ՀարցուԳԻՏԱփորձ

Ո՞վ է մարդն առանց մարդու․ «ՀարցուԳԻՏԱփորձ»

«Շելերն ասում էր, որ մարդը կիսակատար կենդանի է, շեղված գազան․ կենսաբանական էակ մարդը դարձել է սոցիալական էակ»։

Մարդը կարող էր զբաղվել իր կենսաբանական գործառույթները պատշաճ կատարելով՝ «ծնվել- սնվել- նոր մարդ ծնել- հնարավորինս երկար ապրել»-ով։ Բայց առաջացավ ուրիշ մի բան էլ անելու ցանկություն, որը նրան մի տեսակ էլիտար վեհությամբ պատեց։

«Արիստոտելն էլ ասում էր՝ հասարակությունից դուրս դու կա՛մ գազան ես, կա՛մ Աստված։ Որպեսզի դու մարդ լինես, դու պիտի լինես այլ մարդկանց մեջ»։

Բարև, եթերում «ՀարցուԳԻՏԱփորձ» հաղորդումն է, ես Արուսյակ Կապուկչյանն եմ։ Այսօր պարզելու ենք՝ ո՞վ է մարդն առանց մարդու։

***

Քանի՞ անգամ եք մտածել, որ գեղեցիկ եք կամ տգեղ, խելացի, խարիզմատիկ, հավակնոտ, հաջողակ կամ՝ ոչ այնքան։ Եվ քանի անգամ եք մտածել, թե ինչի՞ համեմատ։ Որոշ դեպքերում այդ հարցի պատասխանը կոնկրետ մարդու անուն է, մեկ այլ դեպքում՝ ուրիշ մարդու կարծիք, IQ թեստ, համաշխարհային ստանդարտ կամ սիրելի ֆիլմի կերպար։ Այ սրանց համեմատ դուք ավելի լավն եք, վատը, կամ տանելի։ Բայց դրանք Դուք կամ ճիշտ Ձեզ նմանը՝ մարդն է հորինել։ Ստացվում է՝ մենք մի փակ շրջափուլում ենք, որում անընդհատ նոր ստանդարտներ ենք հորինում, փորձում մեզ դարձնել դրանց համապատասխան, քիչ է մնում՝ հաջողենք, մեկ էլ հայտնվում է մի «հարևանի հարս» կամ «մայրիկի ընկերուհու երեխա», որն ավելի մաքրասեր է ու ավելի ընդունակ։ Կրկին ջանալ է պետք։

Եվ եթե նրանք չլինեին, մենք գուցե նվազագույն ջանք անգամ չգործադրեինք ավելի լավը դառնալու համար․ այդ «լավ»-ը պարզապես գոյություն չէր ունենա։ Շնորհակալություն հասարակությանը։

Բայց մենք դժվար թե նույն շնորհակալության զգացումը ունենանք հիշելիս, որ որքան էլ գեղեցիկ լինի հասարակության կաղապարը՝ դրա մեջ տեղավորվելու համար մենք մեզնից ինչ-որ կտորներ պիտի կտրենք-դեֆորմացնենք՝ առնվազն այդ գեղեցիկ տեսքը ստանալու համար։

Այս դեպքում լա՞վ է, որ մարդը մարդուն ավելի լավը դառնալու խթան է տալիս, հնարավո՞ր է արդյոք դուրս գալ այս խաղից՝ առանց պարտվելու, ի՞նչ կլինի, եթե մարդը որոշի անտեսել հասարակությանը․  «ՀարցուԳԻՏԱփորձ»-ն այսօր այս հարցերի մասին է։

— Շատ բարդ հարց եք տալիս։ 2000 տարուց ավելի է՝ փիլիսոփաները փորձում են գտնել այդ հարցերի պատասխանները և յուրահատուկ բանաձևումներ կան։
— Մենք մի տասը րոպե ունենք։
— Ես չեմ կարող այդ բեռն ինձ վրա վերցնել, բայց փորձեմ իմ սեփական ընկալումներն ասել։

Փիլիսոփա Արուսյակ Ղարիբյանի նման այս հարցերի մասին միանշանակ պատասխաններ սահմանելու բեռն իր վրա չի վերցրել և ոչ մի փիլիսոփա։ Հիշեցնում է՝ Արիստոտելը, օրինակ, ասում էր, որ դու չես կարող դառնալ մարդ՝ առանց ուրիշ մարդկանց։ Բայց այս պատասխանը նոր հարցեր է առաջացնում․

«Երբ մարդուն հանում ենք սոցիումից, ինքը չի դադարում գոյություն ունենալ ֆիզիկապես, հոգեբանության մեջ այս երևույթը հայտնի է «Մաուգլիի ախտանիշ» անվամբ, ու բազմաթիվ այդպիսի իրական դեպքեր կան, երբ մարդը հայտնվել է ջունգլիներում՝ կենդանական միջավայրում, և դրսևորվել է բացառապես նրա կենսաբանական կողմը։ Միայն հասարակության մեջ է նա դառնում մարդ՝ մեր ասած իմաստով։ Բայց այստեղ մյուս հարցադրումն է ի հայտ գալիս՝ իսկ մենք ի՞նչ ենք հասկանում մարդ ասելով»։

Այս հարցին էլ սեփական ընկալումների շրջանակում պատասխանել է Զիգմունդ Ֆրոյդը, որն առաջարկում է խուսափել սենտիմենտալ մոտեցումներից․ մարդը բնազդներով առաջնորդվող կենդանի է, որը, սակայն, խորամանկել ու կարողացել է դա քողարկելու ճանապարհներ գտնել․

«Ասում է՝ մեր մեջ կա կենդանական-կենսաբանականը, որը մենք սոցիումում վեհացնում ենք։ Լինելով բանական էակը, (թեև ֆրոյդյան մեկնաբանմամբ այնքան բանական չէ, որքան մենք ենք պնդում), մենք սոցիալական հարաբերությունների մեջ կարծես թե նաև բնազդայինի սրբագրման, վեհացման անհրաժեշտությունն ենք տեսնում»։

Արուսյակ Ղարիբյանը մարդու համար հասարակության կարևորությունը դիտարկելու մեկ այլ անկյուն ևս առաջարկում է։ Ասում է՝ պետք է լինի մի տեղ, ուր մենք յուրային կդառնանք ու կվայելենք միմյանց պաշտպանությունը։ Իսկ յուրային դառնում են նույն կանոններով խաղացողները․

«Նախ և առաջ դա տալիս է քեզ այդ վստահությունը, ապահովությունը, յուրային լինելու զգացումը։ Երբ երեխան աստիճանաբար գիտակից է դառնում, սկսում ենք նրան նաև այդ ձևով դաստիարակել, բացատրել, որ ամոթ է, քեզ կքննադատեն, քեզ չեն ընդունի ու այդտեղից սկսվում է ամեն ինչ։ Մենք միանգամից այս կաղապարները դնում ենք, զսպաշապիկը հագցնում ենք, բայց ասում ենք՝ փոխարենն ինչ կլինի․ փոխարենը կլինի խրախուսանքը, դու ընդունված կլինես, դու կստանաս քաջալերումը, քեզ կսատարեն»։

Ստացվում է՝ խմբի անդամ լինելու գինը ինքնատիպության վաճառքն է, «ես»-ի տարրալուծումը մեծ «մենք»-ին։ Այս գործարքը շրջանցելու ելք ևս կա, բայց դա խիզախների լիգան է․ նրանք հանդգնում են մտածել, որ ունեն մի բան, որը չարժե փոխել հանուն հասարակական նորմերի։ Հաղթելու դեպքում փոխվում են հասարակական նորմերը՝ մինչ նոր խիզախների ի հայտ գալը․

— Հաճախ տեսնում ենք, որ կան այդպիսի մարդիկ, որոնք կարողանում են իրենց հետևից տանել՝ նախկինում այդ մոտեցումները չընդունող սոցիումին։
— Եվ դառնում է նոր հասարակություն՝ նոր կանոններով։
— Այո, և մենք անընդհատ անցնում ենք էդ փոփոխությունների շրջափուլերի միջով։

— Ես գալուց մտածում էի, որ չգիտեմ՝ ինչքանով եմ ես էնքան լիքը, որ կարողանամ էդ ամենի մասին խոսել, բայց հետո մտածեցի, որ եթե որոշել ես, ուրեմն մի բան գիտես։
— Մենք կսկսենք հենց էս կետից․․․

Ժաննա Հարությունյանը գիտի՝ այս հաղորդման ընթացքում զրույցները գիտնականների, փորձառու մասնագետների հետ են։ Կասկածում է՝ կարո՞ղ է ձեզ կարևոր մի բան ասել, եթե դեռ չի հասցրել անգամ համալսարանն ավարտել։ Բայց Ժաննան իր թիմի հետ, օրինակ, հասցրել է մոտ 1000 մարդու համոզել, որ կարևոր գործին օգնելու կարիք կա, ու դրա համար մոտ 75 միլիոն դրամ հավաքել։ Սիրելի՛ ռադիոլսողներ, մենք խարխլում ենք հասարակական կարգն ու Ձեզ ենք ներկայացնում  20-ամյա երեք աղջիկների պատմությունը՝ առանց վկայականի նրանց «փորձառու մասնագետ» անունը տալով։

«Մենք սկսել ենք 17 տարեկանից ու կամավորության շրջանակում ենք ծանոթացել։ Միավորվեցինք մի գաղափարի շուրջ, ստեղծեցինք «Տեր եմ» հիմնադրամը, որի գլխավոր նպատակը 1.5 միլիոն հայերի համախմբելն ու իրենց արդյունավետ համագործակցության միջոցով Հայաստանը զարգացման տանելն է։ Մենք փորձում ենք Հայաստանի ինչ-որ պրոյեկտի վրա ազդեցություն ունենալ ու դա անում ենք ֆոնդհայթայթման միջոցով, այսինքն՝ եթե կան նախագծեր, որոնք չունեն գումար պրոյեկտը իրականցնելու համար, դիմում են մեզ ու մենք իրականացնում ենք իրենց ֆոնդհայթհայթման արշավը ու նախագիծը՝ սկզբից մինչև վերջ»։

Հիմնադրամը փորձում է մեծ ծրագրեր իրականացնել մարդկանց ցանց ստեղծելով, մեծ խմբին մեկ գաղափարի շուրջ միավորելով։ Նրանց գործը ապացուցելն է, որ մարդուն մարդ, ծանոթություններ, կապեր, մի խոսքով՝ լոկալ համայնք է պետք։ Եվ սա բարի ցանկության նման կհնչեր, եթե արդեն չունենային, օրինակ, զինհաշմանդամների համար վերականգնողական սարքեր արտադրելու շուրջ 1000 անծանոթ մարդկանց միավորելու փորձառությունը։ Ժաննան առանց թիմի ու մարդկանց մեծ գործ անելու հավանականություն չի տեսնում․

«Ես 15 տարեկանից Կարեն Վարդանյանի էն խոսքով եմ մեծացել, որ աշխարհում հաղթում են թիմերը ու պիտի թիմեր ստեղծենք։ Ցանկացած բան, որ հիմնվում է անհատի վրա, մի օր հաստատ չի լինելու, փորձերով տեսնում ենք, որ պետք է լավ թիմով լավ համակարգ կառուցել։ Մենք դրան ենք հակված ու դրան ենք գնում»։

Ասում է՝ լավ է, երբ մարդիկ տարբեր են ու յուրահատուկ, բայց նրանք պետք է իրար հետ համագործակցել կարողանան։ Ու եթե այժմ եղած հասարակական կարգը դրան չի նպաստում, պետք է ստեղծել նորը։

«Պատերազմից հետո որոշել էի, որ ես էն մարդն եմ, ով կարող է փոփոխություն բերել։ Բայց հասկանում եմ, որ միայնակ ես մեծ փոփախություն չեմ կարող բերել։ Հաստատ փոփոխություն կբերեմ, բայց ոչ էն փոփոխությունը, որը ուզում եմ ու որը պետք է։ Եթե Իլոն Մասկին ենք նայում, հա, իր էդ նպատակները, կամքը և այլն, շատ կարևոր են, բայց ո՞վ է ինքը մենակ․ ոչ մեկ։
Ու երևի ամեն մեկս էլ մենակ ոչ մեկ ենք»։

***

Հասարակությունը միայն մարդկային չէ։ Մենք պարզապես լավ չենք ճանաչում դրան զուգահեռ գոյություն ունեցողները, ասենք՝ մեղուներինը, արջերինը, խեցգետիններին։ Այդ պատճառով է, որ առաջին հայացքից փոքր-ինչ մեծամտությամբ խոսում ենք մեր մասին։

Բայց այս մեկը, որ մերն է ու ավելի ճանաչելի, բարդ է ու բազմաշերտ՝ մի 2000 տարի փիլիսոփաներին մտածելու առիթ տալու աստիճան։ Այն քննարկվում է ամենաբարձրից՝ Հոմո Սափիենսի էվոլուցիան ընդգրկող հայացքով, մարդկանց կողքից՝ մի քանի հազար կամ միլիոն մարդկանց վարքն ուսումնասիրող դիտանկյունով, խոշորացույցով՝ անհատի ներսում հասարակության անդամ լինելու գոհունակությունն ու դրաման քննելով։ Մենք իրարից նեղանում ենք, չենք սիրում իրար, գուցե երազում անմարդաբնակ մի կղզում հայտնվելու մասին, բայց առանց իրար էլ լիարժեք՝ մարդկայնորեն գոյություն ունենալ չենք կարող․ այդ մասին են խոսում հարցուփորձերի ու գիտափորձերի արդյունքները։

Back to top button