ԿարևորՀասարակություն

Կանադայի խորհրդարանում կազմակերպվել է «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով լուսանկարների ցուցահանդես

Մայիսի 21-ին Կանադայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատում տեղի է ունեցել «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով լուսանկարների ցուցահանդես, որը համատեղ կազմակերպվել էր Ն.Գ. Ներկայացուցիչների պալատի խոսնակ Գրեգ Ֆերգուսի և Ն.Գ. ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանի կողմից։ Միջոցառման ընթացքում ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները վերջինիս «Արցախ. լուսանկարչի աչքը» գրքից։

Ցուցահանդեսի բացման իր խոսքում ՀՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել խոսնակին և մյուս գործընկերներին արդյունավետ համագործակցության համար։ Դեսպան Հարությունյանն առանձնանշել է, որ Ադրբեջանն այս պահին Արցախի հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման, յուրացման և պղծման միջոցով վերացնում է բնիկ արցախահայության ներկայության հետքերը։ Այդ համատեքստում դեսպանը զուգահեռներ է անցկացրել Նախիջևանի հայկական պատմամշակութային ժառանգության գրեթե 99 տոկոսի ոչնչացման ուղղությամբ Ադրբեջանի համակարգված քաղաքականության հետ։ Ընդգծելով Արցախի հայկական ժառանգության պահպանման նշանակությունը՝ նա մեծապես կարևորել է այդ ուղղությամբ միջազգային ջանքերի անհապաղ գործադրումը՝ որպես համաշխարհային պատասխանատվության խնդիր։

Ներկայացուցիչների պալատի խոսնակը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում բազմադարյա հայկական ժառանգության ոչնչացման և պղծման անթույլատրելիությանը, կարևորել է նման գործողությունների կանխմանն ուղղված պայքարը՝ շեշտելով տվյալ արժեքների՝ համայն մարդկության ժառանգության մաս կազմելու հանգամանքը։

Ցուցահանդեսին իրենց մասնակցությունն են բերել Կանադայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի և Սենատի, այդ թվում՝ Կանադա-Հայաստան բարեկամության խմբի անդամներ, Կանադայի Քվեբեկ նահանգում ՀՀ պատվո հյուպատոսը, ինչպես նաև այլ պաշտոնատար անձինք և հյուրեր։

Back to top button