ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Ծանրաբեռնված համակարգ, սխալ դեղատոմսեր․ ի՞նչ խնդիրներ են արձանագրվում էլեկտրոնային դեղատոմսերի ներդրումից շաբաթներ անց

Հայաստանում էլեկտրոնային դեղատոմսերի համակարգի ներդնումից հետո այս շաբաթ արդեն հարցերի տեղատարափը նվազել է՝ մարտի 21-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նրա խոսքով` պետք է ժամանակ տալ, որ մարդիկ ընտելանան, ու սա շատ նորմալ գործընթաց է։ «Վագա ֆարմ» դեղատնային ցանցի պատասխանատու Վահագն Գրիգորյանն էլ հակադարձում է՝ համակարգը դեռ խափանումներով է գործում, հաճախ մարդկանց սխալ դեղատոմսեր են տրվում։ Ի՞նչ խնդիրներ են առաջանում էլեկտրոնային դեղատոմսեր կիրառելու ընթացքում, ինչո՞ւ են այդ խնդիրներն առաջանում և ինչպե՞ս լուծել դրանք։

Մարտի 1–ից ի վեր շուրջ 90 000 էլեկտրոնային դեղատոմս է դուրս գրվել։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ այս թիվը խոսում է այն մասին, որ համակարգը շատ ակտիվ աշխատում է։ Այնուամենայանիվ, համակարգից դեղատների և քաղաքացիների դժգոհություններն ու մտահոգությունները չեն դադարում։ Բժշկական հաստատություններում մեծ հերթեր են, բժիշկները դեռ դժվարանում են օգտվել համակարգից, քաղաքացիները հաճախ սխալ դեղատոմսերով են դեղատուն գալիս՝ նշում է «Վագա ֆարմ» դեղատնային ցանցի պատասխանատու Վահագն Գրիգորյանն ու ասածը հիմնավորում թվերով։

«Մարտի 1-ից «Վագա ֆարմ»ի դեղատնային ցանց 292 էլեկտրոնային դեղատոմս է եկել, որից 88-ը սխալ էր։ Սա ուղիղ 30 տոկոսն է կազմում, մյուս 204-ը սպասարկվել է։ Մեր ցանցը 67 դեղատուն ունի, միջինում օրական 9 դեղատոմս ենք ստանում։ Ստացվում է, որ ամեն դեղատուն օրը գոնե մեկ էլեկտրոնային դեղատոմս չի սպասարկում։ Սա խոսում է այն մասին, որ կամ բժիշկները տեղյակ չեն, կամ էլ չեն կարողանում օգտվել համակարգից»։

Վահագն Գրիգորյանի կարծիքով՝ ստեղծված իրավիճակի պատճառը ոչ պատշաճ իրազեկումն է։ Էլեկտրոնային տեղատոմսի գաղափարը լավն է, բայց համակարգը դեռ պատրաստ չէր։

«Այս պահի դրությամբ 750 դեղատուն կցված չէ «Արմեդ» համակարգին։ Կան նաև բժկական կենտրոններ, որոնք նույնպես կցված չեն համակարգին։ Ես այդ մարդկանց չեմ մեղադրում, խնդիրն այն է, որ իրազեկման աշխատանքները պատշաճ չեն իրականացվել»։

Առողջապահության նախարարության դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ Մարինա Հարությունյանը համաձայն չէ այն մտքի հետ, որ էլեկտրոնային դեղատոմսը պարտադիր դարձնելը վաղ էր։ Ըստ նրա՝  իրենք 3 ամիս իրազեկման աշխատանքներ են իրականացրել դեղատների և տարբեր բուժհաստատությունների բժիշկների ու հանրության հետ։ Հարությունյանն ընգծում է՝ պարտադիր դեղատոմսի առկայությունը նորարարություն չէ, կարգը գործում է 2019 թվականից թղթային տարբերակով, չնայած նրան, որ շատ դեպքերում դա չի պահպանվել։

«Ցավոք, փաստերը ցույց տվեցին, որ 90 տոկոս դեպքերում դեղատոմսերը դուրս չեն գրվում։ Հաճախ դրանք վերաբերում էին այն դեղերին, որոնք մարդու առողջության վրա լուրջ հետևանքներ են թողնել, ինչի վառ օրինակը քովիդն է, երբ այդ ընթացքում որևէ հակաբիոտիկ արդեն իր էֆեկտիվություները չէր ցուցաբերում։ Եվ առողջապահության նախարարությունը որոշում կայացրեց որոշ դեղատեսակներ վաճառել բացառապես էլեկտրոնային դեղատոմսով»։

«Իրավունքի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շատ դեպքերում բժշկական հաստատություններն առողջապահության նախարարությունից ստացել էին էլեկտրոնային իրազեկող հաղորդագրություններ, բայց կամ հետևողական չեն եղել, կամ նախարարությունը պարզապես չգործող էլեկտրոնային հասցե է ունեցել։ Կազմակերպության նախագահ Վիոլետա Զոփունյան․

«Սկզբնական շրջանում մենք նկատել էինք, որ կան գրանցված էլեկտրոնային հասցեներ, որոնք այն կազմակերպությանն են, որը outsource-ով կազմակերպել է գրանցման գործընթացը, լիցենզավորման համար փաստաթղթեր են մշակել և այլն։ Եվ ոչ ոք հետևողական չի եղել՝ արդյոք հետո, երբ այդ կազմակերպությունների միջև դադարեցվել է համագործակցությունը, իրենք թարմացրե՞լ են տվյալները նախարարության կամ մյուս իրավասու մարմինների հետ։ Ստացվում է, որ, եթե դուք այդ էլեկտրոնային հասցեները չեք թարմացնում, մյուս կողմից էլ չեք հետևում օրենսդրական փոփոխություններին, այդ կապը կտրվում է»։

Այժմ էլեկտրոնային դեղատոմսերով 470 անուն դեղ է վաճառվում, որից 375–ը անվճար և արտոնյալ պայմաններով դեղերն են։ 2025 թ-ի հունվարի 1–ից էլեկտրոնային տարբերակով կվաճառվի արդեն 2 566 անվանում դեղ։ Մարինե Հարությունյանի խոսքով՝ շուրջ 900 անուն դեղեր ազատ կվաճառվեն ու չեն ներառվի էլեկտրոնային դեղատոմսերով բաց թողնվող դեղերի ցանկ։ Դրանց թվում կլինեն ցավազրկող, ջերմություն իջեցնող, ինչպես նաև բոլոր այն հակավիրուսային դեղերը, որոնց համար դեղատոմս չի պահանջվում։ 

Back to top button