ԿարևորՄիջազգայինՌեպորտաժներ

Իրանը դժվար թե լայնամասշտաբ պատերազմի մեջ ներքաշվի, բայց Իսրայելին պատասխանը չի ուշանա․ փորձագետներ

Որքանո՞վ է հավանական, որ Իրանը ներքաշվի Իսրայելի հետ լայնամաշտաբ պատերազմի մեջ, ինչի մասին այսօր ինտենսիվ տեղեկություններ են տարածվում և զգուշացումներ արվում։ Իսրայելն անգամ պատրաստվել է Իրանի պատասխան հարվածին Դամասկոսում իրանական հյուպատոսության վրա հարձակումից հետո։ Փորձագետները հիշեցնում են, որ Թեհրանը բավականին զուսպ է պատասխաններում և երբեք չի շտապում պատասխան հարձակումներ գործել, սակայն սա այն դեպքն է, որ անկասկած պատասխան հարված կլինի, այն էլ մոտ օրերս։

Իսրայելի հետախուզական տվյալներով՝ շատ հավանական է, որ Իրանը հարձակում գործի Սիրիայում իրանական հյուպատոսության վրա իսրայելական հարվածից հետո։ Ըստ Իսրայելի հետախուզության տվյալների՝ հարձակումը կարող է տեղի ունենալ Իրանի տարածքից հրթիռների ու անօդաչու թռչող սարքերի միջոցով։

Իսրայելի մտավախությունը անհիմն չէ։ Թեհրանը Դամասկոսում մի քանի օր առաջ Իրանի հյուպատոսության վրա հարձակումից հետո հայտարարեց, որ վճռական պատասխան կտա Իսրայելին։ Իրանագետ Գարիկ Միսակյանը, վերլուծելով իրավիճակը, նախ հստակեցնում է, որ Թեհրանին դժվար է ներքաշել լայնամասշտաբ պատերազմի մեջ, քանի որ Իրանում լավ հասկանում են իսրայելական նպատակները։

«Ավելի շուտ ռազմական օբեկտներ կարող են թիրախավորվել, բայց  մյուս կողմից, իրանական կողմը լավ հասկանում է, որ իրեն փորձում են ներքաշել լայնամասշտաբ ռազմական գործողությունների մեջ։ Սակայն իրանական կողմը պարտավոր է պատասխան հարվածներ հասցնել՝ սեփական վարկանիշից ելնելով։ Բայց փորձելու է այնպես անել, որ Իրանին չներքաշեն լայնամաշտաբ ռազմական գործողության մեջ, հատկապես, որ Հեզբոլլահի միջոցով հարվածներ հասցնելու հնարավորություն կա, նաև սեփական երկրի տարածքից հեռահար հարվածների տարբերակը կա։ Դեռ իրանական կողմից նշաններ չկան և բավականին դժվար է կանխատեսել, թե ինչ կանի իրանական կողմը։ Այդ երկիրը ռազմավարական սպասողական քաղաքականություն է վարում, ոչ թե տաք գլխով գործելու։ Հավանաբար այդքան արագ չի պատասխանելու, որպեսզի բթացնի իսրայելական զգոնությունը»։

Արաբագետ Արմեն Պետրոսյանի կարծիքով, սակայն, Թեհրանը դեռ երկու օր առաջ պետք է պատասխաներ ու շատ հավանական է, որ մոտ օրերս պատասխան հարվածը լինի։

«Միանշանակ կանխատեսելի է Իրանի կողմից որևէ պատասխան գործողություն, քանի որ Իսրայելի անթույլատրելի հարձակումը հակասում է միջազգային իրավունքի սկզբունքներին։ Իհարկե, չեմ կարող կանխատեսել հնարավոր պատասխանի մասշտաբը և ձևաչափը, բայց այն, որ պատասխան լինելու է, դա միանշանակ է, և դա պահանջում է Իրանի ներկա գործող վարչակարգի տարածաշրջանային քաղաքական օրակարգը, երբ արդեն թիրախ է Իրանի դիվանագիտական ներկայացուցչությունը, Իրանը չի կարող դա անպատիժ կամ անպատասխան թողնել»։

Վաշինգտոնից շտապում են հայտարարել, որ մտահոգված են Իրանի և Իսրայելի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությամբ։

Սպիտակ տան Ազգային Անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին հստակեցնում է, որ իրանական հարձակման թեման քննարկել են Իսրայելի վարչապետ Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Նշվել է, որ անվտանգության ոլորտում ամերիկյան օգնությունը միայն Գազայի հատվածի համար չէ։ ԱՄՆ կաջակցի Իսրայելին, կօգնի պաշտպանվել իրանական սպառնալիքներից, պարզաբանել է Սպիտակ Տունը։

Արմեն Պետրոսյան․ «Օվկիանոսից այն կողմ մտահոգությունները բնական են, քանի որ ԱՄՆ հանդիսանում է Իսրայելի առանցքային դաշնակիցը, և եթե լրջագույն անվտանգային մարտահրավեր առաջանա Իսրայելի համար, դրանից անմասն չի կարող մնալ ԱՄՆ–ն, և դա է պատճառը, որ ԱՄՆ–ն փորձում է հնարավորին մեղմել պատասխան հարվածի մասշտաբը»։

Իրանագետ Գարիկ Միսակյանը ևս համոզված է, որ Իսրայելի դաշնակիցներին այս պահին Իրան-Իսրայել լայնածաված պատերազմ հարկավոր չէ։

«Այս փուլում կարծում եմ՝ ոչ ոքի անհրաժեշտ չէ լուրջ ռազմական գործողություն։ Կարծում եմ այս պահին Նաթանյահուի համար սեփական երկրի ներսում խնդիրներից ուշադրությունը շեղելու փորձ է արվում»։

Իսրայելը բոլոր ճակատներում բարձր պատրաստվածության վիճակում է, ամեն դեպքում Իսրայելի ԶՈՒ պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարին վստահեցնում է , որ բանակը տարբեր ճակատներում պաշտպանության և հարձակման պատրաստվածության բարձր մակարդակի է բերվել, քանի որ լուրջ են վերաբերվում ցանկացած հայտարարության և երկրի բոլոր թշնամիներին։ Նշվում է նաև, որ ուժեղացվել են հակաօդային պաշտպանության համակարգերը։

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա իսրայելական հարձակումից զոհվել էին իրանցի բարձրաստիճան բարձրաստիճան զինվորականներ։

Back to top button