածքային վերահսկողությունն անկյունաքարային հարց է և «կարմիր գիծ» է։ Այստեղ միայն Հայաստանի Հանրապետության անվտանգության հարցը չէ, նրանք իրենց սեփական ռազմավարական շահերն ունեն։ Եվ կգա մի ժամանակահատված, երբ որ Բաքուն ուղղակի ստիպված կլինի հաշվի նստել ֆրանիսիայի դիրքորոշման հետ։ Իսկ մենք շատ լավ գիտենք, որ Ֆրանսիան Արևմուտքի կողմից կարգված է իբրև տարաշածրջանի գլխավոր մոդեռատոր-պետություն, այսպես կարող ենք ասել։ Կոպիտ ասած՝ կուրացիան հանձնված է Ֆրանսիային, որովհետեև Եվրոկոմի մեջ Ֆրանիան առաջամարտիկ պետություն է»։

Ակնհայտ է, որ Ֆրանսիան ու Ադրբեջանը տեսակարար կշռով տարբեր քաշային կատեգորիա ունեցող պետություններ են, հետևաբար, ըստ միջազգայնագետի, ֆրանսիան կգնա ամեն քայլի, ինչին Ադրբեջանը, անգամ Թուրքիայի հետ համագործակցությամբ, չի կարող հակոտնյա քաղաքականությամբ պատասխանել։

«Իսկ նման կեցվածքը և նման վարքը Արևմուտքի, միանգամայն, համընթաց է ընթանում Հայաստանի Հանրապետության ռազմավարական շահերին։ Հետևաբար, մենք պետք է օգտվենք այդ խնդրով»։  

Նկատենք, որ Ֆրանսիա-Ադրբեջան հարաբերությունները կտրուկ սրվել են 44-օրյա պատերազմից ի վեր։ Փարիզը պարբերաբար քննադատել է Ալիևի վարչակազմին, միաժամանակ, սակայն, խուսափելով պատժամիջոցներ կիրառելուց՝ թեև նման պահանջ հնչեցվել է ընդհուպ Մակրոնի մերձավոր թիմակիցների կողմից, այդ թվում՝ երկկողմ դիվանագիտական սկանդալների ֆոնին:

Պատասխանելով հարցին, թե որքանո՞վ է իրատեսական ու հավանական Ադրբեջանի նախագահի, կամ՝ հենց Ադրբեջան պետության նկատմամբ պատժամիջոցների կիրառումը, միջազգայնագետն այսպիսի դիտարկում արեց. «Ես կարծում եմ, որ այստեղ Երևանն էլ պետք է անմասն չմնա. նախաձեռնող կողմերից մեկը պետք է լինի Երևանը։ Եվ Երևանը ունի իրավաքաղաքական և բարոյական բոլոր հիմքերը՝ (խմբ. Բաքվին) պատասխանատվության ենթարկելու համար»։

Միջազգայնագետ Գուրգեն Սիմոնյանը շատ իրատեսական է համարում փոխադարձ համագործակցությամբ թե՛ Ադրբեջանի նախագահին պատասխանատվության ենթարկելը՝ որպես ցեղասպանություն գործած առաջնորդի, թե՛ Ադրբեջանական պետությանը։   

Back to top button