ԿարևորՀասարակություն

Կառավարությունը գյուղատնտեսության ոլորտում նախատեսում է մասամբ կիսել նաև ապահովագրական ռիսկը

Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ 2024 թ. գյուղատնտեսական տարվա համար գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացումն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված։ Ըստ հիմնավորման՝ ծրագրի շրջանակում 2023 թ. ապահովագրվել են ծիրան, խաղող, դեղձ, սալոր, խնձոր, կեռաս, բալ, ձմերուկ, սեխ, կարտոֆիլ, աշնանացան/գարնանացան ցորեն, գարի և վարսակ մշակաբույսերը։ Ապահովագրվող ռիսկերն են եղել՝ գարնանային ցրտահարությունը, երաշտը, կարկուտը և հրդեհը։ 2023 թ. գյուղատնտեսական տարվա համար ապահովագրվել էր 11 662 հա հողատարածք, ապահովագրավճարը կազմել էր շուրջ 1,8 մլրդ դրամ, դեկտեմբերի 31-ի դրությամբ տրամադրվել էր շուրջ 3864 ապահովագրական հատուցում՝ շուրջ 2,7 մլրդ դրամի չափով։

Ինչպես նշել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, 2024 թվականին, պայմանավորված ՀՀ գյուղատնտեսության ապահովագրության շուկայից վերաապահովագրական ընկերության դուրս գալով, ապահովագրական ընկերությունները չէին կարող ստանձնել ապահովագրության ռիսկերն ամբողջությամբ՝ հաշվի առնելով կլիմայի փոփոխությամբ պայմանավորված բարձր վնասաբերությունը։ «Այդ է պատճառը, որ ծրագիրը ժամկետից ուշ մեկնարկեց, ուստի անհրաժեշտություն է առաջացել այս տարվա համար ժամանակավոր լուծում գտնել և վերափոխել ծրագրի մոտեցումները: Ծրագրին ապահովագրական ընկերությունների մասնակցությունը ապահովելու համար առաջարկվում է, որ այս տարի կառավարությունը, բացի ապահովագրավճարների սուբսիդավորումից, մասամբ կիսի ապահովագրական ռիսկը: Այսինքն՝ կաջակցի նաև ապահովագրական ընկերություններին ապահովագրական հատուցումների որոշակի շեմը գերազանցելու դեպքում՝ փոխհատուցում տրամադրելու միջոցով»,- ասել է Գևորգ Պապոյանը։

Մասնավորապես՝ նախատեսվում է գործակալության անդամ յուրաքանչյուր ապահովագրական ընկերությանը փոխհատուցել ապահովագրական ընկերության կողմից ընդհանուր հավաքագրված ապահովագրավճարի հանրագումարի 70 տոկոսի չափը գերազանցող տնտեսվարողներին փոխհատուցված ապահովագրական հատուցումների 80 տոկոսը: Նախարարը նշել է, որ  2024 թվականին կառավարությունն աջակցություն է ցուցաբերելու նաև գյուղատնտեսությանն ապահովագրողների ազգային գործակալության գործառնական և մնացած այլ ծախսերի համար։

«Հիմք ընդունելով մշակաբույսերի ապահովագրության ժամկետներն ըստ մշակաբույսերի և ռիսկերի՝ նախատեսում ենք, որ այս տարի կկարողանանք ապահովագրել դեղձը, սալորը, խնձորը, կեռասը, բալը, ձմերուկը, սեխը, կարտոֆիլը կարկուտի ռիսկից, իսկ հացահատիկային մշակաբույսերը ցորենը, գարին և վարսակը՝ երաշտի ռիսկից»,- ասել է Գևորգ Պապոյանը:  Նախարարը  ներկայացրել է ցանկում կատարված փոփոխությունները՝  հացահատիկային մշակաբույսերն այս տարի չեն ապահովագրվի կարկուտից, բայց կապահովագրվեն երաշտից, իսկ, օրինակ՝ խնձորը, բալը, կեռասը չեն ապահովագրվի գարնանային ցրտահարությունից:

 Վարչապետը կարևորել է ընդունված որոշումը, բայց միաժամանակ ընդգծել այն լավարկելու անհրաժեշտությունը: Նշվել է՝  տեղեկություններ կան, որ մարդիկ գիտեն, որ ամեն տարի այդտեղ կարկուտ է գալիս, գնում հենց այդտեղ ցորեն են ցանում:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ սա ամենաբարդ բարեփոխումներից է,  քանի որ մի քանի տարի ներդրված ապահովագրական համակարգը, բնականաբար, չի կարող նախատեսել բոլոր ռիսկերի ճիշտ կառավարումը: Ըստ փոխվարչապետի՝ կառավարությունը, մի քանի տարի սուբսիդավորելով այդ համակարգը, նպատակ է ունեցել այդ ծառայության նկատմամբ առաջացնել շուկայական պահանջարկ, ավելացնել ֆինանսական համակարգի հետաքրքրվածությունը՝ որպես երկարատև եկամտաբեր գործունեություն:   

Նիկոլ Փաշինյանը կարևորել է  համակարգի զարգացումը, կարգաբերումն ու լավարկումը և նշել, որ այն  պետք է լրացուցիչ խթան հանդիսանա գյուղացու համար, որպեսզի նա հողը մշակի. «Ստացվում է, որ մենք փոխանակ մարդուն շահագրգռենք, որ ինքը բերք ստանա, շահագրգռել ենք, որ կարկուտ կամ ապահովագրություն ստանա»:

Կառավարության ղեկավարը հավելել է, որ պետք է ներդրվեն գյուղատնտեսության զարգացման խթաններ պարունակող մեխանիզմներ, որոնք հետաքրքիր կլինեն ապահովագրական և վերապահովագրող կազմակերպություններ համար: «Մենք մի կողմից մեր սիրելի գյուղացիների համար շահավետ պայմաններ ենք ստեղծել, բայց չենք մտածել, որ միջազգային վերապահովագրողը մի օր կասի՝ գիտեք ինչ ընկերներ, ոնց որ թե սխալ սխեմա եք հիմքում դրել: Քաղաքականությունների հիմքում պետք է ճիշտ ֆինանսական սխեմա լինի: Մենք ուզում ենք գյուղատնտեսությունը սուբսիդավորենք, մյուս կողմից էլ գյուղացիներին ուզում ենք օգնել, որ ոչ թե  նրանք չզբաղվեն գյուղատնտեսությամբ, այլ զբաղվեն իրական գյուղատնտեսությամբ: Մենք պետք է արձանագրենք, որ պետք է ապահովագրական համակարգը զարգացնենք»,- նշել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշել է՝ նախ անհրաժեշտ է կենտրոնանալ ապահովագրության համակարգի վրա, որպեսզի այն դառնա վստահելի մեխանիզմ բոլոր կողմերի համար՝  և՛ կառավարության, և՛ ապահովագրողի, և՛վերապահովագրողի, և՛ գյուղացու, և երկարաժամկետում՝ պետք է  անել հնարավորը  համակարգը զարգացնելու համար՝ հաշվի առնելով առկա մարտահրավերները:

Back to top button