ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Հայոց ցեղասպանությունը չավարտված խոսք էր, որը շարունակություն ունեցավ Արցախում․ ցեղասպանագետ

Աշխարհն այսօր ականատես է լինում բազմաթիվ կոտորածների, ավերածությունների, ցեղասպանությունների, որոնք հետևանք են Հայոց ցեղասպանությունը ինչպես հարկն է չդատապարտելու ու չճանաչելու, համոզված է Գերմանիայի Վուփերթալի  համալսարանի դոկտորանտ, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի ասպիրանտ Մանուշակ Մարկոսյանը։

Նա Արցախում կատարվածը ցեղասպանություն է համարում և հստակեցնում է՝ խաղաղություն հնարավոր չէ տարծաշրջանում, քանի դեռ Թուրքիան չի ընդունել կատարած ոճրագործությունը։

«Հայոց ցեղասպանությունը Թուրքիայի համար չավարտված խոսք է, չավարտված իրողություն, որը այդ պետությունը ավարտել է ուզում։ Եվ այն, ինչ տեղի ունեցավ Արցախում 2023 թվականին, ցեղասպանություն էր»,- համոզված է ցեղասպանագետ Մանուշակ Մարկոսյանը։ Նա ուսումնասիրում է Հայկական հարցը և Հայոց ցեղասպանությունը ականատես Արմին Վեգների գործերում, և շատ մեջբերումներ նրա խոսքում հենց Վեգներից են։

«Ի՞նչ տեղի ունեցավ Արցախում։ Արցախում տեղի ունեցավ ցեղասպանություն. հայ մարդուն տեղահանեցին իր բնօրրանից, իսկ մինչև տեղահանելը 9 ամիս սովամահության մեջ պահեցին, դա հենց նույն անապատ արտաքսում էր։ Թալեաթ փաշայի հայտնի խոսքը կա չէ՞ ․ ցեղասպանության նպատակը ոչնչացնելն է։ Այսօր մենք խոսում ենք ճանաչումից, հատուցումից, բայց Թուրքիան շարունակում է ցեղասպանական գործողությունները Ադրբեջանի ձեռամբ և Ադրբեջանի հետ միասին»։

Բացի ֆիզիկականից, գոյություն ունի նաև մշակութային, հոգեկան, բարոյական ցեղասպայություն՝ ասում է Մանուշակ Մարկոսյանը։ Վուփերթալի համալսարանի դոկտորանտը Գերմանիայում ցեղասպանագետների հետ քննակումների ժամանակ հաճախ է իր դիրքորոշումը հայտնում Հայոց ցեղասպանության և հայ ժողովրդին ուժգին, թիրախային  հարվածներ հասցնելու մասին․

«Եթե ուզում եք հայ ժողովրդին ոչնչացնել, ոչնչացրեք նրա եկեղեցիները, խաչքարերը, նրա գերեզմանները, և երկար ժամանակ հայ ժողովուրդը ուշքի չի գա դրանից։ Սա շարունակական ցեղասպանություն է, իսկ սա նշանակում է, որ Թուրքիան ու Ադրբեջանը ցեղասպան պետություններ են, որ սկսել են Հայոց ցեղասպանությունը Սուլթան Համիդից սկսած ու մեր օրերում հասցնում են իրեց ցանկացած ավարտին։ Ցեղասպանությունը աբստրակտ բառ չէ, ցեղասպանությունը միջազգայնորեն սահմանված իրավական հասկացություն է, իսկ այն, ինչ տեղի է ունեցել հայ ժողովրդի հետ, ցեղասպանություն էր և սպասում է այսօր հատուցման»։

Հայկական հարցի մաս է կազմում Արցախի ողբերգական անկումը, և այս խնդրի բարձրացումը տեղավորվում է պահանջատիրության շրջանակներում` ասում է ցեղասպանագետ Մանուշակ Մարկոսյանը։ Այսօր ընթացող հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շրջանակներում շեշտադրվում է խաղաղության համաձայնագրի կարևորությունը։ Այդ առումով ցեղասպանագետը խիստ տարակուսած է․

«Խաղաղության գնացողներին ես Արմին Վեգների այս խոսքը կասեմ՝ աշխարհում խաղաղություն չի կարող լինել, Մերձավոր Արևելքում և ամբողջ աշխարհում խաղաղություն հնարավոր է միայն հայ ժողովրդի երկրային ու երկնային, հողեղեն, իրավունքը պաշտպանելով, իսկ հայ ժողովուրդը իր երկրի վրա պետք է ապրի ոչ թե ինչպես նշում են՝ 29 հազար ինչքան քկմ վրա, ոչ, այլ այն հողի վրա, որից զրկել էին, ինչի մասին վկայում է Վեգները։ 

Քանի դեռ հայ ժողովուրդը իր հայրենի հողի վրա չի գտել ապրելու իր իրավունքը, աշխարհում չի կարող խաղաղություն լինել։ Տարածաշրջանում չի կարող խաղաղություն լինել, եթե հայ ժողովուրդը չունի իր իսկ՝ հայ ժողովրդի, հայոց պետականության անվտանգությունը։ Դա հնարավոր է, եթե երկու ցեղասպան պետությունները դատապարտվեն, և հայ ժողովրդին միջազգայնորեն տրվի ապահովություն»։

Հայ ժողովրդի խաղաղությունը պայմանավորված է միայն անվտանգության ապահովությամբ, ինչն այսօր չկա, ավելին , այն վտանգված է քանի որ հայերի ցեղցասպանության թեման չի ավարտվել ցեղասպան պետությունների կողմից, պնդում է այս օրերին Հայաստանում գտնվող ցեղասպանագետը։

Back to top button