ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Դիմակայուն և ուժեղ Սյունիք․ ԵՄ հանձնառությունը

5 տարվա կտրվածքով «Դիմակայուն Սյունիք․ թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակում Սյունիքին հատկացվել էր 125 մլն եվրո, որից 49 մլն –ը՝ դրամաշնորհային, իսկ 76 մլն եվրոն՝ վարկային միջոցներ։ Եվրոպական Միության ներկայացուցիչները չեն բացառում, որ հետագայում այդ միջոցները կարող են ընդլայնվել։ Նախաձեռնության ծրագրերն ամփոփվել են Գորիսում՝ «Եվրոպայի օրվա» միջոցառման շրջանակում կազմակերպված աշխատաժողովում։

«Եվրոպան մենք ենք» կարգախոսով այս տարի էլ Եվրոպայի օրվա միջոցառումների շրջանակում Սյունիքում էին Եվրոպական Միության պատվիրակության ղեկավարը, ԵՄ երկրների դեսպաններ։ Սյունիքն առանձնանում է նրանով, որ մարզում իրականացվում է «Դիմակայուն Սյունիք» նախաձեռնությունը։ Այն նպատակ ունի համակարգված ու միասնական աշխատանքի միջոցով նպաստելու Սյունիքի մարզի կայուն սոցիալ–տնտեսական կյանքի և ենթակառուցվածքների զարգացմանը։

Այս ձեռնարկի 5 տարվա բյուջեն 125 մլն եվրո է, որից 49 մլն –ը՝ դրամաշնորհային, իսկ 76 մլն եվրոն՝ վարկային միջոցներ։ Չի բացառվում, որ ապագայում միջոցները կարող են ընդլայնվել։ «Եվրոպայի օրը Սյունիքում տոնելը պարզապես միջոցառում չէ․ այն մեկ անգամ ևս փաստում է մեր համատեղ հանձնառությունը՝ միավորվելու և տեսնելու ի՞նչ եք արել ու ի՞նչ ենք անելու հետագայում», ասում է Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը․

«Նշեմ, որ այս աշխատաժողովի նպատակն է միավորել մասնակիցների ուժերը տարածաշրջանի զարգացման վրա մեծ ազդեցություն ունենալու համար, բայց այդ ազդեցությունն իրոք ուժեղ կլինի միայն ձեր՝ հայկական կողմի ձեռնարկների ու աշխատանքի շնորհիվ, դուք եք «Դիմակայուն Սյունիք․ Թիմ Եվրոպան»՝ այս ծրագրի հայ մասնակիցներդ։ Բոլորիս միասին աշխատելը հանուն Սյունիքի, նաև այլ մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման այն կենսական ու գլխավոր տարրն է, որ մենք ներդնում ենք հանուն Հայաստանի ինքնիշխանություն, տարածքային ինտեգրացիայի, դիմակայունության, բարեկեցության ու անկախության»։

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը կարևորելով «Դիմակայուն Սյունի․ք Թիմ Եվրոպա» նախաձեռնությունը՝ ընդգծեց որ այն բավականին լուրջ աշխատանք է կատարել՝ անցնելով երկար ճանապարհ։

«Մենք բավականին ծանր փուլ ենք հաղթահարում, որի ողջ ընթացքում ստացել ենք ձեր աջակցությունը մեր բոլոր նախաձեռնություններում։ Այն, որ այս գործընթացը հանուն Սյունիքի բնակչության է, հանուն Սյունիքի ուժեղացման, դիմադրողականության բարձրացման ու հանուն ժողովրդավարության, աներկբա է։ Ու մենք դա անում ենք միասին, ձեռք ձեռքի տված։ Վստահ եմ, որ մի քանի տարի անց խոսելու ենք այն ուժեղ Սյունիքի մասին, որն այսօր ծրագրում ենք, որ ունենալու ենք»։

Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչ Տաթևիկ Դավթյանը ամփոփեց նախաձեռնության աշխատանքը՝ ներկայացնելով, թե անցած տարի ինչ ուղղություններով են աշխատանքներ իրականացվել Սյունիքում, անդրադառնալով նաև նոր ծրագրերին։ Ի դեպ, աշխատաժողովը հրավիրվել էր «Իմ փաքթ Հաբի» Գորիսի կենտրոնում, որը նույնպես հիմնադրվել է «Դիմակայուն Սյունիք․ թիմ Եվրոպա» ծրագրի ֆինանսավորմամբ։ Լսենք կենտրոնի ղեկավար Գևորգ Պողոսյանին․

«Երկու տարիների ընթացքում իրականացվել են մոտ 7 ծրագրեր, որոնցով առավել քան 50 անձինք Սյունիքի տարբեր բնակավայրերից եկել են ու զարգացրել իրենց գաղափարները»։

Սյունիքի մարզպետի խորհրդական Նվարդ Հարությունյանը ներկայացրեց Սյունիքի սոցիալ-տնտեսական զարգացման կարիքները, այն ոլորտները, որոնցում կան խնդիրներ։ Մարզային իշխանությունը ներկայացրեց իր առաջարկները՝ դրանց լուծման համար, որոնք մասնավորապես զբոսաշրջության, գյուղատնտեսության, այլ ենթակառուցվածքների զարգացմանն էին վերաբերում։ Դրանք կարող են ուղենիշ լինել ԵՄ վերոնշյալ ծրագրով հատկացվող դրամաշնորհների թիրախների ընտրության համար։

Back to top button