Մարզական միջոցառում՝ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում


Արմինե Գևորգյան
«Ռադիոլուր»
Հինգ տարի շարունակ սպորտի և երիտասարդության հարցերի նախարությունը, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը, Աբովյանի քաղաքապետարանի հետ համատեղ մայիսյան տոներին նվիրված անցկացնում են մարզական միջոցառումներ: Դատապարտյալները երկու օր շարունակ`մրցել են 6 մարզաձևերում` մինի ֆուտբոլ, վազք, հեռացատկ, վոլեյբոլ, բազկամարտ և սեղանի թենիս:
«18 տարեկան էի, երբ ոտք դրեց Աբովյան քրեակատարողական հիմնարկ, գողություն կատարելու համար երեք տարի ժամկետով դատապարտվեցի ազատազրկման, որից 2,5 տարին արդեն կրել եմ պատիժս», -Ռադիոլուրին պատմում է Մանեն: Ասում է, որ ընտանիքի հետ մոտ երկու տարի չէր շփվել ու արդեն 6 ամիս է ինչ վերականգնել է կապը:
Մանեն ասում է,որ ճաղավանդակների ետևում հայտնվելու պատճառը շրջապատն է եղել, ծնողներից հեռու է ապրել ու դա էլ իր գործոնն է ունեցել:
Մանեի ձեռքին պատվոգիր է ու Արդարադատությունը խորհրդանշող հուշանավեր, որն այսօր շնորհվեց Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից: Նա այսօր մասնակցում էր Աբովյան քրեակատարողական հիմնարկում անցկացվող մարզական միջոցառմանը: Միջոցառման մասնակցները կանայք և անչափահաս տղաներ են: Դատապարտյալներն իրենց ուժերը չափեցին վեց մարզաձևերում՝ մինի ֆուտբոլ, վազք 30 մետր, հեռացատկ տեղից, վոլեյբոլ, բազկամարտ և սեղանի թենիս:
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության պետ Եղիշ Դավթյանը՝ մեջբերելով նախարար Գաբրիել Ղազարյանի խոսքը ասում է,որ «Հանգամանքների բերումով մարդիկ երբեմն հայտնվում են այնպիսի իրավիճակներում, երբ կարող են իրենց զգալ մեկուսացված և գտնվեն հասարակության ոչ լիարժեք անդամի կարգավիճակում: Հենց այդ դեպքերում էլ օգնության են գալիս ֆիզկուլտուրան և սպորտը, որոնք արդարացիորեն օգնում են այդ մարդկանց իրենց ինտեգրված զգալ հասարակությանը»:
Աբովյան քրեակատարողական հիմնարկի պետ Արամ Սարգսյանի խոսքով՝ մարզական նման միջոցառումները դատապարտյալների կյանքում կարևոր դերակատում ունեն: