ԿարևորՌեպորտաժներՏնտեսական

Իշխանական պատգամավորը շեշտում է գնանկումն ու աշխատավարձի աճը, ընդդիմադիրը՝ տնտեսական աճի դանդաղումը

Խորհրդարանում քննարկվել է կառավարության գործունեւոյթան 2023 թվականի ծրագիրը։ Այն ներառում է անցած տարվա ընթացքում գործադիրի կատարած աշխատանքի արդյունքը տարբեր ոլորտներում։ Տարին, ըստ էության, առանձնահատուկ է եղել կառավարության համար։ Բացի հիմնական գործառույթներից, գործադիրը բազմաթիվ ծրագրեր է իրականացրել Արցախի հայաթափումից հետո բռնի տեղահանված 100 հազարից ավելի մեր հայրենակիցների կարիքների բավարարման համար։ Արդեն իրագործված ու դեռ իրականացվելիք հիմնական ծրագրերին անդրադարձել են երեկ։ Իսկ այսօր՝ տնտեսական հիմնական ցուցանիշներն են ներկայացվել։

Տնտեսության բոլոր ոլորտներում 2023–ին աճ է գրանցվել՝ բացառությամբ գյուղատնտեսության․ խորհրդարանի Տնտեսական հարցերի մշտական հնաձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանն արձանագրում է՝ գնաճ չկա, աշխատավարձը առաջանցիկ ավելացել է․

«12 ամսյա կտրվածքով մենք գնանկում ենք ունեցել, ոչ թե գնաճ։ Միջին տարեկան գնաճը կազմել է երկու տոկոս։ 12․6 տոկոսով աճել է աշխատավարձը»։

Թունյանն արձանագրում է՝ աշխատանքի արտադրողականությունն է 15 անգամ աճել։ Թվերը այդ մասին են փաստում․

«2023–ի տվյալներով՝ մեկ ժամ աշխատանաժամանակի արժեքը 9․6 դոլար է եղել, իսկ 2021–ին՝ 6․2 դոլար էր։ Գործազրկության մակարդակը կազմել է 12 տոկոս։ Մեր ծրագրով նախատեսում ենք մինչև 2026թ գործազրկության մակարդակը իջեցնել»

2023–ի կապիտալ ծախսերը 96 տոկոսով կատարվել են՝ արձանագրում է Բաբկեն Թունյանը։ Թվերի հիմքում տարբեր ոլորտներում կատարվող աշխատանքներն են։

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյան․ «Ճանապարհաշինական ծրագրերով հիմնանորոգվել, նորոգվել և միջին նորոգվել է շուրջ 800կմ երկարությամբ ճանապարհատվածներ։ Շուրջ 501 կմ ճանապարհների աշխատանքները ամբողջությամբ ավարտվել են։ 321 կմ հիմնանորոգման, 149 կմ միջին նորոգման աշխատանքներ են կատարվել, վերականգնվել է  57 կամրջային անցում»։

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը կատարված աշխատանքների որակից է դժգոհ․ «Իմ տնից ես դուրս եմ գալիս, մեկին հանձնարարեք թող հաշվի, թե քանի փոս կա Ադոնց 6–ից մինչև ԱԺ շենք։ Արդյո՞ք դա մսխում չի։ Փողը տվել եք, կառուցվել է, կառուցման ժամանակ եղել է անհարմարություն, մսխվել են քաղաքացու ժամանակը և ռեսուրները»։

Փոխվարչապետը նշում է՝ փոսեր կան տարբեր փողոցներում։ Դրանք նոր երևույթ չեն, կվերացվեն՝ ասում է։

Իրականացվող կապիտալ ծախսերի ծավալը Բաբկեն Թունյանին հետևություններ անելու հնարավորություն է տվել։ Նա կարծում է, որ տնտեսական աճի համար նախադյալներ են ստեղծվել։ Բայց պատգամավոր Արթուր Խաչատրյանը այլ միտումներ է տեսնում․

«Տնտեսական աճի տեմպերը մեկ երրորդով դանդաղել են։ Արդյո՞ք այս զեկույցում այդ մասին անդրադարձ չպետք է լիներ»։

Բաբկեն Թունյանն արձանագրում է՝ ո՞րն է բազիսային կետը, երբ  հայտարարվում է տնտեսական աճի դանդաղման մասին։ Նա հիշեցնում է կառավարության որդեգրած թիրախը՝ տարեկան ապահովել 7 տոկոս տնտեսական աճ։ Արթուր Խաչատրյանը, այդուհանդերձ, կարծում է, որ խնդրահարույց ցուցանիշները նույնպես պետք է ներառվեին զեկույցում։ Բաբկեն Թունյանի դիտարկմամբ, եթե պատգամավորի նշած բոլոր հարցերը կառավարության կատարողականի զեկույցում ներառվեին, ապա այն ծավալուն կլիներ և ոչ ոք այն չէր կարդա։

Back to top button