Պարզվել է Երևան-Կրասնոդար օդանավում մահացած անձի ինքնությունը


Life News լրատվամիջոցը հայտնում է, որ Երևանից Կրասնոդար թռչող օդանավում մահացած ՀՀ քաղաքացին 28-ամյա Արման Գալուստյանն է: Ըստ աղբյուրի՝ նա ենթադրաբար մահացել է սրտի տագնապից «Պաշկովսկի» («Կրասնոդար») օդանավակայանում վայրէջքից րոպեներ առաջ: Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին. օդանավը վայրէջք է կատարել Կրասնոդարում երեկ ժամը 21:25-ին:
Աղբյուրը հայտնում է, որ խոսքը «Դոնավիա» ավիաընկերության № 5325 չվերթի մասին է: Հիշեցնենք, որ նախօրեին երեկոյան օդանավի անձնակազմը զեկուցել է օդանավում գտնվող ուղևորներից մեկի ինքնազգացողության վատթարացման մասին: Զեկուցելուց վեց րոպե անց ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Կրասնոդարի օդանավակայանում, սակայն մինչ այդ ուղևորն արդեն մահացած է եղել։
Օդանավակայանում երիտասարդին սպասելիս են եղել հարազատները: Նրանք հայտնել են, որ երիտասարդը լուրջ առողջական խնդիրներ ուներ և Կրասնոդար էր գնում՝ բուժման: