ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

2024-ը կլինի ամենատաք տարին աշխարհում

Այսօր օդերևութաբանության համաշխարհային օրն է։ 1961 թվականից ամեն տարի այս օրը Համաշխարհային օդերևութաբանական կազամակերպության կողմից նշվում է հատուկ կարգախոսով՝ ընդգծելով հրատապ լուծումներ պահանջող խնդիրները: 2024 թվականի կարգախոսն է՝ «Կլիմայական գործողությունների առաջնագծում»։ Օդերևութաբաններն ասում են՝ վերջին ինը տարիներն ամենատաքն են վերջին երեք հարյուր տարիների ընթացքում։ Ուշագրավ է, որ Հայաստանում օդի ջերմաստիճանի տաքացման տեմպերը գերազանցում են գլոբալ տաքացման միջին տեմպերը։

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության 174 տարիների գլոբալ դիտարկումների և տվյալների վերլուծությունը ցույց են տալիս, որ վերջին 9 տարիները՝ 2015-2023 թվականները, Երկիր մոլորակի ամենատաք տարիներն են։ 2023-ը ամենատաքն էր․ տարեկան միջին ջերմաստիճանը նախաարդյունաբերական շրջանի ջերամաստիճանից բարձր է եղել 1.45 աստիճանով։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրեն Լևոն Ազիզյանի խոսքով՝ ԱՄՆ օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների վարչության կանխատեսումներով՝ 45 տոկոս հավանականությամբ 2024-ը գերազանցելու է 2023-ը և ընդգրկվելու է ամենատաք տարիների հնգյակում։ Հայաստանում օդի ջերմաստիճանի տաքացման տեմպերը գերազանցում են գլոբալ տաքացման միջին տեմպերը։

«Եթե 1935-2023 թթ․ ընթացքում ՀՀ-ում օդի ջերմաստիճանը բարձրացել է 1.6 աստիճանով, աշխարհում այն բարձրացել է 1 աստիճանով։ Հայաստանում օդի ջերմաստիճանի աճման միտումները զգալիորեն ինտենսիվացել են 2000-ական թվականներից, և յուրաքանչյուր 10 տարում միջին հաշվով ջերմաստիճանը բարձրանում է 0.6 աստիճանով։ Ամենատաք 5 տարիները եղել են վերջին 14 տարիների ընթացքում։ Դրանք են 2010 , 2018, 2021 և 2023 թվականները»։

Կլիմայի փոփոխության պատճառով Հայաստանում ավելացել են անոմալ երևույթները։ Դրանցից մեկն արձանագրվել է օրերս՝ նշում է Լևոն Ազիզյանը։

«Մարտի 19-ին ունեցանք դեպք, երբ առանձին կայաններում մեկ օրվա ընթացքում թափվել են ամսական նորմայի չափով տեղումներ, առանձին կայաններում նորմաները նույնիսկ գերազացվել են։ Օրինակ՝ Սևանի կայանում թափվել է 45 մմ տեղում, այնինչ մարտ ամսվա նորման 33 մմ է»։

Հանրապետությունում առաջիկա օրերին տեղումներով առատ եղանակը կպահպանվի։ Միջերկրական ծովից սպասվում է նոր ցիկլոն, որի հետևանքով հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ։ Կենտրոնի տնօրենի տեղակալ տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը նշում է, որ Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռնային գոտիներում, Արագածոտնի, Կոտայքի լեռնային գոտիներում տեղումները կլինեն ձյան տեսքով։ 

«Առանձին հատվածներում տեղումները կլինեն բավական ինտենսիվ, կուղեկցվեն ամպրոպներով, որոնց ընթացքում կլինի քամու ուժգնացում։ Մարտի 24-ի ցերեկը ցիկլոնի ազդեցությունը կթուլանա և տեղումները կդադարեն, սակայն մարտի 25-ին սպասվում է հերթական ցիկլոնը։ Այն իր ազդեցության գոտում կընդգրկի հանրապետության ամբողջ տարածքը, սակայն տեղումների պիկը կգրանցվի Վայոց ձորի, Սյունիքի հատվածում»։

Գագիկ Սուրենյանի խոսքով՝ տեղումները ժամանակավորապես կդադարեն մարտի 26-ի գիշերը։ Առանց տեղումների եղանակը հնարավոր կլինի վայելել մինչև մարտի 26-ի կեսօր, իսկ կեսօրից հետո հանրապետություն կներթափանցի նոր ցիկլոն, որի հետևանքով շրջանների մեծ մասում կդիտվեն տեղումներ։

«Եղանակի որոշակի կայունացում կանխատեսվում է մարտի 28-31-ն ընկած ժամանակահատվածում, երբ հանրապետության մեծ մասում կգերակշռի առանց տեղումների եղանակը։ Մարտի 28-ից սկսած հանրապետություն կներթափանցեն տաք օդային հոսանքներ։ Օդի ջերմաստիճանը նկատելի կբարձրանա։ Եթե մինչև մարտի 27-ը հանրապետության ամենատաք գոտիներում ցերեկային ժամերին առավելագույնը սպասվում է մինչև 14 աստիճան տաքություն, ապա մարտի 28-ից հետո ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի 18 աստիճանի»։

Ապրիլը նույնպես Հայաստում փոքր-ինչ անկայուն կլինի։ Տեղումների պակաս չի զգացվելու։ Ինչ վերաբերում է ապրիլին սպասվող օդի առավելագույն և նվազագույն ջերմաստիճաններին, ապա Գագիկ Սուրենյանը նշում է՝ առանձին օրերին, երբ հանրապետություն կներթափանցեն արևադարձային տաք օդային հոսանքներ, ապա ցերեկային ժամերին օդի առավելագույն ջերմաստիճանը 18-26 աստիճան կլինի։ Սպասվում է նաև, որ առանձին օրերին հյուսիսային հատվածներից հանրապետություն կներթափանցեն ցուրտ օդային հոսանքներ։ Այդ դեպքում գիշերային ժամերին օդի նվազագույն ջերմաստիճանը կանխատեսվում է 10 աստիճան ցրտից մինչև 2 աստիճան տաքություն։

Back to top button