ԿարևորՌեպորտաժներՏնտեսական

Միասնական ու անվտանգ․ ԵԱՏՄ-ում նոր կանոնակարգեր են գործում

ԵԱՏՄ երկրներում վաճառվող ապրանքը պետք է անվտանգ լինի՝ արձանագրում են միության անդամ երկրներում։ Փորձ է արվում հնարավորինս միասնական կանոնակարգեր մշակել և դրանք գործածության մեջ դնել։ Առաջ եկած հարցերը փորձ է արվում կարգավորել միասնական մաքսային օրենսգրքի օգնությամբ։

Կարգավորումներից մեկը մեքենաների էլեկտրոնային անձնագրերին է վերաբերում։ Կանոնակարգի գործընթացն արդեն զգալի առաջընթաց է գրանցել Ռուսաստանում, նման համակարգեր ստեղծվում են նաև Բելառուսում ու Ղազախստանում: Այժմ խնդիր է դրված ազգային համակարգերը միավորել մեկ վերազգային համակարգի մեջ։

էլեկտրոնային անձնագրերի միասնական համակարգ՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում։ Էլեկտրոնային անձնագիրը փոխարինում է տրանսպորտային միջոցի թղթային անձնագրին։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման հարցերով նոր նախարար Վալենտին Տատարիցկի․ «Էլեկտրոնային անձնագիրը հնարավորություն է տալիս, որ ԵԱՏՄ անդամ մի հանրապետությունից մյուսը տեղափոխվող քաղաքացիները կարողանան հնարավորինս պարզեցված կարգով վաճառել մեքենան, վերաձևակերպել այն, այլ գործարքներ կատարել։ Պարզեցված կարգով գործարքներ կատարելը պետք է գործի ԵԱՏՄ անդամ երկրների միջև»։

Ռուսաստանի Դաշնությունն էլեկտրոնային անձնագրերին անցել է 2020 թվականին: 2023–ին ակտիվ աշխատանքներ սկսեցին Բելառուսը,Ղազախստանը։ Էլեկտրոնային անձնագիրը տեղեկություններ է պարունակում տեխնիկական բնութագրերի, տրանսպորտային միջոցի շահագործման ընթացքում վթարների, կիրառված սահմանափակումների, ապահովագրության, սեփականատերերի մասին: ԵԱՏՄ անդամ երկրներում միասնական կանոնակարգերը հեշտացնում են առևտրային հարաբերությունները, բայց հաճախ միասնական կանոնակարգերի ուժի մեջ մտնելը երբեմն հետաձգվում է ՝ բարելավումներ կատարելու նպատակով։

Օրինակ՝ ԵՏՀ խորհուրդը ռուսական կողմի առաջարկով որոշել է փոփոխություններ և ճշտումներ կատարելու նպատակով «Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» միության տեխնիկական կանոնակարգի ուժի մեջ մտնելու ժամկետը 2024 թվականի հունվարի 1-ից տեղափոխել 2024 թվականի հուլիսի 1-ը։ Այդ ընթացքում, մասնավորապես, նախատեսվում է կարգավորել գարեջրագործական և գինեգործական արտադրանքի պահանջների հետ կապված հարցերը։ ԵՏՀ խորհրդի ընդունած որոշումը թույլ կտա, որ ալկոհոլային շուկայի մասնակիցները մոլորության մեջ չգցեն սպառողներին, ինչպես նաև վերացնեն քաղաքացիների առողջությանը և կյանքին սպառնացող հնարավոր վտանգների ռիսկերը, ասում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման հարցերով նոր նախարար Վալենտին Տատարիցկին․

 «Նախատեսված է անցումային ժամանակաշրջան՝ մինչև 2027թ հունվարի 1–ը։ Առաջ եկած հարցերը բավարար չափով քննարկվում են։ Բացի այդ, մասնագետներից կազմված աշխատանքային խումբ է գործում, որտեղ քննարկում են բոլոր մոտեցումները։ Ռուսական կողմն է առաջարկել կարգավորել այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են գարեջուրը, խաղոից արտադրված գինին»։

Գրեթե տասը տարի Հայաստանն անդամակցում է ԵԱՏՄ–ին, որը  ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: ԵԱՏՄ անդամ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն ընդգծում է՝ ՀՀ–ն ամենաշատն է շահել ԵԱՏՄ անդամակցության տասը տարիներին։ Տնտեսագետը ընդգծում է՝ տասը տարում ՀՀ առևտրաշրջանառությունը հատկապես ԵԱՏՄ երկրների հետ 10 անգամ աճել է։ Սա խոսուն ցուցանիշ է։ Բայց ԵԱՏՄ անդամ երկրներից միայն ՌԴ հետ են լուրջ տնտսական հարաբերություններ։ Թաթուլ Մանասերյանը նշում է՝ ԵԱՏՄ անդամ երկրների հետ առևտրաշարջանառությունը զարգացնելու համար խնդիրներ կան․

«Լոգիստիկայի խնդիրն է։ Մենք հնարավորություն ունենք Ղազախստանի հետ կապերը ընդլայնելու, բայց լոգիստիկան լավը չէ, խոչընդոտում է։ Բելառուսի հետ նույնպես կարող ենք կապեր հաստատել։ Ղրղզստանի հետ ավելի դժվար կլինի, քանի որ տնտեսությունը անկում է գրանցում։ Իրենք ավելի շատ Չինաստանի հետ են աշխատում»։

2024 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է նախագահությունը Եվրասիական տնտեսական միության մարմիններում և 2024 թվականի ընթացքում նախագահելու է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը, Եվրասիական միջկառավարական խորհուրդը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը։ ԵԱՏՄ պայմանագրին համապատասխան, նախագահությունը Բարձրագույն խորհրդում, Միջկառավարական խորհրդում և Հանձնաժողովի խորհրդում իրականացվում է ռոտացիոն հիմունքներով՝ ռուսերեն այբբենական կարգով, մեկ անդամ պետության կողմից օրացուցային մեկ տարվա ընթացքում՝ առանց երկարաձգման իրավունքի։

Back to top button