Վերնատուն

Կոմիտասով կրթվելը՝ օրվա հրամայական․ «Վերնատուն»

«Կոմիտասը երաժիշտ և բանաստեղծ» համերգին ընդառաջ ՀԲԸՄ դահլիճում տեղի է ունենալու «Կոմիտասը երաժիշտ և բանաստեղծ» խորագրով համերգը՝ նվիրված Կոմիտասի 155– ամյակին։

Երաժշտներ՝ երգիչ երգահան Վահան Արծրունին, ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Աննա Մայիլյանը և ֆլեյտահար KV- Art անսամբլի հիմնադիր Նարեկ Ավագյանը խոսում են առաջիկա համերգի նպատակների, Կոմիտասի երաժշտության հանրահռչակման կարևորության մասին։

Համերգին ներկայացվելու է Կոմիտասի մշակումները և Կոմիտասի բանաստեղծությունների հիման վրա գրված «Տասը հայտնություն» երգաշարը։

Վահան Արծրունին խոսելով համերգի հայեցակարգի մասին, նշում է, որ հիմնական նպատակը Կոմիտասի հանրահռչակումն է՝ «հանրային ճաշակից մինչև պարզ իրազեկում», քանի որ Կոմիտասի ժառանգությունը մնում է անհայտ լայն հասարակությանը և նման համերգները կրթական նպատակ են հետապնդում, որը պիտի օրվա հրամայականը լինի։

Կոմիտասն այդ երգերը ժողովրդից է հավաքել, ասում է Աննա Մայիլյանը,- մենք պիտի վերադարձնենք այդ երգերը ժողովրդին։ Եվ կարևոր է, որ Կոմիտասը դառնա բոլորինը ու մասսայականություն ունենա։

«Մենք էնպես պիտի անենք, որ մեր ժողովուրդը արթնանա, ճանաչի իր արմատները ու արժանի լինի դրան», – ասում է Աննա Մայիլյանը։ Կոմիտասը մեր մշակույթի հիմնադիրներից է, – հավելում է Նարեկ Ավագյանը,- ու բնականաբար մեկ համերգով չենք սահմանափակվի, դա մեր պրոֆեսիոնալ գործունեությունն է՝ լավ երաժշտություն ներկայացնել ու պահպանել մշակույթը։

«Կոմիտասը երաժիշտ և բանաստեղծ» խորագրով համերգը ՀԲԸՄ դահլիճում տեղի է ունենալու մարտի 14-ին, ժամը 19․00–ին։

Back to top button