ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Խոր Վիրապ համալիրից 5 րոպե անց․ «ջուր-ցամաք» խճանկար, որի արհեստական կղզիներում կարելի է աներևակայելի թռչուններ տեսնել

Արարատի մարզում Խոր Վիրապ վանական համալիրից ոչ հեռու համանուն արգելավայրն է։ Տարիներ շարունակ էկոհամակարգը ուխտատեղի այցելողների համար աննկատ է մնացել ոչ այնքան կենսունակ լինելու պատճառով։ Միջազգային կարևորության խոնավ տարածքների ցանկում ներառված տեղանքը 2019թ.-ից սկսել է վերականգնվել։ Տեղում ջրային թռչունների հանդիպելն այլևս բացառիկ երևույթ չէ։

«Տեսե՜ք վարդագույն հավալուսն, Հայաստանում չի բնադրում, անցնում է չուի ժամանակ»։

Ստորին կտուցին ձկնորսական ցանցի նման պարկով չվահյուրի հետ հանդիպումը Խոր Վիրապ վանական համալիրից ոչ հեռու է։

Վանքից 5 րոպե քայլքի հեռավորությամբ՝ բարձունքի ներքևում, «Խոր Վիրապ» պետական արգելավայրն է։ Ջրաճահճային տեղանքը Ռամսարի միջազգային կոնվենցիայի ցանկում ներառված հայաստանյան 3 խոնավ տարածքներից մեկն է՝ Սևան և Արփի լճերից հետո։

Հայաստանում թևերի ամենամեծ՝ 3.3 մետր բացվածքով փետրավորին մատնացույց է անում թռչնագետ Կարեն Աղաբաբյանը։ Նրա գլխավորած «BirdLinks Հայաստան» հասարակական կազմակերպությունը, շրջակա միջավայրի նախարարությունը և «Կովկասի բնության հիմնադրամը» 2019թ.-ից  տեղանքին «նոր շնչառություն» են հաղորդում։

«Փաստը, որ մենք իրեն այստեղ տեսանք, ժամանակին այս տարածքների վերականգնումը սկսելու արդյունքն է։ Իրենք կգան, կնստեն, կսնվեն ու կշարունակեն ճանապարհը դեպի հյուսիս»։

2007թ.-ին արգելավայր համարվող կարևոր ճահճուտը երկար տարիներ դեգրադացված վիճակում էր։ Բնական կենսամիջավայրի քայքայման հետևանքով հարևան գյուղերում խոզանի այրումից բոցերը բռնկում էին նաև արգելավայրի եղեգնուտները՝ դրանք վերածելով մոխրի։ Պարբերաբար կրկնվող երևույթը տեղանքը զրկել էր բուսական և կենդանական բազմազանությունից։

5 տարի առաջ մեկնարկած աշխատանքները, սակայն, փոխեցին իրավիճակը։ Այսօրվա պատկերի և հին լուսանկարների միջև տարբերությունն ակնհայտ է։ Արգելավայրի 50 հեկտար տարածքը կանաչ է։ Դրանում արհեստականորեն ստեղծված «ջուր-ցամաք» խճանկարը Խոր Վիրապ համալիրի կողմից արգելավայրի սկզբնամասում է։ Խճանկարում ջրերով առանձնացված հարթավայրեր են, դրանց կենտրոնում՝  կղզիներ։ «Ջրե պարիսպները» սնուցվում են արգելավայրի եզրով հոսող ջրագծից, որը սկիզբ է առնում հարևան համայնքները ոռոգող մեծ ջրանցքից։

«Վերականգնման գաղափարի համար կար 3 գլոբալ պատճառ։ 1-ինը՝ տարածքը Ռամսարի կոնվենցիայով պահպանվող խոնավ տարածք է։  2-րդը՝ Հայաստանը թռչունների միգրացիայի 3 գլոբալ ուղիների խաչմերուկի վրա է, և դա նշանակում է, որ մեր տարածքով անցնում է տարեկան 1.5 մլն ջրային թռչուն, որոնք պետք է ինչ որ տեղ կանգնեն, հանգստանան, սնվեն, հետո շարունակեն ճանապարհը և մեր նպատակն էր ստեղծել նման վայր։

3-րդ պատճառը՝ անընդհատ տեղի են ունենում եղեգնուտի այրումներ, և այդ այրումները տարածվում էին նաև այս տարածքի վրա։ Միակ ելքը՝ տարածքը վերականգնել որպես ջրաճահճային միջավայր, որ եթե մարդիկ իրենց մոտ ինչ որ բան այրեն, քամու միջոցով կրակը չտարածվի այստեղ և չոչնչացնի միջավայրը»,-մանրամասնում է«BirdLinks Հայաստան»-ի նախագահը։

Կյանք 2.0. կիսաշունչ տեղանքից՝ ջրային երակներով ճահիճ

«Խոր Վիրապ» արգելավայրի առ այսօր կատարված վերականգնման աշխատանքները ֆինանսավորել է «Կովկասի բնության հիմնադրամը»։ Ընդհանուր բյուջեն կազմել է 13.7 մլն դրամ։ Հիմնադրամի գործադիր տնօրեն Էլիզաբեթ Մեսուդը կարևորում է նախագծի փուլերից յուրաքանչյուրը։

«Աշխատանքները սկսել ենք 5 տարի առաջ՝ 3 փուլով։ Ամենասկզբում ստեղծել ենք ամենից փոքր կղզին։ 2021թ.-ին բացել ենք ևս 2 նոր կղզի, դե իսկ այս տարվա մարտից բացել ենք վերականգնված հատվածի ամենամեծ մասը՝ 0.9 հեկտար տարածք։ Ինչպես նկատում եք, այս կղզիների ստեղծմամբ մարդիկ հնարավորություն ունեն դիտել տարբեր տեսակի թռչունների՝ թե՛ ջրերում  լողալիս,  թե՛ դրանց կողքին աճող ծառերը»։

Արգելավայրի հարակից բարձունքից իսկապես կարելի է թռչունների շքերթի ականատես դառնալ։ Օդում հավալուսնի երամն է, ջրում՝ լողացող բադերը։

«BirdLinks Հայաստան»-ի նախագահի խոսքով՝ վերականգնման աշխատանքներից ի վեր արգելավայրի կենսաբազմազանության փոփոխությունն ակնհայտ է։

«2019թ.-ից սկսեցինք մոնիթորինգը։ Եվ՛ բնադրող, և՛ չվող թռչունների  տեսակային կազմն ավելացել է մոտ 2.5 անգամ, նաև քանակական կազմը նույնպես։ Նրբակտուց եղեգնաթռչնակն, օրինակ, Հայաստանում հայտնի էր միայն մեկ վայրում՝ Արմաշի ջրաճահճային հատվածներում։ Իսկ այժմ դրա խտությունն այստեղ ամենաբարձրն է։

Այս ամենն ապացուցում է՝ ճիշտ ուղու վրա ենք։ Բայց տեսանք նաև մեր աշխատանքը շտկելու տեղ։ Այստեղ քիչ են կտցարները, դրանց համար պետք են լողափի նման հարթ հատվածներ, որը մենք հաջորդ փուլերի դիզայնի մեջ անպայման կներառենք։ Կտցարը համարվում է ջրային թռչուն, բայց, լողալ չգիտի։ Ունի երկար ոտքեր, երկար բարակ կտուց, դրա շնորհիվ կարողանում է մտնել ցանցաղ ջրերի մեջ և հայթհայթել իր կերը»։

Բնության «սպունգն» ու «ֆիլտրը» ջրաճահիճն է

Սովորաբար մարդիկ ջրաճահիճները լավագույն դեպքում՝ հողագործությանն անպիտան տարածք, վատագույն դեպքում էլ մոծակների բազմացման վայր են համարում։

Իրականում, սակայն, դրանց առավելությունները թերություններից շատ են՝ հակադարձում Կարեն Աղաբաբյանը։

«Միայն Հայաստանում չէ, ամբողջ աշխարհում է այդպես։ Ջրաճահճային տարածքները կենսաբազմազանության ծավալով անտառներից հետո 2-րդ տեղում են» ։

Ջրաճահիճն ունակ է անտառներից ավելի արագ և շատ քանակությամբ ածխաթթու գազ կլանել։

Գյուղատնտեսական պարարտանյութերով և թունաքիմիկատներով ծանրացած ջրերը, մինչև գետեր հասնելը, նման վայրերում բնական ֆիլտրացիա են անցնում։

Ջրաճահիճը նաև «բնական սպունգ» է։ Ձնհալի ժամանակ ստորգետնյա հոսանքներով կլանում է գետերի ջուրը, իսկ չոր եղանակին ջուրը հետ մղում։

«Խոր Վիրապ» արգելավայրում կենսունակ ջրաճահճի առկայությունը երկրի համար կարևոր է համարում Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը։

«Արգելավայրը տարիների ընթացքում դեգրադացվել էր, և ունեինք ջրի խնդիր։ Դուք կարող եք տեսնել այս վերականգնված լճակները, որտեղ անընդհատ ջուր կա, և մենք տարիների ընթացքում տեսնում ենք, որ կենդանիները շատանում, բազմապատկվում են։ Հանդիպում ենք կարմիրգրքային կենդանիների, բույսերի տեսակներ։ Կարելի է ասել, որ արգելավայրը քայլ առ քայլ վերականգնվում է և Ռամսարի կոնվենցիային համապատասխան՝ հանդիսանում է ջրաճահճային տարածք։

Արարատյան դաշտավայրի «նոր զարդը»․ ինչպիսի՞ն կլինի վերջնաարդյունքը

Թարմության շունչ ստացող արգելավայրը հավելյալ կանգառ կարող է դառնալ Խոր Վիրապ վանական համալիր այցելող զբոսաշրջիկների համար։ Խոնավ տարածքն Արարատյան դաշտավայրում հավակնում է նաև թռչնադիտման կարևոր հասցե դառնալուն։

Ջանքերը կմեկտեղենք, որ արգելավայրն ամբողջությամբ վերականգնվի՝ ասում է Կովկասի բնության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Վերմիշյանը։

«Մենք նայել ենք բոլոր կողմերից արգելավայրը՝ որտեղ ինչ աշխատանք կարելի է անել։ Աէրոնկարահանումներ էլ ենք արել, ամբողջ նիշերով ունենք բարձրությունները, որտեղ ինչ է։ Գործը փուլերով ենք արել, որ տեսնենք բնությունն ինչպես է արձագանքում։ Տեսնո՞ւմ եք կղզիների վրա ծառերը, այստեղ ոչ մի ծառ ընդհանրապես չկար։

Ցանկացած այս կարգի ծրագրում պարտադիր պետք է մեջտեղում լինեն կղզիներ, չպետք է լինի միայն բաց ջրային մակերես, որ թռչունն իրեն ավելի ապահով զգա»։ 

Վերականգնողները հաջորդ փուլին կանցնեն բյուջեի ձևավորումից հետո։ Խոստանում են՝ ծրագրի ավարտից հետո տեղանքը կհամապատասխանի գլխավոր նպատակին՝ մեծ ու դիտարժան ջրաճահիճ լինելուն։

Back to top button