ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Ցուցանիշները նվազում են, բայց անելիքներ դեռ կան․ մարտի 25-ը տուբերկուլյոզի դեմ պայքարի օրն է

Այսօր տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է։ Մասնագետներն արձանագրում են՝ ՀՀ-ում վերջին 10 տարիներին տուբերկուլյոզի դեպքերի ցուցանիշը նվազել է մոտ 62 տոկոսով։ Հիվանդության դեմ պայքարի ռազմավարության ծրագիրը Հայաստանում գործում է 2003 թվականից։ Դրա շրջանակներում կատարվում են  միջոցառումներ, որոնց նպատակն է հիվանդացության և մահացության նվազեցումը:

Տուբերկուլյոզը աշխարհի հնագույն և տարածված հիվանդություններից է։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից համազգային աղետ հայտարարված հիվանդությունը մեր օրերում դարձել է կանխարգելելի և բուժելի, բայց մնում է հանրային առողջապահական գերակա խնդիրներից մեկը։ Թոքաբանության ազգային կենտրոնի տուբերկուլոզի ազգային ծրագրի տվյալների կառավարման և մշտադիտարկման բաժնի ղեկավար Անուշ Խաչատրյանի խոսքով՝ Հայաստանում 2023-ին արձանագրվել է տուբերկուլյոզի հիմնական ցուցանիշների նվազում: Վերջին 10 տարիներին այդ ցուցանիշը նվազել է մոտ 62 տոկոսով:

«Նշեմ, որ մահացության ցուցանիշով Հայաստանը բավականին ցածր է այլ երկրների համեմատ, այստեղ ունենք ակնառու առաջընթաց: Մահացության առումով վերջին 22-23 տարիներին ունեցել ենք նվազում 14 տոկոսով: 100 հազար բնակչի հաշվով անցած տարի արձանագրել ենք 1 մահ»։

Բնակչության շրջանում տուբերկուլյոզը ավելի շատ հայտնի է «թոքախտ» անունով, և կա կարծրատիպ, թե տուբերկուլյոզ ասվածընույնականացվում է թոքախտի հետ՝ նշում է հետբուհական ուսումնակրթական ծրագրերի փորձագետ, ավագ կլինիկական մասնագետ Լյուբով Նիկոլայանը: Բայց քանի որ այդ հարուցիչը խոցում է բոլոր օրգան-համակարգերը, ուրեմն բոլոր օրգաններն էլ կարող են ախտահարվել: 

«Բնականաբար, յուրաքանչյուր օրգան ունի իր գործառույթը և ըստ այդ գործառույթի տուժելու աստիճանի մարդն արձագանքում է իր ներքին ազդակներին, թե որ օրգանն է տուժել: Բայց 90 և ավելի տոկոսը ախտահարվում են թոքերը, և առաջին պլան են մղվում շնչառական համակարգի ախտանիշները։ Դա հազն է, խորխարտադրությունն է, արյունախխումը՝ բարդացած դեպքերում: Բացի այդ՝ ցավեր կրծքավանդակում, շնչարգելություն»:

Տուբերկուլյոզի դեմ պայքարի հիմնական միջոցառումներն են հայտրաբերումը, բուժումը և կանխարգելումը՝ նշում է Անուշ Խաչատրյանը։ Հայտնաբերելիության համար կիրառվում են արագ ախտորոշիչ թեստերը, երբ մի քանի ժամվա ընթացքում խորխի հետազոտության միջոցով հայտնաբերվում է ոչ միայն հարուցիչը, այլև տուբերկուլյոզի տեսակը։

«Հայնրաբերման հարցում երկրորդ գործոնը արհեստական բանականության համակարգի կիրառումն է, թոքերի նկարումը, որը վերջին 2 տարիներին լայն տարածում ունի: Երրորդ ձեռքբերումներից է կարճաժամկետ բուժման ներդրումը»։

Հայաստանում 2023թ․-ին 396 առաջնակի և 28 կրկնահիվանդացման դեպք է արձանագրվել։ Նախորդ տարվա համեմատ ցուցանիշը զգալիորեն նվազել է։

«2022-ին 472 դեպք է արձանագրվել, որից 440-ը առաջնակի էին։ Թվերը, իհարկե, նվազում են, բայց դա դեռ չի նշանակում, որ մենք հաղթահարում ենք։ Այստեղ պետք է խոսել նաև հայտանբերման միջոցառումների արդյունքնորի մասին։ Խրախուսելի է, երբ աճում է հայտնաբերելությունը, դիմելիությունը»։

Չնայած լավ ցուցանիշներին, հատկապես բազմադեղակայուն տուբերկուլոզի, տարածվածության կանխարգելման, բուժման արդյունավետության բարձրացման, խարանի նվազեցման առումով դեռևս անելիքներ կան՝ նշում են մասնագետները։ Թոքաբանության ազգային կենտրոնը համարվում է Հայաստանում միակ տուբերկուլոզային բազմապրոֆիլային կենտրոնը, որի հիմնական նպատակն է արագ, ճշգրիտ ախտորոշել տուբերկուլոզը, իրականացնել միջազգային չափորոշիչներին համապատասխան բուժում և կյանքի կոչել տուբերկուլոզի ռազմավարական ծրագիրը։ Առողջապահության նախարարությունից հիշեցնում են՝ տուբերկուլոզի բուժումը և հայտնաբերումը Հայաստանում անվճար է` իրականցվում է պետական պատվերի շրջանակներում։

Back to top button