Կյանքին ասել այո՛Տեսանյութեր

Արմանին պիտի բերենք, կամ մենք պիտի գնանք․ Անուշ Ավանեսյան․ «Կյանքին ասել այո՛»

Արթուր Ավանեսյանը  ծնվել է 2003 թվականին Արցախի Մարտունու շրջանի Ավդուր գյուղում։ 2022-ին Արթուրը զորակոչվել է բանակ՝ ծառայելով ընդամենը վեց ամիս, քանի որ 44-օրյա պատերազմում  կորցրել էր եղբորը՝ Արմանին։ Նույն պատճառով զինվորական ծառայությունից վաղաժամ ազատվել  էր նաև ընտանիքի կրտսեր որդին՝ Արայիկը։

Զորացրվելուց հետո եղբայրներով  ընդգրկվեցին աշխարհազորի կազմում ու պաշտպանում էին հարազատ գյուղի հարակից դիրքերը, որտեղ էլ  2023-ի սեպտեմբերի 19-ին Արթուրը վիրավորվեց ականանետի հարվածից։ Մահամերձ վիճակում եղբայրն է նրան դուրս բերել դիրքերից։ Արթուրին Հայաստան տեղափոխելուց հետո 2023-ի սեպտեմբերի 29-ին Արցախից դուրս եկավ նաև նրա ընտանիքը։ Արթուրը շուրջ տասը վիրահատություն է տարել, աջ ոտքը ծնկից վերև հեռացրել են, ձախը՝ հավաքել էլիզարովի սարքով։

Աչքերից միայն մեկն է տեսնում, այն էլ՝ շատ մոտիկից։ Վերջերս է տեղափոխվել Զինվորի տուն, որտեղ էլ փորձեցինք զրուցել  նրա հետ, բայց ընդամենը մի քանի բառ կարողացավ արտասանել…

Ընտանիքին բաժին հասած ծանր փորձությունների մասին պատմեց այցի եկած քույրը՝ Անուշը։ Նրա խոսքով՝ ամենածանրը Արմանի շիրիմը Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոցում՝ թշնամու վերահսկողության տակ թողնելն է։ «Հույսս չեմ կորցնում, կամ Արմանին պիտի բերենք, կամ մենք պիտի գնանք»,-ասում է Անուշը։ Արցախում աշխատում էր սպասարակման ոլորտում, նույն ոլորտում էլ այսօր աշխատանք է փնտրում Երևանում, որտեղ բնակվում են վարձով։ 2024-ի փետրվարին Ավանեսյանների ընտանիքը ստացավ հերթական ծանր հարվածը՝ կորցնելով հորը։

Back to top button