ԿարևորՄշակույթ

«Սանկտ Պետերբուրգի պալատներ» միջազգային երաժշտական փառատոնը Երևանում կներառի երեք համերգ

Առաջին անգամ Հայաստանում հունիսի 16-23-ը «Սանկտ Պետերբուրգի պալատներ» միջզգային երաժշտական փառատոնը Երևանում` հանդես կգա համերգներով` Ռուսաստանի վաստակավոր արտիստ Մարիա Սաֆարյանցի ղեկավարությամբ:

Շաբաթվա ընթացքում Երևանի երաժշտական տարբեր հարթակներում՝ հինավուրց Զվարթնոցի տաճարի բացօթյա հրապարակում, Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնում, Արամ Խաչատրյան համերգասրահում, հանդես կգան համաշխարհային աստղեր Իտալիայի, Ռուսաստանի և Հայաստանի երաժշտական բեմերից:

Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա հունիսի 16-ին հինավուրց Զվարթնոցի տաճարում։ Երևանցիները և հյուրերը կվայելեն դյութիչ պատմաերաժշտական ներկայացում՝ նվիրված Տիգրան Մեծին:

«Տիգրան Մեծի մետամորֆոզները» միջազգային վիթխարի երաժշտական նախագիծ է նեապոլիտանական երաժշտական գրադարանի հետ համագործակցությամբ, որը տրամադրել է իտալացի մեծագույն կոմպոզիտորներ Վիվալդիի, Սկարլատիի, Պերգոլեզիի, Պիչինիի օպերաների բացառիկ նոտաները։ Զվարթնոցի տաճարի դիմաց գտնվող բացօթյա հրապարակի խորհրդավոր մթնոլորտում կարտացոլվի լեգենդար հրամանատարի պատմությունը, ում կայսրությունը տարածվել է «ծովից ծով»․ արքայից արքա Տիգրան Մեծի ստեղծած տարածքը հենց այսպես է կոչվել։ Մեկ երեկոյի ընթացքում տարածությունը կվերածվի կախարդական վայրի, որտեղ կճախրեն հավերժահարսները, կախարդական վիշապը և նույնիսկ ոսկե կառքը:

Ելույթ կունենան օպերային բեմի համաշխարհային աստղեր Իտալիայից, Հայաստանից և Ռուսաստանից․ իտալացի հռչակավոր հազվագյուտ կոնտրտենոր ձայն ունեցող Աուրելիո Սկյավոնին, Միխայլովսկի և Մարիինյան թատրոնների մենակատարներ, ինչպես նաև ճանաչված իտալացի դիրիժոր Քրիստիան Դելիզոն։

Բարոկկո դարաշրջանի թատրոնի զարմանալի կերպարները կներկայացնեն «Փոքր Տրիանոն» պատմական պարի թատրոնի արտիստները: Հանդիսատեսի համար հատուկ նվեր կլինի Սանկտ Պետերբուրգից հայտնի ջութակահար, փառատոնի գեղարվեստական ղեկավար Մարիա Սաֆարյանցի ելույթը։ Մարիան նվագում է իտալացի հռչակավոր վարպետի հին ջութակի վրա։ Հետաքրքրաշարժ պատմաերաժշտական ներկայացման բեմադրիչն է պետերբուրգյան հայտնի ռեժիսոր Արկադի Ղևոնդովը:

Հունիսի 18-ին Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնում տեղի կունենա գալա համերգ, որը կմեկտեղի մեր ժամանակների ամենավառ և նշանավոր վոկալիստների Սանկտ Պետերբուրգի, Մոսկվայի և Երևանի առաջատար օպերային թատրոններից:

Աշխարհահռչակ Մարիինյան, Միխայլովսկի և Մեծ թատրոնների, ինչպես նաև Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնի առաջատար վոկալիստները հանդես կգան համաշխարհային հայտնի բաս Ֆյոդոր Շալյապինին նվիրված համերգին։ Կհնչեն ամենագեղեցիկ արիաները, ռոմանսները, երգեր հոբելյարի երգացանկից: Հյուրերը կտեսնեն Շալյապինի ստեղծած կերպարները և կընկղմվեն նրա ապրած դարաշրջանի արտասովոր մթնոլորտի մեջ:

Հունիսի 23-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա գալա-համերգ Իտալիայից և Ռուսաստանից ամենահեղինակավոր մրցույթների հաղթողների մասնակցությամբ: Բոլոր ժամանակների գլուխգործոցներ և կինոերաժշտության հիթեր կհնչեն վիրտուոզ ակարդեոնիստ Սիմոնե Զանկինիի (Իտալիա), աշխարհի ամենահեղինկավոր մրցույթների, այդ թվում՝ Չայկովսկու անվան միջազգային մրցույթի դափնեկիր, հայկական ծագմամբ հայտնի պետերբուրգյան դաշնակահար Իլյա Պապոյանի, Ա․ Սաքսի անվան սաքսոֆոնիստների հայտնի մրցույթի պատմության մեջ առաջին ռուս գրան պրիի տիտղոսակիր Սերգեյ Կոլեսովի, Ռուսաստանի վաստակավոր արտիստ, ջութակահարուհի, իտալացի հայտնի վարպետի հազվագյուտ ջութակի վրա նվագող Մարիա Սաֆարյանցի կատարմամբ։ Համերգը կկայանա սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ, դիրիժոր՝ ռուս ժամանակակից առաջատար դիրիժոր, միջազգային մրցույթների դափնեկիր, նշանավոր երաժշտական դինաստիայի ներկյացուցիչ Յարոսլավ Զաբոյարկին:

Back to top button