Եվրախորհրդարանում մեծամասնությունը պահպանել է Եվրոպական ժողովրդական կուսակցությունը
Մայիսի 25-ին ավարտվել են Եվրախորհրդարանի ընտրությունները, որին քվեարկելու իրավունք է ունեցել ԵՄ մոտ 375 միլիոն քաղաքացի: Ընտրությունների 2 գլխավոր արդյունքներն են՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը կրկին ստացել է ձայների մեծամասնությունը, եվրոսկեպտիկ և ծայրահեղ աջ կուսակցությունները հաղթանակ են տարել մի շարք երկրներում և ամրապնդել իրենց դիրքերը Եվրախորհրդարանում:
Ֆրանսիայում հաղթել է Մարին Լը Պենի գլխավորած Ազգային ճակատը: Այն ստացել է 25% և Եվրախորհրդարանում կունենա 25 մանդատ: Երկրորդը նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի UMP կուսակցությունն է 21%-ով, իսկ նախագահ Ֆրանսուա Օլանդի Սոցիալիստական կուսակցությունն ընդամենը 3-րդն է՝ 14%: Մեծ Բրիտանիայում անակնկալ հաղթանակ են տարել եվրոսկեպտիկները: Նայջել Ֆարաջի գլխավորած ուժը հավաքել է 27%, իշխող Պահպանողական կուսակցությունը ստացել է 24%, ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունը՝ 25%: Հունաստանում նույնպես հաղթել են ծայրահեղ աջ ուժերը, իսկ Գերմանիայում 35%-ով հաղթանակ է տարել Անգելա Մերկելի Քրիստոնեադեմոկրատական միությունը, տեղեկացնում է BBC-ը:
The Guardian-ը տեղեկացնում է, որ նոր խորհրդարանում Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը 751 մանդատից կստանա 212-ը, սոցիալիստները պահպանել են 2-րդ տեղը և 186 տեղ կունենան, 3-րդը Եվրոպայի լիբերալների և դեմոկրատների դաշինքն է 70 մանդատով, 4-րդը կանաչներն են՝ 55 մանդատով: