Շարուկ ակներ

«Մենք ենք մեր սարերը» համույթը պատրաստվում է համերգային շրջագայության․ «Շարուկ ակներ»

Հիշվող առաջին նվերը հինգ տարեկանում ստացած ակորդեոնն էր, որ նվիրել էր հայրիկի ընկերը։ Վեց տարեկանում արդեն «Արդյոք ովքե՞ր են» երգով առաջնաելույթից հետո բեմը որդեգրեց նրան։ Եվ նա հասկացավ, որ երգը կյանքի անբաժան մասն է, բեմը` հանգրվան։

Վիտալի Ղազարյանն Արցախի Հանրապետության վաստակավոր արտիստ է, «Մենք ենք մեր սարերը» երգի, պարի համույթի գեղարվեստական ղեկավարը։ Երգում է ուղիղ 36 տարի։ Երբեք չի հոգնել։ Նրա կեսն էլ երգչուհի է` Քրիստինե Բաբայանը, գործին նվիրյալ արվեստագետ։ Երեխաները նույնպես ժառանգել են երաժշտական գեները։ Առաջնեկը` Վիտալինա Ղազարյանը, սովորում է Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական քոլեջում և աշխատում է «Մենք ենք մեր սարերը» երգի, պարի համույթում։ Կյանքի գիտության դասերին զուգահեռ Վիտալինան ընտանիքում է ստացել նաև երաժշտական առաջին կրթության ու դաստիարակության դասերը։

Մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը ամեն ինչ լավ էր, երջանիկ ապրում էին աշխարհի ամենադրախտային վայրում, որ Աստված նրանց շնորհել էր որպես բնօրրան ու կեցավայր։ 2023-ից հետո հայրենիքն այլևս հիշվում է նրանց երգերում, հուշերում, կարոտներում, երազանքներում ու ծրագրերում․․․ Բայց լուսավոր մի հույս շողում է նրանց երազներում՝ հայրենիքը սպասում է, և վերադարձի հնարավորությունը երբեք չի բացառվում։

Back to top button