Ապրիլի 15-ին մեկօրյա պաշտոնական այցով Երևան կժամանի Ղազախստանի նախագահը։ Կասիմ Ժոմարտ Տոկաևը կհանդիպի ՀՀ վարչապետի և նախագահի հետ։
Մինչ երևանյան հանդիպումները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ղազախստանի նախագահը «փոխանակվել» են հարցազրույցներով: Հայաստանի վարչապետը հարցազրույց է տվել «Казахстанская правда» թերթերին, իսկ Ղազախստանի նախագահը՝ «Արմենպրես» գործակալությանը: Կողմերը այդպիսով նախանշել են քննարկումների առանցքային հարցերը:
Մեկօրյա այցով Հայաստան գալուց առաջ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ազդակ է փոխանցել, որ պաշտոնական Երևանի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը արժանի է ուշադրության և համակողմանի ուսումնասիրության:
«Արմենպրես»-ի հետ զրույցում «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը նա գնահատել է որպես տրանսպորտային նոր գաղափար, այն տարածաշրջանային լոգիստիկ կառուցվածքին միացնելու տեսանկյունից։ Ղազախստանը վաղուց է ուսումնասիրում ծրագիրը, դեռ մեկ ամիս առաջ դրա կարևորության մասին Հայաստանի արտգործնախարարությունում խոսում էր Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրթլեուն.
«Մեզ համար Երևանը հատուկ դեր է խաղում ինչպես ԱՊՀ-ում, այնպես էլ՝ Հարավային Կովկասում: Հայաստանը ունի «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը: Ես կարծում եմ, որ դա չափազանց կարևոր է մեր երկրների համար: Մենք նպատակ ունենք համագործակցելու մեր երկրների հետ այն նպատակով, որ այս միջին միջանցքը վերջապես իրականացնի իր ներուժը ամբողջությամբ: Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական առավելությունը Հայաստանը չափազանց մեծ նշանակություն ունի Ղազախստանի համար միջմայրցամաքային ծրագրերում»:
Ուշագրավ է, որ մեկ ամիս առաջ Ղազախստանի նախագահը Բաքու կատարած այցի շրջանակներում իր ադրբեջանցի պաշտոնակցի հետ այցելել էր Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշի և Վարանդա (Ֆիզուլի): Վարանդայում Ղազախստանի պետբյուջեի միջոցներով և անձամբ Տոկաևի նախաձեռնությամբ կառուցվել է մանկական ստեղծագործական կենտրոն: Իսկ ավելի վաղ Ղազախստանի նախագահը հայտարարել էր, որ Աստանան անկեղծորեն ուրախանում է Ադրբեջանի պատմական հաղթանակի և «սեփական տարածքի նկատմամբ ինքնիշխանության վերականգնման կապակցությամբ»։
«Խաղաղության խաչմերուկ»-ի մասին, ի դեպ, նախօրեին խոսել են նաև Մինսկում: ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստին Հայաստանի փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը ԱՊՀ մասնակից պետությունների տնտեսական փոխգործակցության ներուժի իրացման համատեքստում ընդգծել է «Խաղաղության խաչմերուկ»-ի կարևորությունը, որը ենթադրում է տրանսպորտային և կոմունիկացիոն ուղիների ապաշրջափակում և ցանցի ստեղծում՝ պետությունների ինքնիշխանության և իրավազորության, ինչպես նաև իրավահավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա։
Տնտեսական կապերի առումով «Казахстанская правда» թերթին տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընգծել էր, որ ԵԱՏՄ-ն տնտեսական միավորում է և պետք է զերծ լինի աշխարհաքաղաքական օրակարգից։
«Մենք շարունակում ենք զարգացնել փոխգործակցությունը մեր տնտեսական համագործակցության շրջանակներում՝ ձգտելով կանխել ԵԱՏՄ-ն քաղաքականացնելու ցանկացած փորձերը: ԵԱՏՄ-ն և նրա տնտեսական սկզբունքները չպետք է փոխկապակցվեն քաղաքական հավակնությունների հետ: Առևտրի և ինտեգրման հիմնական ազատությունները չեն կարող և չպետք է սահմանափակվեն քաղաքական նկատառումներով, ինչը կհանգեցնի միավորման հիմնարար սկզբունքների կորոզիայի»,- հայտարարել է Փաշինյանը:
Պաշտոնական Երևանը պարբերաբար հերքում է լուրերը, որ արևմուտքի աջակցությամբ Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման ծրագրերը ենթադրում են հրաժարում, ասենք՝ ԵԱՏՄ-ից կամ ԱՊՀ-ից:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյան.
«Հայաստանը այս տարի ԵԱՏՄ-ում նախագահող երկիր է՝ իր բոլոր հետևանքներով և աշխատանքային հարցերով: Հայաստանը շարունակում է իր գործունեությունը ԵԱՏՄ շրջանակներում: Խորհրդարանում ամեն երկրորդ քառօրյային ԵԱՏՄ որևէ կանոնակարգի կամ որևէ կարգավորման հետ կապված օրենսդրություն է փոփոխվում կամ համաձայնագրերն են վավերացվում: Այստեղ աշխատանքային գործընթաց կա ԵԱՏՄ հետ և Հայաստանի տնտեսական զարգացումը, Հայաստանին տնտեսական դիվերսիֆիկացմանը միտված քայլերը չեն կարող ուղղված լինել որևէ երրորդ երկրի դեմ»:
Ի դեպ, ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստի ավարտին ընդունվել է, առաջին հայացքից, քաղաքական որևէ դրդապատճառ չունեցող հայտարարություն: «Լրագրողների մասնագիտական գործունեության համար անվտանգ պայմանների ապահովման և նրանց իրավունքների ոտնահարման անթույլատրելիության մասին» հայտարարության մշակման ժամանակ հայկական կողմը լրացումներ է առաջարկել, որոնք ընդունվել են: Ըստ ամենայնի, այն հատվածն է, որտեղ ընդգծվում է ԱՊՀ մասնակից պետությունների ժողովուրդների և ազգային արժեքների նկատմամբ վիրավորական բովանդակությամբ թողարկումների անթույլատրելիությունը: