ԿարևորՀասարակություն

598 թափուր հաստիք. ինչո՞ւ են ուսուցիչները խուսափում մարզային դպրոցներից

Մարզերում ուսուցիչների պակասը լրացնելու համար գործում են մի շարք ծրագրեր, սակայն նույնիսկ դա չի օգնում լրացնելու ուսուցիչների պակասը։ Այս պահի դրությամբ մարզերում մանկավարժական 598 թափուր հաստիք կա։

ԿԳՄՍ նախարարությունը հատուկ շտեմարան է ստեղծել, որտեղ չափորոշիչերին բավարարող և գյուղում աշխատել ցանկացող մանկավարժները կարող են առցանց դիմում ներկայացնել։

Բայց հաշվի առնելով ոչ լրիվ դրույքաչափերը, մասնագետները 10-20 հազար դրամի համար պատրաստ չեն դասավանդել մարզային հաստատություններում։

Անհրաժեշտ մասնագետների պակասի պատճառով Հայաստանի մի շարք դպրոցներում որոշ առարկաներ չեն դասավանդվում: Խնդիրն առավել սուր է մարզերում, հատկապես՝ սահմանամերձ և բարձրլեռնային համայնքներում։ Պատճառները տարբեր են՝ նկատում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։

«Տեղի է ունեցել բնակչության արտագաղթ գյուղերից։ Մյուս խնդիրը այն է, որ երիտասարդները բուհն ավարտելուց հետո այլևս չեն վերադառնում գյուղեր։ Այս մի քանի գործոնները բերել են դպրոցներում ուսուցիչների պակասի։ Մյուս պատճառն էլ այն է, որ շրջանավարտների փոքր մասն է ցանկանում ուսուցիչ դառնալ»։

Փոքր համայնքներում մասնագետների բացը լրացնելու հարցը կառավարության օրակարգում է, և դրան միտված մի շարք ծրագրեր են իրականացվում։ Դրանցից մեկը ուսուցիչների գործուղման հնարավորության ընդլայնումն է։

Եթե նախկինում կարգը միայն սահմանամերձ և բարձր լեռնային գոտիներին էր վերաբերում, այժմ արդեն Երևանից դուրս ցանկացած մարզում այն գործում է, «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեց ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը։

«Փոքր համայնքներում քիչ աշակերտ ունեցող դպրոցներում դասավանդման ժամերը օբյեկտիվորեն շատ քիչ են, և ուսուցիչը կարող է շաբաթական 1-3 դասաժամ ունենալ ընդամենը, որից նաև աշխատավարձն է կախված և ըստ այդմ գրավիչ չէ աշխատանքը»։

Թեև գործուղման ծրագրով ուսուցիչը աշխատավարձի 30 տոկոսի չափով հավելավճար ստանալու հնարավորություն ունի, ավելի մոտիվացնելու համար գործում է նաև ճանապարհածախսի փոխհատուցման ծրագիրը և հեռավար դասավանդման հարթակը։

«Այն առարկաները, որոնք մասնագետ չլինելու պատճառով չեն դասավանդվում դպրոցներում, կան մենթոր դպրոցներ, և այս տեսանկյունից էլ կարողանում ենք բացը լրացնել։ Սրան զուգահեռ այս ուումնական տարվանից սկսած մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցներում ևս ուսուցիչները լրավճար են ստանում»։

Հավելավճար է սահմանված նաև բնագիտական առարկաներ դասավանդող ուսուցիչների համար։ Հանրակրթության վարչության պետը կարծում է, որ այս ծրագրերի շնորհիվ իրենց մասամբ հաջողվել է լրացնել մասնագիտական բացը։ Սակայն կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կայքում մտահոգիչ թվեր են ներկայացվում։ Այս պահի դրությամբ մարզային դպրոցներում 598 թափուր հաստիք կա։ Համակարգը միայն Սյունիքի մարզից թափուր հաստիքի հայտ չի ստացել, «Ռադոիոլուր»-ին հայտնեց Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կրթության տեղեկատվավերլուծական բաժնի պետ Սյուզի Մաշուրյանը։

«Համակարգը հնարավորություն է տալիս շատ արագ գտնել, թ ե որ մարզում ինչ մասնագետի կարիք կա։ Բոլոր մաարզերում կա ուսուցիչների կարիք, պարզապես տարբեր մարզերում բաշխվածությունը տարբեր է»։

Կայքում հասանելի են թափուր աշխատատեղին վերաբերող բոլոր տեղեկությունները՝ աշխատավարձի չափ, ժամաքանակ և այլն, ասում է Սյուզի Մաշուրյանը և կոնկրետ օրինակ բերում։

«Տեխնոլոգիան գրեթե երեք ժամից ավելի ոչ մի տեղ պահանջարկ չկա։ Հիմնականում 3 ժամ, աշխատավարձի չափը 16․363 դրամ է, 4 ժամի դեպքում՝ 19․375 դրամ, Արագածոտնում դպրոց ունենք, որտեղ 4 ժամը փակելու համար 15․000 դրամ է առաջարկվում»։

Հաշվի առնելով հատկապես նման քիչ ժամաքանակները, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը համոզված է, որ այս ծրագրերով խնդիրը չի լուծվելու։ Աշխատավարձն այնքան ցածր է, որ այդ լրավճարները շատ քիչ մարդկանց են մոտիվացնելու, նկատում է փորձագետը և տարակուսում՝ դժվար թե 10-20 հազար դրամի համար մանկավարժը ցանականա գյուղում աշխատել։

Back to top button