Հայաստանն այս տարի անպայման տարբերվելու է մյուս բոլոր 37 մասնակիցներից՝ խոստանում են Եվրատեսիլի հայաստանյան պատվիրակության ղեկավարները։ Մայիսի 9-ին՝ Եվրատեսիլի 2-րդ կիսաեզրափակիչում Հայաստանը կներկայացնի «Լադանիվա» խումբը՝ «Ժակո» երգով։ Երգի խոսքերի հեղինակը հենց ինքը՝ մենակատար Ժակլին Բաղդասարյանն է։ Լրագրողների հետ հանդիպմանն այսօր երգչուհին պատմել է, որ երգը հենց իր, մանկության ու զգացողությունների, մտահոգությունների մասին է։ Նա ասել է, որ հույս ունի հատկապես աղջիկներն իր երգը լսելուց հետո ավելի ազատ կապրեն։
Այս տարի Եվրատեսիլում Հայաստանը ներկայացնող Ժակլին Բաղդասարյանը պատմում է՝ եվրատեսիլյան «Ժակո» երգը հենց իր մասին է, իր կոչը մարդկանց ու հատկապես աղջիկներին, որ ապրեն ազատ ու այնպես, ինչպես իրենք են ցանկանում։
«Ես դեռ փոքր տարիքից եղել եմ ու զգացել եմ ինձ շատ ազատ, վազվզում էի, բարձրանում էի ծառերի վրա, չէի վախենում կեղտոտվելուց, ինձ համար միևնույն էր, թե ինչպիսինն է իմ տեսքը, հավերի հետևից էի վազում ու հաճախ էի լսում «Ժակո հանգստացի», «հավաքի քեզ», «հանգիստ նստի», «աղջկա նման քեզ պահի»։ Ու ես ուզում եմ, որ այս երգի մեջ հատկապես աղջիկները գտնեն իրենց ազատությունը, չվախենան արտահայտվել ու լինեն այնպիսին ինչպիսին իրենք կան»,– պատմում է Ժակլինը։
Մայիսի 11-ին Շվեդիայի Մալմյո քաղաքում տեղի ունենալիք եվրատեսիլին Հայաստանը կներկայացնի «Լադանիվա» խումբը։ Ինչպես խմբի գրեթե բոլոր երգերը, «Ժակոն» նույնպես երաժշտական ազդեցություն ունի տարբեր մշակույթներից: Այս երգը ստեղծելիս Ժակլինն ու խմբի մյուս անդամը՝ Լուին մեծապես ներշնչվել են Հայաստանի, Բալկանյան երկրների, Հնդկաստանի և այլ մշակույթների հնչյուններից ու մեղեդիներից:
«Եվ այս իմաստով կարծում եմ, որ «Լադանիվա» խումբը և մեր արտիստները լավագույն ընտրությունն էին, որովհետև ինչպես գիտեք, այս տարի և առհասարակ բոլոր գալիք տարիներին մրցույթի կարգախոսը լինելու է «Բոլորս միավորված ենք երաժշտության միջոցով», կարծում եմ, որ «Լադանիվա» խումբն իր ձևաչափով շատ համահունչ է այս կարգախոսին ու մրցույթին։ Ինչպես Եվրատեսիլն է ազգերի, մշակույթների և շատ տարբեր մարդկանց ու գույների միավորում ու միախմբում, այդպես էլ «Լադանիվա» խումբն է»,– ասում է Եվրատեսիլի հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանը։
Խումբը վերջերս է վերադարձել նախաեվրատեսիլյան հյուրախաղերից։ Պատմում են, որ Եվրոպայում «Լադանիվայի» հնչյունները ամենասպասվածն են։
«Վերջերս Մադրիդում էինք, մարդիկ այդ համերգի ժամանակ այնքան բարձր էին երգում ինձ հետ միասին, որ ես մոռացել էի, որ ես էլ պետք է երգեմ»։
Համերգային շոուն անպայման պարային, ուրախ ու գունեղ է լինելու։ Պատվիրակության ղեկավարները դեռ շատ փակագծեր չեն բացում, բայց խոստանում են՝ Հայաստանն անպայման տարբերվելու է մյուս 36 երկրներից։
«Այս տարի Եվրատեսիլում բեմը 360 աստիճան է, դա նախկինում երբեք չի արվել, և ընդհանուր գաղափարն այն է, որ մաքսիմալ կենդանի երաժշտությամբ համերգի տպավորություն ստեղծվի, և սա նշանակում է, որ բեմն ամբողջությամբ շրջապատված է լինելու երկրպագուներով, ու մենք արդեն պատկերացնում ենք, թե այնտեղ ինչ է կատարվելու, երբ ամբողջ դահլիճը Ժակլինի հետ միասին երգի, և կարծում եմ, որ նաև եթերով դա մաքսիմալ տպավորիչ է լինելու»,– եզրափակում է Դավիթ Ծերունյանը։
Հիշեցնենք՝ Հայաստանն այս տարի կներկայանա Եվրատեսիլի երկրորդ կիսաեզրափակիչում՝ մայիսի 9-ին, 8-րդ համարի ներքո։