Նոր աղբատար մեքենաներն ու աղբամանները տեղ են հասել. Արմավիրում բարելավվում է աղբահանության որակը
Արմավիր քաղաքում բարելավվում է աղբահանության որակը՝ երկաթե բաց աղբամանները փոխարինվում են պլաստիկե անիվավոր փակ աղբամաններով: Տարածքային զարգացման հիմնադրամի «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման» ծրագրի շրջանակում համալրվում է համայնքի ավտոպարկը: Կառավարության, Համաշխարհային բանկի ու համայնքների համաֆինանսավորմամբ Արմավիր համայնքը ձեռք է բերել մեկ ավտոգրեյդեր, երկու աղբատար մեքենա ու 350 աղբաման:
Արմավիր քաղաքի բազմաբնակարան շենքերում աղբահանությունն ամենօրյա գրաֆիկով է կազմակերպվում, բայց աղբարկղերի տարածքում սանիտարական մաքրություն պահպանելը դժվար է, քանի որ աղբով է լցվում նաև աղբամանների շրջակայքը: Սնունդ հայթհայթելու համար աղբը տարածում են նաև թափառող կենդանիները: Բազմաբնակարան շենքերից մեկի բնակիչն է պատմում.
«Եթե դուրս էինք գալիս բակ, նախ հոտն էր տարածվում, պատուհանները չէինք կարողանում բացել, հետո մաքուր չէր մնում: Երբեմն կենդանիների՝ կատուների միջոցով աղբը թափվում էր աղբամանների կողքերը, աղբահանությունից հետո էլ մաքուր չէր մաքրվում: Սեփական տներից հաճախակի բերում, աղբը թափում են գետնին կամ մեքենայով գալիս, կանգնում ու հեռվից շպրտում էին»:
Աղբահանության որակը բարձրացնելու նպատակով Արմավիր համայնքը վերջերս տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով ձեռք է բերել «Կամազ» մակնիշի երկու աղբատար մեքենա և 350 հա պլաստիկե փակ աղբաման, որոնք արդեն տեղադրվել են բազմահարկ շենքերի բակերում:
«Շատ լավ է, եթե ժողովուրդը գիտակցի, որ յուրաքանչյուրիս պարտքն է մաքուր պահել՝ կափարիչը բացեն և աղբը գցեն աղբամանների մեջ, շատ լավ կլինի: Մեր քաղաքն է, և յուրաքանչյուրիս պարտքն է մաքուր պահել»:
Բնակիչներից նույնն է պահանջում նաև Արմավիր քաղաքում սանիտարական մաքրում իրականացնող «Բարեկարգում» տնօրինության ղեկավար Արմեն Հարությանյանը:
«Քանի որ միայն «Բարեկարգում» տնօրինության ջանքերով հնարավոր չէ քաղաքի աղբահանության հարցը լուծել, ուստի կոչ ենք անում և հորդորում ենք մեր քաղաքացիներին, որպեսզի մաքուր պահեն իրենց տարածքները: 350 նոր աղբամանները տեղադրվում են ոչ միայն բազմաբնակարան շենքերի տարածքներում, այլև բանուկ փողոցներում, քանի որ Արմավիրում կան տնտեսվարող սուբյեկտներ, որոնց համար անհրաժեշտ է տեղադրել աղբամաններ, որպեսզի օգտվեն աղբահանության կենտրոնացված համակարգից»:
Խորհրդային տարիներից ժառանգություն ստացած Արմավիրի ավտոպարկը համալրվում է բազմաֆունկցիոնալ մեքենատրակտորային տեխնիկայով: Ճանապարհները հարթեցնելու նպատակով արդեն գործարկվում է նոր ավտոգրեյդերը, առաջիկայում ձեռք կբերվի ևս մի քանի տեխնիկա՝ ասում է Արմեն Հարությունյանը:
«Մարտի կեսին մեր ավտոպարկը կհամալրվի նոր բազմաֆունկցիոնալ ջրցան մեքենայով, որն ունի նաև փողոցներն ավլելու հնարավորություն, ձմռան ամիսներին՝ աղ ու ավազով կբացի ճանապարհները, ձնամաքրման աշխատանքներ կկատարի»:
Արմավիր քաղաքի առանձնատների հատվածներում աղբահանության այլ գրաֆիկ է գործում. Աղբը հեռացնում են շաբաթը մեկ անգամ՝ տրակտորի կցորդիչների միջոցով: Զրուցակիցս աղբաթափ բանվոր է.
«Չորս թաղամաս ունենք մենք, որտեղից աղբը հեռացնում ենք երկուշաբթիից մինչև հինգշաբթի: Մի քանի տրակտոր կա՝ տարբեր թաղամասերում են հավաքում: Արդեն 7-8 տարի այստեղ եմ աշխատում»:
Աղբաթափ բանվորների աշխատավարձը վերջին հինգ տարիների ընթացքում գրեթե կրկնակի բարձրացել է, սակայն աշխատողների պակաս ունեն: Տրակտորներով աղբը հեռացնելը դժվարություններ ունի՝ ասում է «Բարեկարգում տնօրինության» ղեկավարը:
«Երբ «Բարեկարգում» տնօրինության ավտոպարկը կհամալրվի ևս 3 կամ 4 ավտոմեքենաներով, ապա առանձնատների հատվածներում կտեղադրվեն պլաստմասե փակ կափարիչով աղբամաններ և աղբահանությունը կկատարվի արդեն ամենօրյա գրաֆիկով»:
Նոր աղբատար փակ մեքենաներն ու աղբամանները նախատեսված են միայն Արմավիր քաղաքի աղբաթափման համար: Արմավիր համայնքի մյուս 10 գյուղական բնակավայրերում աղբահանությունն իրականցվում է պատվիրակված ծառայության միջոցով: Հացիկ գյուղի բնակիչներն են ներկայացնում.
«Շաբաթը մեկ անգամ է գալիս մեքենան ու դրսից հավաքում աղբը: Մենք այդ օրը աղբը տոպրակներով դրսում ենք թողնում, գալիս տանում են»:
«Ամեն ուրբաթ ժամը 12-ին գալիս են, մենք ոչ մի բանից տեղյակ չենք. աղբը դնում ենք դրսում, իրենք գալիս, դատարկում են մեքենաների մեջ»:
Պատվիրակված ծառայությունը Արմավիր համայնքի 10 գյուղերում և միջհամայնքային ճանապարհներին սանիտարական մաքրման աշխատանքները կատարում են ամսական 2 կամ 3 անգամ: Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանն ասում է՝ աղբարկղերով աղբահանություն մի քանի գյուղերում է իրականացվում:
«Այնտեղ, որտեղ բազմաբնակարան շենքեր կան, աղբամաններ տեղադրված են, որտեղ չկան՝ տեղադրված չեն: Սկսվել է աղբահանության բարելավման գործընթացը և շարունակվելու է: Այս տարի մյուս բնակավայրերում աղբամաններ տեղադրելու կարիք չկա, որովհետև առանձնատներ են և այնտեղ աղբարկղերով աղբահանություն իրականացնելն անարդյունավետ է»:
2022թ համեմատությամբ 2023թ Արմավիր համայնքում աղբահանության վճարներն աճել են 62 տոկոսով: