ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Իշխանությունից՝ Աստվածաշունչը, ընդդիմությունից՝ Սահմանադրությունը․ մեր օրերի ամենամեջբերվող տեքստերը

Մեկ օր առաջ բացահայտվեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հիմնական ինտրիգներից մեկը։ Շարժումը առաջնորդող Բագրատ սրբազանը համաձայնեց լինել վարչապետի ընդդիմության միասնական թեկնածու։ Իրականում, սա քայլ է, որն առայժմ հիմքեր չունի, քանի որ արտահերթ կամ հերթական ընտրություններ առաջիկայում ծրագրված չեն, իսկ վարչապետի իմպիչմենտի գործընթացը խորհրդարանում դեռ հապաղում է։

Քաղաքական դաշտում այժմ սկսվել է այլ բանավեճ․ պետություն-եկեղեցի սահմանադրությամբ տարանջատման խնդիրն ու երկքաղաքացու՝ վարչապետի պաշտոնում առաջադրվելու անթույլատրելիությունը։

Ուղիղ մեկ օր առաջ պաշտոնապես քաղաքական հայտ ներկայացրած Տավուշի թեմի արդեն նախկին առաջնորդ, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը այս պահին չգիտի, թե իր համար նոր դաշտում ինչպես իրեն պետք է դիմեն քաղաքացիներն ու լրագրողները։ Այժմ նա արդեն «Տավուշը հանուն հայրենիքի» ընդդիմադիր շարժման վարչապետի միասնական թեկնածուն է։ «Պարո՞ն», թե՞ «սրբազան» դիմելաձևերից նախընտրած տարբերակ չունի․

«Լավ էլի, հիմա էդ մանր-մունր բաների մասին խոսե՞նք։ Ինչ ասես՝ դիմել են, ինչ ուզես՝ ասել են, մեկն էլ դու ասա։ Ի՞նչ իմանամ»։

Մայր Աթոռը որոշել է՝ Գալստանյանի եպիսկոպոսական կարգը պահպանվում է, իսկ եկեղեցական և վարչական ծառայությունը, իր իսկ խնդրանքով, դադարեցված է։ Այժմ ընդդիմադիրների նախաձեռնությամբ Գալստանյանը նոր պաշտոն է ստանձնել․

 «Սրբազան վարչապետ, սրբազան վարչապետ»։

Բագրատ Գալստանյան․ «Ես իմ 30 տարվա արքեպիսկոպոս լինելը բերել դրել եմ այս փողոցի վրա, հրապարակում, մի կողմից կասկած ունեն, որ ես ռուսական գործակալ եմ, մյուս կողմից կասկած ունեն, որ ես արևմտյան գործակալ եմ, քանի որ ընտանիքս Իրանից է, թուրքերն են գրում դրա մասին ի միջիալյոց, իրանցիների ծրագիրն եմ։ Ինչ իմանամ, իրենք էլ են խառնվել իրար»։

Թեև իշխանությունը պնդում է, որ նորմալ է համարում պետության համար ընդդիմադիր տարբեր շարժումները, իշխանության տարբեր ներկայացուցիչների արձագանքներից պարզ է, որ չեն ողջունում հոգևորականի մուտքը քաղաքականություն։ Վերջին օրերին ՀՀ Սահմանադրությունը և Աստվածաշունչը երկու կողմից էլ ամենամեջբերված գրքերը կարելի է համարել։ Բայց Աստվածաշունչը մեջբերում է իշխանությունը, իսկ հոգևորականը խոսում է Սահմանադրության մասին։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նույնպես դիմում է Աստվածաշնչի օգնությանը․ «Դա աբսուրդ է։ Ինձ համար ահավոր անընդունելի է, որ եկեղեցականը և եկեղեցին զբաղվում են քաղաքականությամբ, որովհետև չպետք է եկեղեցին զբաղվի քաղաքականությամբ։ Անտարբեր նայելը և քաղաքական գործունեությամբ զբաղվելը դրանք տարբեր բաներ են։ Աստվածաշնչի մեջ էլ է ասված՝ «Իմ հոր տունը մի սարքեք առևտրի տեղ»։ Այո, քաղաքականությունը առևտուր է։ Ձեզ թվում է՝ երբ մենք մեր միջազգային գործընկերների հետ բանակցում ենք, մենք քաղաքական առևտրով չենք զբաղվո՞ւմ։ Առևտուր է, երբ դու կոալիցիա ես ստեղծում, երբ դու ցուցակ ես կազմում և եկեղեցին իր գործը թողած զբաղվում է առևտրով։ Դա իմ համար անընդունելի է։ Անընդունելի է եկեղեցում պատարագները քաղաքական միտինգների վերածելը։ Դա հենց Աստվածաշնչով է անընդունելի։ Ասում է՝ «Կեսարինը՝ Կեսարին, Աստծունը՝ Աստծուն»։ Հիմա, որ մենք մտնեինք եկեղեցու դաշտ, կասեին՝ ինչո՞ւ են մտնում։ Կոնկրետ դարձել են քաղաքական գործոն»։

Իշխանությունը վստահ է, որ այս հարցը խորհրդարան, ամեն դեպքում չի հասնի։ Պնդում են, որ «փողոցի ճնշման» պայմաններում անգամ չեն պատրաստվում «քանդել» Սահմանադրությունը։ Սա ասելով շեշտում են՝ Բագրատ Գալստանյանը երկքաղաքացի է, ունի Հայաստանի և Կանադայի քաղաքացիություն, հետևաբար՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու իրավունք չունի։

Այս հարցը պարզաբանում է անձամբ Գալստանյանը՝ հենվելով հենց Սահմանադրության դրույթներին․ «Հիմա իրավաբանները կխոսեն, կանեն։ Այս իշխանությունը տասնյակ կետերով Սահմանադրությունը տրորել է ուղղակի։ Վերջին կետը հենց այս սահմանազատման միակողմանի զիջումներն էին, բացարձակ օրենքի հետ կապ չունեցող։ Երկրի ամբողջ կառուցվածքն են փոխում, ոչ մի օրենք, ոչ մի բան չի գործում։ Այդուհանդերձ, մենք իրավական ճանապարհով պետք է հասնենք տեղ»։

Ոչ թե Սահմանադրության մեկնաբանությունները, այլ հստակ ասելիքը այս հարցով ներկայացնում է սահմանադրագետ Վարդան Պողոսյանը․ «Սահմանադրության 148-րդ հոդվածը սահմանում է, որ վարչապետի թեկնածու կարող է դառնալ միայն ՀՀ այն քաղաքացին, որը վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի է եղել։ Այսինքն՝ երկքաղաքացի լինելու պարագայում վարչապետի թեկնածության առաջադրումը թույլատրելի չէ»։

Իշխանության մեկ այլ հիմնավորումներից մեկն էլ այն է, որ պետության և եկեղեցու տարանջատման սկզբունքը սահմանադրորեն ամրագրված է և դա պետք է հարգվի։ Մինչդեռ քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը իրավիճակը դիտարկում է ոչ թե վնասի, այլ հենց պետության համար օգտակարության տեսանկյունից․

«Ես այս գործընթացին նայում եմ տարբեր պրոպագանդիստական պատերազմների ծիրից դուրս։ Հայաստանը գտնվում է չափազանց բարդ արտաքին քաղաքական և անվտանգային միջավայրում։ Մենք տեսնում ենք, որ աշխարհաքաղաքական կենտրոնների միջև, այդ թվում նաև Կովկասի համար, պայքարը ստանում է ավելի ու ավելի կոշտ ընթացք, և այստեղ Հայաստանի համար չափազանց կարևոր են դառնում մանևրի հնարավորությունները, հաշվի առնելով այն սուղ ռեսուրսները, որ Հայաստանն ունի այսօր։

Այս գործընթացը, ըստ իս, Հայաստանին տալիս է այդ հնարավորությունը։ Բնականաբար, այլ հնարավորություններ ևս կարող ենք նշմարել այսպիսի պրոցեսներում։ Այստեղ արդեն հարցն այն է, թե դրանք օգտագործելու համար ինչպիսի կարողություններ կունենան տվյալ դեպքում շարժումն առաջնորդող մարդիկ և իշխանությունը, որը կարծում եմ բոլորից լավ է պատկերացնում այն բարդ իրավիճակը, որում Հայաստանն է»։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժում,ը որպես առաջնային նպատակ այժմ հռչակել է հանրային ճնշման միջոցով իշխանափոխության հասնելու ծրագիրը։ Հենց այդ ծրագրով էլ Բագրատ Գալստանյանը ընտրվել է որպես վարչապետի ընդդիմության միասնական թեկնածու։ Գործող վարչապետի դեմ իմպիչմենտի գործընթացը, սակայն, Աժ-ում հապաղում է, ասում են՝ դեռ քննարկելու, ծրագրելու և քայլեր ձեռնարկելու ժամանակ է պետք։ Իրականում՝ գործընթացը սկսելու և շարունակելու համար ընդդիմադիրներին չի բավարարում սահմանադրությամբ նախատեսված ձայների քանակը։

Back to top button