ՀարցուԳԻՏԱփորձ

Ինչո՞ւ ենք ուշ ծերանում․ «ՀարցուԳԻՏԱփորձ»

«Դեռ 10 տարի առաջ Ճապոնիայում 100 000-ից ավել մարդ կար, ով 100 տարեկանն անցել էր, հիմա իրենք կարող են արդեն մինչև կես միլիոն հասած լինել։ Այլևս մարդկանց չես զարմացնի 80 կամ 90 տարեկան լինելով»։

Մարդն ու կյանքն իրարից ավելի դժվար են բաժանվում։ Մոտ 200 տարում մենք սկսեցինք մոտ 2 անգամ ավելի երկար ապրել։ 1800 թվականին կյանքի միջին տևողությունը 40 տարին էր, 2024-ին՝ 85-ը։

«Ժամանակին համարվում էր, որ ամենալավ մասնագիտությունը դիրիժորի մասնագիտությունն է, որտեղ ֆիզիկականը, մտավորը և հուզականը իրար հետ համապատասխան դրսևորվում են։ Մենք շատ երկարակյաց դիրիժորներ ունենք։ Չե՞ք հավատում՝ Չեքիջյանից հարցրեք»։

Բարև, սա «ՀարցուԳԻՏԱփորձ» հաղորդումն է, ես Արուսյակ Կապուկչյանն եմ։ Այսօր պարզելու ենք՝ ի՞նչ եղավ, որ մարդը սկսեց ուշ ծերանալ։

***

Գրականությունն ու պատմությունը 40 տարեկան «պատկառելի» տարիքի հասած մարդկանց մասին է պատմում։ Այսօր նոր-նոր կյանք մտած երիտասարդ մարդկանց մի քանի հարյուր տարի առաջ ծիրանավառ հասակ կվերագրվեր, նրանք բացարձակ հեղինակություն կլինեին, կվայելեին շրջապատի հարգանքը կամ կանտեսվեին՝ որպես կյանքն արդեն ապրած մարդիկ։ Եվ կյանքից, ասենք, 60 տարեկանում հեռացածների մասին ոչ ոք չէր հանդգնի մտածել՝ ջահել էր։

Հիմա մեզ ավելի երկար կյանք է պետք։ Սերունդ տալն էլ բավարար չէ․ այսօրվա մարդուց ինքնուրույն արժեք տալ էլ է ակնկալվում։ Երեխային ամուսնության տարիքի՝ 10-15 տարեկանի հասցնելով էլ չենք գոհանում․ մեզ ինքնառեալիզացվելու այլ ճանապարհներ են պետք։ Մեզնից պահանջում ենք լավ ու երկարամյա կրթություն ստանալ, հանրօգուտ ու շահավետ աշխատանք կատարել, գտնել աշխատած փողը ծախսելու արդյունավետ կամ էկզոտիկ տարբերակներ։ Մենք պիտի պայքարենք հավասար իրավունքների համար ու գլոբալ տաքացման դեմ, պիտի մոլորակի հակառակ կողմում ճամփորդելու ուղղություն կամ քաղաքական հայացք ընտրենք։ Այս ամենի համար ժամանակ է պետք։

Անցյալի մարդը գուցե ևս այս կյանքից ուզեր, եթե պարզ պահանջմունքները բավարարելուց հետո դեռ ժամանակ ունենար։ Ինչի՞ շնորհիվ հենց մեզ տրվեց այդ ժամանակը, ինչո՞ւ ենք մենք ավելի ուշ ծերանում և բնական մահ ունենալու դեպքում՝ ավելի երկար ապրում․ «ՀարցուԳԻՏԱփորձ»-ն այսօր այս հարցերի մասին է։

«Մարդիկ ավելի շուտ են դիմում մասնագետների, էլ չեն սպասում՝ ծանր թուլամտություն առաջանա, ծանր հոգեկան խանգարումներ առաջանան, նոր՝ անելանելիության մեջ հայտնվելով, դիմեն հոգեբույժի։ Հիմա մենք պետք է ուրախությամբ փաստենք, որ ավելի շատ վաղ ախտորոշումներ են լինում, քան նույնիսկ 10 տարի առաջ»։

Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ, բժշկական գիտությունների թեկնածու, հոգեբույժ Արմեն Սողոյանը տարեցների հետ աշխատելու երկարամյա փորձառություն ունի։ Ծերունական հիվանդությունն, ասում է, անխուսափելի մի բան է, դա երկար ապրելու գինն է։ Բայց հիմա այն կառավարելն ավելի շատերին է հասու․

«Դա փաստ է, կյանքի միջին տևողությունը շատ կարճ էր, բայց երբ մենք նայում ենք շատ հայտնի գրողներ, գիտնականներ, ովքեր ապրել են 17-18-19 դարերում, նրանք մինչև 70-80 հասել են այն ժամանակ, երբ միջին տևողությունը 40 էր և երբ 40-ը կարող էր ծեր համարվել։ Պայմանավորված է՝ տվյալ անձը հետևո՞ւմ է իր առողջությանը, ի՞նչ միջավայրում է մեծանում»։

Մեր երկարակեցության համար պետք է շնորհակալ լինենք այն պարզ բաներին, որոնք այսօր հիմնականում հասանելի են՝ չնկատվելու աստիճան, իսկ նախկինում վիճակված են եղել միայն ընտրյալներին։ Այսպես, օրինակ, դժվար թե շատ լինեն մարդիկ, ովքեր շնորհակալ են ատամի մածուկ ու խոզանակ ունենալու համար։ Այնինչ արժե․

«Եթե մարդու ատամները խնամված չեն, և ատամները վաղ տարիքից սկսում են բացակայել ու դրանց փոխարեն փոխարինիչներ չեն կիրառվում, ապա մարդու ամբողջ մարսողական համակարգը խախտվում է, դրանից բխում են սրտանոթային և մնացած խնդիրները և տվյալ անձնավորության կյանքի տևողությունը, ուզես, թե չուզես, պակասում է»։

Երկար կյանքը հնարավոր դարձնող նորարարությունները երբեք էլ ի սկզբանե մասսայական բնույթ չեն կրել՝ ասում է Սողոյանը։ Դրանք հասու են եղել ոչ միայն բավարար սոցիալական դիրք, այլև կարևորությունը հասկանալու համար բավարար ինտելեկտուալ մակարդակ ունեցող խավին։ Բայց գիտության զարգացումն ու տարածումը գնալով ավելի շատ մարդկանց է «պարտադրում» երկար ապրել։

«Հասարակ բան, կար Ծաղիկ հիվանդությունը, որը միլիոններով մարդկանց «հնձում էր», ու 70-ականերին արդեն հայտարարվեց, որ Ծաղիկ հիվանդությունը վերացված է աշխարհում։ Այսինքն՝ ամենամեծ տարածում ունեցող մահացու վարակիչ հիվադնությունը վերացվեց, դրանից հետո այդ տեսակի մեծ խնդիր չկա։ Քաղցկեղը մահացու հիվանդություն էր, էսօր քաղցկեղով մարդիկ տարիներով ապրում են, եթե ժամանակին հայտնաբերվում է, չեն մահանում»։

Ստացվում է՝ եթե համընկնում են կյանքի կամ սեփական անձի կարևորության գիտակցումն ու գիտության զարգացումը, ապա առնվազն թեթև ժպիտ է առաջանում, օրինակ, Պուշկինի «Եվգենի Օնեգին» վեպում Տատյանայի 40-ամյա մոր՝ «Լարինան պարզ, բայց շատ գեղեցիկ պառավ էր» նկարագրության և ծանր ափսոսանք՝ վաղ հասակում մահացածների համար։

— Մենք, կարծես, ժամանակի մեքենայի մասին ենք խոսում հիմա։
— Դա ժամանակի մեքենան է, որով տեղափոխվենք ապագա։
— Իսկ անցյա՞լ։
— Անցյալը ավելի դժվար խնդիր է, բայց պարզվում է, որ դա նույնպես սկզբունքորեն հնարավոր է։

ԵՊՀ տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ Արամ Սահարյանի հետ ժամանակի ընկալումների մասին մեր զրույցը ժամանակի մեքենային հասավ։ Այդ մեքենայի հնարավոր գոյության մասին լսելիս ես գուցե այնքան զարմացա, որքան կզարմանար Ծաղիկ հիվանդությամբ վարակվածը, եթե նրան պատմեին մի օրվա մասին, որում այդ հիվանդությունն այլևս չի լինելու։

Բայց նախ այն մասին, որ ժամանակի հետ ոչինչ տեղի չի ունեցել, այն չի սկսել ավելի արագ անցնել և մեր երկարակեցությունը ոչ մի կապ չունի, ասենք, մոլորակի ավելի արագ պտտվելու հետ։ Այլ կերպ ասած, որ ժամանակը շարունակում է բացարձակ մնալ․

«Օրինակ Նյուտոնը իր տեսությամբ համոզված էր, որ դա այդպես է․ մի ժամանակ կա, որ բացարձակ է, նրա ընթացքի վրա ոչ ոք չի կարող ազդել, նա իր ընթացքով մի ուղղությամբ գնում է և դա գոյություն ունի մեզնից անկախ։ Եվ այդ պատկերացումները իշխում էին մինչև անցյալ դարի սկիզբը։ Սակայն բազմաթիվ փորձնական փաստեր ցույց էին տալիս, որ նյուտոնյան ֆիզիկան ինչ-որ երևույթներ նկարագրելիս հակասության մեջ է լինում փորձի հետ և դա ստիպեց, որ մենք փոխենք մեր պատկերացումները ինչ-որ օրենքների վերաբերյալ»։

Այդպես առաջ եկավ Հարաբերականության հատուկ տեսությունը, որն ասում էր՝ Նյուտոնը ճիշտ է, որ ժամանակը բացարձակ է, սակայն կան բացառություններ։ Պարզվեց, որ որոշ դեպքերում ժամանակն իսկապես ավելի արագ է անցնում։ Սակայն դա մեր երկարակեցության հետ դեռ ոչ մի կապ չունի։ Տեսությունն ասում էր, որ ժամանակը բացարձակ է, եթե գործ ունենեք լույսի արագությունից փոքր արագություն ունեցող շարժումների հետ։ Եթե մի օր մենք կարողանանք տեղաշարժվել լույսի արագությամբ, ապա ժամանակը մեզ համար կսկսի ավելի դանդաղ հոսել։ Սա փոքր-ինչ անհավանական է թվում։ Կա երկրորդ տարբերակ ևս․ գտնվել գերխիտ աստղերի մոտ․ կրկին ոչ այնքան հուսադրող տարբերակ։

— Մենք մեծ արագությունների հետ գործ չունենք, այսօր մեզ հասանելի ամենամեծ արագությունները 15 կմ/վայրկյան են, իսկ լույսի արագությունը 300 000 կմ է։ Այսինքն՝ մենք դրանց հետ չենք շփվում, բայց ապագայում կշփվենք։ Ասենք ես մի ճամփորդության եմ գնում մեծ արագությամբ, հետո գալիս եմ, Երկրի վրա անցած է լինում 1000- 2000 տարի։ Այս տարբերակում կա հնարավորություն, որ երեխան տարիքով ավելի մեծ լինի, քան ծնողը։
— Տեսականորեն դա հնարավո՞ր է։
— Հնարավոր է իհարկե, փորձում էլ դա տեսնում ենք։ Ինձ թվում է՝ ամենաշատը 50 տարի հետո արդեն դա կլինի։ Ժամանակի դանդաղումը, արագացումը փորձնական փաստ է, որ ամեն օր արագացուցիչներում մասնիկների համար տեսնում ենք։

Եթե առանձին մասնիկներ կարողանում են շարժվել այդ արագությամբ, ապա գուցե հնարավոր լինի դա «պարտադրել» նաև մասնիկների ամբողջությանը։

Իսկ այժմ՝ մտավարժանք․ պատկերացրեք ստեղծվում է ժամանակի մեքենա։ Այսօր անբուժելի համարվող քաղցկեղ ունեցող մարդն այդ մեքենայով մի երկու օրով գնում է տիեզերական շրջագայության։ Հետ է գալիս՝ անցել է մի երկու հազար տարի, բաժիշկները քաղցկեղն արդեն աչքերը փակ են բուժում։ Հարցերն, իհարկե, շատ են։ Ամենապարզը՝ ի՞նչ պետք է անի մարդը բացարձակ օտար միջավայր վերադառնալիս։

«Հարցը դա է, որովհետև եթե նա գալու է 50 տարի հետո, լրիվ ուրիշ մարդիկ են, իր շրջապատից շատերը չկան, էլ չեմ ասում, որ հոգեբանորեն նա մնալու է նույնը, բայց գալու է մի միջավայր․․․ ու Աստված մի արասցե, կարող է գա, ընդհանրապես կյանքը վերացած լինի էստեղ»։

Բայց եթե մարդը ժամանակի հետ խաղ անելու հանդգնություն ու խելք ունենա, հավանաբար նման հարցերի պատասխաններն էլ կգտնի։ 

Առայժմ մենք՝ սովորական մահկանացուներս, նման հարցերով լրջորեն անհանգստանալու կարիք չունենք։ Մասնագետներն ասում են՝ հիմա գիտության, սոցիալ-տնտեսական առավել բարվոք վիճակի բարիքներից օգտվելու, օրինակ, ժամանակին պարզ բուժօգնություն ստանալով լուրջ խնդիրները կանխարգելելու, առողջ կենսակերպ վարելով դրանց առաջացման հավանականությունը նվազեցնելու, առողջ կյանք ունենալու դեպքում՝ այն մարդու ու հասարակության համար օգտակար անցկացնելու ժամանակն է։

Back to top button