ԿարևորՀասարակություն

Ամփոփվել է «Ինչ գիտի համացանցն իմ մասին» համադպրոցական մրցույթը

Հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-12-րդ դասարանների սովորողների շրջանում անցկացվել է «Ինչ գիտի համացանցն իմ մասին» համահայկական դպրոցական մրցույթը, որի արդյունքներն ամփոփվել են այսօր:  

Մրցույթի նպատակն էր մեծացնել անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ գիտելիքների պաշարը դպրոցահասակների շրջանում և սովորեցնել նրանց՝ հետևել անվտանգ համացանցի կանոններին: Մասնակիցները մեկ ամսվա ընթացքում աշխատանքներ են ներկայացրել իրենց նախընտրելի ձևաչափով, այդ թվում՝ էսսե, տեսանյութ, հոլովակներ, գեղանկար, լուսանկար և այլն: Տասը անվանակարգում շուրջ 100 դպրոցից ներկայացվել է 350 աշխատանք:

Մրցանակների հանձնման արարողությանը ներկա են եղել և ելույթներով հանդես եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը, Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գրիգոր Ներսիսյանը, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչ Հրաչ Յարմալոյանը: 

Մրցույթը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարության երաշխավորությամբ՝ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության հետ համագործակցությամբ՝ անվտանգ համացանցին նվիրված միջոցառման շրջանակում:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ողջունել է ներկաներին՝ ընդգծելով, որ նմանատիպ միջոցառումները կարևոր հարթակ են՝ շեշտադրելու 21-րդ դարի կարևոր հմտությունները, որոնք անհրաժեշտ են յուրաքանչյուր քաղաքացու, մասնավորապես՝ դպրոցականների համար:

«Մեր կյանքն ու միջավայրն այսօր այնպիսին են, որ կամա թե ակամա մեր մասին ինֆորմացիա շատ ենք տարածում տարբեր սոցիալական հարթակներով. հետևաբար, շատ կարևոր է հասկանալ՝ ինչպես դա անել գրագետ և պաշտպանված: Պետք է գիտակցել, որ անձնական տվյալներն անձի սեփական տարածքն են, և դրանց մասին հարային տիրույթում ներկայացնելիս պետք է պահպանել ապահովության սահմանները»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

ԿԳՄՍ փոխնախարարն ընդգծել է, որ հանրակրթության նոր չափորոշչով մեդիագրագիտության վերաբերյալ թեմաները ներառված են տարբեր առարկաների կրթական ծրագրերում. «Կարևոր է, որ դպրոցներում երեխաները գիտելիքներ ստանան իրենց անձնական տարածքի ճանաչման վերաբերյալ՝  մեդիագրագիտության միջոցով: Այդպիսի թեմաներ կան թե՛ ուսումնական առարկաների, թե՛ իրականացվող նախագծային աշխատանքների շրջանակում»: Նա կարևորել է նաև իրավունքների մասին իմացությունը՝ նշելով, որ պարբերաբար դպրոցներն իրազեկվում են, որ պետք է ուշադիր լինել յուրաքանչյուր երեխայի մասին տվյալ հրապարակելիս:

Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գրիգոր Ներսիսյանի տեղեկացմամբ՝ 2024 թվականը հայտարարվել է անվտանգ համացանցի տարի, և «Ինչ գիտի համացանցն իմ մասին» մրցույթովտրվել է տարվա ընթացքում նախատեսվող մի շարք միջոցառումների մեկնարկը: Նախատեսված են հանդիպումներ, քննարկումներ, տարաբնույթ միջոցառումներ: «Մեր օրերում անձնական տվյալների խախտումներն առավել հաճախ հանդիպում են համացանցում: Մեր նպատակն է ձևավորել անձնական տվյալների պաշտպանության մշակույթ՝ սկսած դպրոցահասակ երեխաներից»,- ասել է Գրիգոր Ներսիսյանը:

«Ինչ գիտի համացանցն իմ մասին» մրցույթի առաջին մրցանակին արժանացել է Վանաձորի թիվ 13 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Տիգրան Ափինյանը, երկրորդ տեղում է Արտաշատի ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Կառլոս Գալստյանը, երրորդ տեղում՝ Տավուշի մարզի Բերդի ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Անահիտ Մկրտչյանը:

Մրցանակներ են հանձնվել նաև «Ամենակտիվ դպրոց», «Լավագույն թիմային աշխատանք», «Լավագույն տեսանյութ», «Լավագույն գեղանկար», «Լավագույն պատմվածք» անվանակարգերում:

Օրվա շրջանակում տեղի է ունեցել նաև «Երեխաների նկարները համացանցում. հրապարակել՝ առանց վնասելու» ուղեցույցի  շնորհանդեսը:

Back to top button