ԿարևորՀասարակություն

Հայաստանում աշխատելու համար հայերենի իմացությունը պարտադիր կլինի

Լեզվի կոմիտեն սկսում է «Հայերենը ոչ հայախոսների համար. հայերենի ուսուցման, ստուգման և գնահատման համակարգ» ծրագիրը: Այն գործի կդրվի Եվրոպական խորհրդի լեզուների իմացության ու գնահատման ընդհանուր շրջանակի հիման վրա։ Կմշակվի նաև հայերենի իմացությունը ստուգող և գնահատող վեցաստիճան էլեկտրոնային համակարգ։ Այն հնարավորություն կտա ոչ հայախոսներին սովորել հայերեն, ստուգել լեզվի իմացությունը և ստանալ իմացության մակարդակն արձանագրող վկայական: Այսպես ասենք, հայկական  TOEFL-ի անհրաժեշտությունը հասունացրել են վերջին տարիներին աշխատանքային նպատակներով Հայաստան ժամանող օտարազգիները։ Ծրագիրը փորձելու է օգնել նրանց ինտեգրմանը։

Աշխատելու նպատակով Հայաստան եկող հնդիկների թիվը հատկապես  վերջին տարիներին մեծացել է։ Նրանք հիմնակսնում զբաղվածություն են  են փնտրում սպասարկման ոլորտում։ Քչերն են հայերեն հասկանում, ավելի քչերը՝ նաև խոսում։ Վիգվամը նրանցից մեկն է, արդեն ռեստորանային բիզնես ունի Հայաստանում։

«Հայերենը ոչ հայախոսների համար» ծրագիրը Վիգվամի ու մյուս ոչ հայախոսների համար է։ Սա հայերենի ուսուցման, ստուգման և գնահատման էլեկտրոնային նոր համակարգ է, որը հնարավորություն կտա ոչ հայախոսներին սովորել հայերեն, ստուգել լեզվի իմացությունը և ստանալ իմացության մակարդակը ցույց տվող վկայական: Համակարգը ստեղծվել է ոչ հայախոս  օտարազգիների և այն հայերի համար, որոնց առաջին լեզուն հայերենը չէ։ Խոսքն այս դեպքում Սփյուռքում ծնված և մեծացած հայերի մասին է, որոնք օտար լեզուներով են կրթվել՝ ասում է Լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը:

«Համակարգն էլեկտրոնային է լինելու, ինչը նշանակում է, որ այն կգործի ոչ միայն Հայաստանում, այլև երկրի սահմաններից դուրս: Լիցենզավորված կազմակերպությունները, որոնք հայտ կներկայացնեն, համապատասխան պայմանները բավարարելու դեպքում հնարավորություն կստանան ապահովելու այդ  ստուգումներն ու քննությունները»։

Ծրագրի  անհրաժեշտությունը պայմանավորված է վերջին տարիներին աշխատանքային միգրանտների ներհոսքով։ Լեզվի կոմիտեում կարծում են՝ ծրագիրը կնպաստի Հայաստան եկած օտարազգիների սոցիալական ինտեգրմանը։ Լեզվի ուսուցման չափորոշիչները մշակելու են հայ մասնագետները։

«Հայաստանն ակտիվացել է որպես աշխատանքային միջավայր ոչ հայախոսների համար։ Մարդիկ կարող են մի քիչ–մի քիչ հայերեն սովորել, բայց եթե, օրինակ, սպասարկման ոլորտում են, դժվարանում են հաղորդակցվել։  Դա հավելյալ դժվարություններ է ստեղծում ոչ միայն իրենց համար։ Սա պարզապես դաշտը կարգավորելուն ուղղված քայլ է․ լեզվական իմացության համապատասխան մակարդակը ստուգելուց և  համապատասխան փաստաթուղթը ձեռքին  ունենալուց հետո արդեն մտածել աշխատանքի մասին»։

Քննարկումների փուլում են նաև թվային որոնողական համակարգերում հայերենի դիրքերն ամրացնելուն ուղղված քայլերը։  

«Ինչ–որ բան փնտրելու համար «գուգլում» գրում ենք մի բան, ստանում ենք դրա հազար ու մի պատասխան։ Դրանով պայմանավորված թարգմանական համակարգերում հայերենի թարգմանական կողմը վատ վիճակում է։ Պատճառը թվային որոնողական համակարգերում հայերենի բառային պաշարի թույլ լինելն է»։

Օրենքով Լեզվի կոմիտեին է վերապահված նաև հայերենի կանոնարկման սկզբունքների մշակմումը: Այս ուղղությամբ պաշտոնական միակ փաստաթուղթը 2006 թ. հրատարակված  Տերմինաբանական տեղեկատուն է, որտեղ տրված են հայերենի բառակերտման, տերմինակազմության, տառադարձման, կետադրման գրական հայերենում գիտականորեն փաստված սկզբունքները: Վերջին 30 տարիներին ակտիվացել են հայերեն ուղիղ թարգմանությունները, որը Լեզվի կոմիտեի նախագահը մի կողմից  ձեռքբերում է համարում, մյուս կողմից խնդիր։ Հատկապես հատուկ անունների դեպքում կարիք կա տարբերակված մոտեցմամբ մշակել տարբեր լեզուներից փոխառնվող հատուկ անունների գրության և արտասանության սկզբունքները: Կարիք կա նաև ի մի բերել թարգմանված կամ նորաստեղծ հասկացությունները` համապատասխան բացատրություններով:

Կոմիտեի նախագահի հավաստիացմամբ՝ երկու ուղղությամբ էլ աշխատանքներ են տարվում Հայաստանի գիտական և բարձրագույն կրթական հաստատությունների հետ:

Back to top button