ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Կարոտից ծնված թանգարան. Վանաձորը պատմության թանգարան ունի

8 տարվա փնտրտուքից հետո թաքուն փայփայած երազանքը վերջապես իրականություն է դարձել: Վանաձորցի լուսանկարիչ Վահագն Վարդանյանը սեփական ջանքերով ու նվիրատուների աջակցությամբ Վանաձորի պատմության թանգարան է բացել: Թանգարանում ցուցադրված են հանրապետության 3-րդ քաղաքի մասին պատմող լուսանկարներ ու գրքեր, որոնք փոխանցում են հին ու բարի ժամանակների շունչը:  Թանգարանի հիմնադիրն աջակցության խնդրանքով նաև համայնքային իշխանություններին է դիմել, առայժմ արձագանք չի ստացել: Բայց խոստանում է, որ առաջիկայում Վանաձորի պատմության թանգարանը կհամալրվի նոր ցուցանմուշներով:

«2016 թվականից մանկապարտեզիս նկարն էի փնտրում, չգտա», -խնամքով պահած նկարները ցույց տալով՝ ասում է Վահագնը: Մանկության կարոտները մասնագիտությամբ լուսանկարիչ-օպերատոր Վահագն Վարդանյանի վաղեմի երազանքին միս ու արյուն տվեցին: Սկզբում որոշել էր երկրաշարժի 30- ամյա տարելիցին նվիրված ցուցահանդես բացել, հետո որոշեց ավելի մնայուն արժեք թողնել: Տարիների ամենօրյա փնտրտուքն ամբողջացրել, Վանաձորի պատմության թանգարան է բացել, ուր մտնելիս հուշեր են արթնանում՝ տաք ու ջերմացնող

«Սկսեցի տեղադրել, որ ժողովուրդն էլ նայի, կարոտն առնի: Համացանցից էի քաղաքի նկարներ գտնում, Երևանի գրադարաններից էի գնում- գտնում: 2018-ի դեկտեմբերին որոշեցի երկրաշարժի 30 ամյակի ցուցահանդես դնենք, սկսեցի երկրաշարժի նկարներ հավաքել: Միտք առաջացավ, որ եթե էսքան ծախսը պետք է անեմ, նենց բան անեմ, որ մնա: Ու ծնվեց թանգարանի գաղափարը: Ի միջի այլոց, այն նկարը, որը փնտրում էի 2016 թվականից,  երեկ եմ գտել, որի մեջ պատկերված է իմ մանկապարտեզը, որի համար շատ ուրախացա ու փոքր-ինչ թախծեցի»:

Վանաձորի պատմության թանգարանը Թանգարանների միջազգային օրն է դռները բացել: Դասագրքեր, շքանշաններ,  թերթեր ու լուսանկարներ. թանգարանում տեղ գտած նմուշները Կիրովական- Վանաձորի վերհուշն են արթնացնում, երբ արժեքներն  ուրիշ էին՝ ասում է թանգարանի հիմնադիրը:

Այստեղ եկողները նոստալգիա են ապրում, որ բառերով հնարավոր չէ նկարագրել, ասում է, նամակներ են գրում ու գցում փոստարկղը, ինչպես հին ու բարի ժամանակներում: Դրսում ապրող նվիրատուներն են երբեմն օգնում փոքրիկ ֆինանսական միջոցներով, մարդիկ կան՝ սեփական արխիվից են նկարներ նվիրաբերում: Առաջիկայում նոր համալրումներ են սպասվում։

«Իմ ընտանիքի միջոցներով է հիմնականում արվել: Վանաձորցիներն են օգնել, ՌԴ-ից, Եվրոպայից են օգնում: Եթե չասեմ ամեն օր, ամեն շաբաթը մեկ նմուշ ավելանում է: Հիմա ճանապարհին է, սպասում եմ: Նամականիշեր եմ առել 1954, 1957 թվականի, որ կցեմ փոստի բաժնի հետ»:

Այս իրերով փորձել եմ ամբողջացնել իմ սիրելի ծննդավայրի անցյալից հասած պատկերները, պատմել իմ ու շատերի մանկության, պատանեկության Կիրովականի մասին, որ, ցավոք 88-ի ավերիչ երկրաշարժի փլատակներում մնաց՝ ասում է։ 

Ղարաքիլիսա-Կիրովական-Վանաձորի մասին պատմող իրերը, գրքերն ու խունացած լուսանկարները շատ են. 1986 թվականին Կիրովականի գեղարվեստի կոմբինատում արտադրված «Հոկտեմբերիկ» կրծքանշանից մինչև ցարական Ռուսաստանի ժամանակաշրջանում տպագրված բրոշյուրն է պահպանվել, որ առողջարանային քաղաքի կենսապայմանների մասին է պատմում:

«Ղարաքիլիսային վերաբերվող 1912 թվի բրոշյուր է, որտեղ շատ մանրամասն նկարագրված է, թե այդ ժամանակ Ղարաքիլիսայում ինչ եղանակային պայմաններ են եղել, ինչ գներ են եղել շուկայում. վարունգը, պոմիդորը, սոխը, կարտոֆիլը, դեղատանը ինչ գներ են եղել: Նկարներում տուրիստներ են երևում, որոնք եկել են Կիրովական, հանգստացել, գնացել: Վերևի նկարներում զինվորներն են, որոնք  Կիրովականում են ծառայել: Էստեղ արդեն երկաթգծի մանկապարտեզն է, բանկի աշխատողներն են, 1928 թվի լուսանկար է»:

Անցյալի ծալքերում  թաքնված արժեքներն ավելի են ձգում: Այժմ արժեհամակարգի փոփոխություն եմ տեսնում, որն ստիպում է ավելի խնամքով վերաբերվել անցյալին ու կարևորել ամեն պատառիկ՝ Վահագնն է ասում: Ցավով է խոստովանում, որ թանգարանի պահպանությունը միայնակ ի զորու չէ իրականացնել:

Լուրջ աջակցության կարիք կա: Հեռանկարում այն ավելի մեծ մշակութային օջախ կարող է դառնալ, Վանաձորի այցեքարտերից մեկը, որ հյուրերին ու զբոսաշրջիկներին կծանոթացնի  քաղաքի հետ: Դիմել է մարզային ու համայնքային նախկին ու ներկա իշխանություններին, դեռ չեն արձագանքել:

Այժմ թանգարանը տեղակայված է վարձակալված տարածքում: Եթե  աջակցություն չլինի, տարածքի վարձակալության ու թանգարանի նմուշների պահպանման հարցում դժվարություններ կլինեն ՝ասում է: Բոլոր թելերով Վանաձորին կապված  Վահագն Վարդանյանը նաև նկարում է: Հարազատ ծննդավայրին նվիրված անավարտ գործեր ունի, որոնք ևս տեղ կգտնեն թանգարանում:

Back to top button