ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Մարտահրավերները դիտարկել որպես հնարավորություն․ ՄԻՊ-ը՝ սյունեցի շրջանավարտներին

Սյունիքի մարզի դպրոցներում սովորող 1704 տասներկուերորդցիների  և 1623 իններորդցիների համար նույնպես այսօր  դպրոցական զանգը հնչել է վերջին անգամ։ Սահմանամերձ երկու դպրոցների  վերջին դասին մասնակցել է նաև Մարդու իրավունքների պաշտպանը։ Անահիտ Մանասյանը շրջանավարտներին խորհուրդ է տվել  մարտահրավերները որպես հնարավորություն  դիտարկել ու հավատարիմ մնալ գլխավոր արժեքներին։

«Դժվարություն միշտ էլ կա սահմանամերձ գյուղում, իհարկե, վախ էլ կա, բայց այդ վախը հաղթահարելի է։ Մի տեսակ այլ զգացում է, որ տեսնում ես թշնամին քո տնից 200 մետր հեռավարության վրա է, բայց հաղթահարեցինք ամեն դժվարություն, սովորեցինք այս դպրոցում, հիմա ավարտում ենք այն, ուզում եմ առողջ ու երջանիկ լինենք»։

Կապան համայնքի Սյունիք սահմանամերձ գյուղի դպրոցի 12-րդ դասարանն ավարտող Ալեն Աբրահամյանն է։ Որոշել է ավարտել նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղի լեռնահանքային արդյունաբերության բաժինը,  որ աշխատի Կապանի լեռնահարստացման կամ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում։ Իհարկե, ծառայելու է հայոց բանակում։

7 շրջանավարտ ունի Սյունիք գյուղի դպրոցը՝ 4 տղա և 3 աղջիկ։ Բեմից բոլորը խոստանում են՝ ուսումնառությունից հետո վերադառնալ Կապան։ Դպրոցն արդեն 93 տարի մեծ կյանք է ճանապարհում իր սաներին՝ ասում է տնօրեն Լիլիթ Առաքելյանը։

«Թերթելով դպրոցի պատմության դպրոց-աշակերտ էջը՝ այսօր բացում ենք նոր՝ դպրոց-շրջանավարտ էջ, որը կլրացվի տարիների հոլովույթում՝ իր մեջ ամփոփելով յուրաքանչյուրիդ նվիրումն ու երախտիքը»

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նույնպես գյուղական դպրոցում է սովորել, ավելին՝ դասարանի միակ աշակերտն է եղել։ Ասում է՝ չէր կարողանում դասերից փախչել, բացակայությունը աննկատ չէր մնում և անմիջապես բողոքում էին մորը, որը նույնպես ուսուցչուհի էր։

«Ես ուզում եմ, որ դուք ճախրեք, ճախրեք ինչքան հնարավոր է բարձր։ Այն բոլոր դժվարություններն ու բարդությունները, որ կհանդիպեն ճանապարհին, թող ավելի  վեր  ճախրելու  խթան դառնան։ Ոչ մի բանի առաջ կանգ մի առեք ու միշտ հպարտացեք, որ ծնվել, սովորել եք էստեղ։ Ձեզ մոտ ավելի շատ լավ է ստացվելու, քան շատ-շատերի մոտ։  Շնորհավորում եմ, ճախրեք երեխեք»

Ազգային ժողովի պատգամավոր, ծննդով կապանցի Մարինա Ղազարյանը 35 տարի դպրոցում է աշխատել, ծանոթ է վերջին դասի հուզմունքին ու խորհրդավորությանը։

«Իմացեք, որ այսօր դուք մեծ կյանք եք մտնում, մեր երկրի համար  արեք կարելին ու անկարելին, արեք այն, ինչ դուք կարող եք, սիրեք ձեր երկիրը, սիրեք Սյունիքն ու Հայաստանը»։

Մարդու իրավունքների  պաշտպան Անահիտ Մանասյանն առաջին անգամ է այս դպրոցում։ Օրեր առաջ, երբ ծրագրում էր աշխատանքային այցը Սյունիքի մարզ, որոշեց հենց վերջին զանգի օրը գալ ու այցելել սահմանամերձ դպրոցներ։  Նման օրերին արժևորում ենք մեր անցած ճանապարհը՝ ասում է Մարդու իրավունքների պաշտպանը՝ շրջանավարտների հետ կիսելով մարտահրավերները հաղթահարելու իր բանաձևը։

Անահիտ Մանասյան․ «Հաջողության հասնելու իմ բանաձևը հենց դա է՝ յուրաքանչյուր մարտահրավեր դիտարկել որպես հնարավորություն, այդ ամենին վերաբերվել սիրով և այդ ամենի տեքստում գտնել ներդաշնակություն։ Յուրաքանչյուրի մեջ դա շատ անհատական է, ու իմ մաղթանքն է՝ ձեր մեջ ձևավորել այդ սերն ու հաստատել այն՝ ներդաշնակ լինելով ճիշտ արժեքների հետ»։

Ի դեպ, այս ուսումնական տարում Սյունիքի մարզի 117 դպրոցում շրջանավարտների թիվը 1074 է՝ նախորդ տարվա 1036-ի փոխարեն։ Վերջին զանգը հնչեց նաև 1623 իններորդցիների համար։

Back to top button