ԿարևորՀասարակություն

Ի՞նչ է որոնում «Z սերունդը» համացանցում և ինչո՞ւ

Մինչ դուք լսում եք այս ռեպորտաժը, ձեր ճանաչած երիտասարդների առնվազն 75 տոկոսը ինչ-որ գաջեթով վիրտուալ իրականության հատակն է փորում։

Մասնագետները ծավալուն հետազոտություններով փորձել են լուծել ժամանակակից գլուխկոտրուկներից մեկը` ի՞նչ և ինչո՞ւ են դեռհասները ժամերով փնտրում համացանցում։ Հոգեբանի խոսքով՝ փնտրում են  անվտանգ ու ապահով տարածք, սեքսոպաթոլոգի կարծիքով՝ սեռական կյանքի մասին հարցերի պատասխաններ,  նաև՝  մարդկային պարզ շփում։ Կլինիկական հոգեբան Նաիրա Ազատյանը բացատրում է՝ եթե երեխաները թվային կախվածություն են ձեռք բերում, ուրեմն արդեն ունեն հոգեբանական խնդիրներ, իսկ գաջեթները «կրակի վրա յուղ լցնելու նման» րոպեների ընթացքում մեծացնում ու բարդացնում են խնդիրը։ Շղթայի առաջին օղակը, սակայն, մեծահասակներն են․

«Խնդիրները ստեղծում ենք մենք, գաջեթը տալիս ենք մենք, նման սովորությունը ձևավորում ենք մենք։ Երեխան խնդիրներ ունի սնունդ ընդունելու հետ, մենք որոշում ենք, որ լավագույն տարբերակը դնել իր սիրելի մուլտֆիլմը, էդ դեպքում կուտի, գնում ենք հանգստանալու ու եթե ուզում ենք՝ երեխան մեզ չխանգարի, տալիս ենք նույն գաջեթը, ասում՝ գնա զբաղվի»։   

Մասնագետները փնտրվող պատասխանները ստացել են առաջին ձեռքից։ Պարզվում է՝ դեռահասները շատ լավ ճանաչում, նույնիսկ օգնում են հետազոտողներին ուրվագծել իրենց բոլոր խնդիրները, բայց ազատվել չեն կարողանում։ Կախվածությունը դառնում է հոգեկան խանգարում, ախտահարված օրգան կամ նույնիսկ անառողջ սեռական կյանքի սկիզբ։ ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի վարիչ Վրեժ Շահրամանյանը փաստերով է հիմնավորում՝ բժշկական օգնության դիմած երիտասարդների մեծ մասի առաջին և հիմնական տեղեկատվության աղբյուրը համացանցն է եղել, ինչի հետևանքով փոխվել են սեռական կյանքի որակական ու քանակական ցուցանիշները․

«Վերջին տարիներին նվազել է առաջին սեռական  հարաբերությունների տարիքը Հայաստանում, եթե նախկինում միջինում կազմում էր տղաներինը՝ 18 տարեկան, ապա այժմ կազմում է 15 ու կես, 16 տարեկան, աղջիկներինը նույնպես նվազել է, սրանք մեր հետազոտության տվյալներն են, եթե նախկինում 19 տարեկան, ապա այժմ 16 ու կես տարեկան։ Թվերը մտահոգիչ են, և միայն սեռական  հարաբերությունները չեն, նաև հետևանքները՝  սեռավարակները , անցանկալի հղիությունները դրանց հետևանքով, էս ամեն ինչը գալիս է նրանից, որ մենք ժամանակին չենք մտածում, որ սերնդին պետք  է կրթել ոչ թե հեռախոս տալով փոքր հասակից, այլ շփվելով ու ուշադիր լինելով, որ եթե համացանց է այցելում, ինչ ինֆորմացիոն աղբյուրներից է օգտվում»

Տեղեկատվական  դարաշրջանի առաջին՝ «Z սերունդը» կամ «թվային մարդիկ» համացանցային որոնումներում հաճախ ճշմարտության ճիշտ հակառակը՝ ապատեղակատվությունն են գտնում, ներբեռնում, ինչը երբեմն վճռորոշ է դառնում հետագա վարքագծի համար։  Այս ու այլ հիմնավորումներով՝ առաջին  անգամ հայ մասնագետները որոշել են ժողովների ժողով անել․ գիտական բոլոր հետազոտությունների արդյունքները  մեկտեղել, քննարկել, կազմել առաջարկների ցուցակ և ուղարկել պատասխանատուներին՝  ծնողներին, մասնագետներին, պետական գերատեսչություններին։ Հեղինակը ԵՊԲՀ-ի «Հերացի» վերլուծական կենտրոնն է։ Կենտրոնի տնօրեն Մերի Տեր-Ստեփանյան.

«Միջոցառումը կարևոր է այնքանով, որ գաջեթների օգտագործումը համաճարակային տարածում ունի այսօր, մեր օրերում, անգամ սերունդներ են ձևավորվել, որոնք ծնվել և ապրում են գաջեթների հետ միասին և այս սերունդների կողմից գաջեթների օգտագործման արդյունքում՝ առաջանում են ախտաբանական տարբեր խնդիրներ։ Լինելով մեր կյանքը հեշտացնող գործիք, ունի նաև ախտաբանական ազդեցություն, այ էդ ասպեկտները որոշ չափով նորմավորելու, զսպելու, դրանց ախտաբանական հետևանքները կանխելու ուղղությամբ մենք այսօր նախաձեռնել ենք այս միջոցառումը։ Հավաքել ոլորտի առաջատար մասնագետներին»։

Վերջին անգամ այս թեմային առողջապահության նախարարությունը անդրադարձել էր 2010-ին։ Նախարարի  հրամանով կանոնակարգվել է երեխաների՝ էլեկտրոնային հաշվիչ մեքենաներ օգտագործելու ժամանակը։ Ոլորտի մասնագետների կարծիքով՝ այս նորմավորումը արդեն հին ու ոչ արդյունավետ է, ժամանակները օր օրի մարտահրավերային ու վտանգավոր են դարձել։

«Ակնհատ խնդիրներ կան, որոնք միայն Հայաստանինը չեն, վստահ եմ, աշխարհը շատ արագ կանոնակարգում է այս խնդիրները, և Հայաստանը անբաժան չի մնալու, Բժշկական համալսարանը սկսում է շարքը, համոզված եմ, որ սա ավարտվելու է նորմատիվ ակտերով, որոնք պետք է թղթի վրա չմնան, այլ փաստացի դառնան կենցաղի մաս»,-ասում է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

Մանկական ակնաբուժության ամբիոնի վարիչ Ահարոն Գաբրիելյանն էլ թվարկում է երիտասարդների շրջանում ամենատարածված ախտաբանական հիվանդությունները, որոնց հեղինակը թվային իրականությունն է։ Առաջին տեղում համակարգչային սթրեսն է, երկրորդում՝ չոր աչքի համախտանիշը։ Համաժողովները շարունակական են լինելու, վերլուծական կենտրոնը 2024-ն անվանել է նաև ծնողակրթության կամ ծնողական ժողովի տարի։

Back to top button