ԿարևորՔաղաքական

Արձաններ տեղադրելիս ուղերձներ չեն հղվում. Երեւանի փոխքաղաքապետը Միկոյանի արձանի մասին

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Հարցը, թե ինչպես է կատարվել Բյուջե 2013-ը տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման ոլորտում, խորհրդարանում քննարկել են օրվա երկրորդ կեսին: Երևանի փոխքաղաքապետն ու մարզպետները պագամավորներին հաշվետվություն են ներկայացրել բյուջեից ստացված ու ծախսված միջոցների մասին: Ի դեպ՝ մարզերից 3-ի՝ Արարատի, Կոտայքի ու Տավուշի մարզպետների համար այս քննարկումը խորհրդարանական առաջին քննությունն է դարձել: Նրանք ոչ միայն շնորհավորանքներ են ստացել իրենց պաշտոնները ստանձնելու առիթով, այլ նաև ստիպված են եղել պատասխանել տարաբնույթ հարցերի: Իսկ այն ընթացքում, երբ խորհրդարանում քննարկվել է բյուջեի կատարողականը, հերթական դռնփակ նիստն է հրավիրել ոչ իշխանական ուժերի քառյակը: Վերջնական հստակեցումներ առայժմ չկան:

Արդեն որերորդ անգամ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը չի ներկայանում բյուջեի կատարողականի քննարկումներին ՝ տարածքային կառավարման ոլորտին վերաբերող նիստի ժամանակ սա պատգամավորների առաջին ու հիմնական արձանագրումն էր: Երկրորդ դիտարկումը թվային ցուցանիշների մասին էր: Միայն ստացածն ու ծախսածը ներկայացնելը բավարար չէ, կարևոր է հասկանալ, թե այդ գումարների ծախսման արդունքում ի՞նչ բովանդակային փոփոխություն է տեղի ունեցել: Սա ։մասնավորապես։ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի դիտարկումն էր։  Իսկ հարցերը, որոնք հետաքրքում էին պատգամավորին Բյուջե 2013-ի կատարման հետ ուղիղ կապ չուներին, բայց հետաքրքրում են երևանցիներից շատերին:

Փաշինյանը Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ և ինչպե՞ս որոշվեց մայրաքաղաքում տեղադրել Անաստաս Միոկյանի արձանը. «Երևանում Միկոյանի արձանը տեղադրելով դուք ի՞նչ եք ուզում ասել մեզ՝ Երևանի քաղաքացիներին, ի՞նչ ուղերձ եք հղում»,- ասում էր Փաշինյանը։ Ուղերձի մասով փոխքաղաքապետի արձագանքն առավել քան միանշանակ էր. «Արձաններ տեղադրելիս ուղերձներ չեն հղվում»։

Ինչ վերևաբերում է հարցին, թե որն է քաղաքապետարանի դիրքորոշումը, ապա Կամո Արեյանը տեղեկացրեց, որ ըստ գործող օրենսդրության, մայրաքաղաքում արձանների տեղադրման, աշխարհագրական անվանակոչության իրավունքը վերապահված է Երևանի ավագանուն՝ համապատասխան առաջարկների հիման վրա: Միկոյանի արձանը տեղադրելու առաջարկը եղել է քաղաքացիական նախաձեռնության կողմից, ավագանին տվել է իր համաձայնությունը, ասաց Արեյանը՝ հավելելով , թե կարծիքները միանշանակ չեն։ Ըստ Արեյանի՝ առայժմ չկա նաև արձանի էսքիզային տարբերակը և ֆինանսավորման աղբյուրներն էլ պարզ չեն։

Փաշինյանի երկրորդ հարցը տրանսպորտի սակագնին էր վերաբերում ՝ թանկացում սպասվո՞ւմ է, թե՞ ոչ:  Վերջնական պատասխան հարցն առայժմ չունի կամ այն առայժմ չհնչեց խորհրդարանում: Փոխքաղաքապետը նշեց միայն , որ բոլոր հարցերի պատասխանները սպասվում են մասնագիտական հանձնաժողովից: Այն փորձագետների առաջարկներն արդեն ամփոփել է, դրանք այս պահին քննարկման փուլում են։

Բյուջեի կատարողականը ողջ շաբաթվա ընթացքում ըստ ոլորտների կքննարկվի խորհրդարանական հանձնաժողովներում, ապա քննարկումը կտեղափոխվի նիստերի դահլիճ։

Ոչ իշխանական 4 ուժերի այսօրվա դռնփակ նիստի ընթացքում, ի դեպ, քննարկվել է 2013 թ. բյուջեի կատարողականի քվեարկության ժամանակ միասնական դիրքորոշման հարցը: Ըստ Նաիրա Զոհրաբյանի ՝ որոշվել է դեմ քվեարկել կատարողականին այն հիմնավորմամբ, որ 4 ուժերը 2013թ. բյուջի նախագծին դեմ են արտահայտվել , ուստի կատարողականին նույնպես դեմ կքվերակեն։

Ինչ վերաբերում է այսօրվա նիստին, ապա հստակ որոշումներ առայժմ չկան և 4 ուժերը դրանք խոստանում են հաջորդ նիստին: Քառյակը, մասնավորապես, պատրաստվում է հրատապ լուծում պահանջող խնդիրների փաթեթ մշակել ու այն ներկայացնել կառավարությանը: Ըստ Նաիրա Զոհրաբյանի ՝ օրակարգում 10-ից ավելի հարց է, վերջնական ցանկը պարզ կդառնա հաջորդ նիստին: «Քառյակի հաջորդ նիստից հետո արդեն հստակ կներկայացնենք այն խնդիրները, որոնց շուրջ մենք միասնական համաձայնության ենք եկել և մեր քայլերի հստակ ժամանակացույցը»,- ասաց։

 

Back to top button