ԿարևորՀասարակություն

ՄԱԿ-ի դատարանում կշարունակվեն Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործով բանավոր լսումները

Ապրիլի 15-ին ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանում կշարունակվեն Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործով բանավոր լսումները։

Հայկական կողմը գլխավորում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

Դատական նիստերի ժամերը (Երևանի ժամանակով) ներկայացված են ստորև՝

  • ապրիլի 15-ին ժամը 12.00-15.00
  • ապրիլի 16-ին ժամը 12.00-15:00
  • ապրիլի 17-ին ժամը 18.30-20.00
  • ապրիլի 19-ին ժամը 12.00-13.30

Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից ներկայացված հայցադիմումի բանավոր քննությունը տեղի կունենա Երևանի ժամանակով՝

  • ապրիլի 22-ին ժամը 12.00-15.00
  • ապրիլի 23-ին ժամը 12.00-15:00
  • ապրիլի 24-ին ժամը 18.30-20.00
  • ապրիլի 26-ին ժամը 12.00-13.30

2021 թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանը վարույթ է հարուցել Ադրբեջանի դեմ՝ Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի խախտման վերաբերյալ:

2023 թվականի ապրիլի 21-ին Ադրբեջանը նախնական առարկություններ է ներկայացրել Դատարանի իրավասության դեմ և, Դատարանի Կանոնակարգի 79bis հոդվածի 3-րդ կետի համաձայն, ըստ էության գործի վարույթը կասեցվել է՝ մինչև Դատարանի որոշումը կայացվի այս նախնական առարկությունների վերաբերյալ:

2023 թվականի ապրիլի 25-ի որոշմամբ Դատարանի նախագահը սահմանել է 2023 թվականի օգոստոսի 21-ը որպես ժամկետ, որի ընթացքում Հայաստանը կարող է գրավոր հայտարարություն ներկայացնել այդ նախնական առարկությունների վերաբերյալ իր դիտարկումների և պնդումների վերաբերյալ։

Այդ ժամկետում Հայաստանը ներկայացրել է իր հայտարարությունը։ Համաձայն Դատարանի Կանոնակարգի 53-րդ հոդվածի 2-րդ կետի, դատարանը, կողմերի տեսակետները պարզելուց հետո, կարող է որոշել, որ Ադրբեջանի նախնական առարկությունների տեքստերը և Հայաստանի գրավոր դիտարկումները հասանելի կլինեն հանրությանը։

Back to top button