ԿարևորՌեպորտաժներՏնտեսական

Ինչպե՞ս է զարգանում Հայաստանում կապիտալի շուկան․ առաջին ֆինանսաներդրումային ֆորումը Երևանում

Երևանում աշխատանքներն է սկսել «Հայաստանի կապիտալի շուկաները․ ապագայի հեռանկարներ» առաջին ֆինանսաներդրումային ֆորումը։ Մասնակիցներն աշխարհի տարբեր երկրներից Հայաստան եկած ոլորտի 500–ից ավելի ներկայացուցիչներ են, կառավարության անդամներ։ Նրանք փորձել են հասկանալ՝ արդյո՞ք Հայաստանում զարգանում է կապիտալի շուկան։ Ի՞նչ պետք է անել ավելի լավ արդյունք ունենալու համար։

Զարգանո՞ւմ է արդյոք Հայաստանում կապիտալի շուկան․ կարծիքները տարբեր են։ «Ֆրիդոմ Բրոքեր Արմենիա»–ի գլխավոր տնօրեն Հովակ Հովակիմյանը զարգացման ներուժը տեսնում է։ Հայաստանը չպետք է միայն ներքին շուկայով բավարարվի՝ ասում է․

 «Արտաքին ներդրողներն էլ հասկանան, որ Հայաստանում կարելի է ներդրումներ անել։ Ներուժ ունենք, պետք է սկսենք նախ՝ ներքին շուկայի զագացումից, դրանով չբավարարվելով, առաջ գնանք»։

«Հայաստանի կապիտալի շուկաները․ ապագայի հեռանկարներ» առաջին ֆինանսաներդրումային ֆորումի մասնակիցները վերլուծում են կապիտալի շուկան, միջազգային փորձը փոխանցում Հայաստանին։ Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանն ընդգծում է՝ այս պահին հայկական կազմակերպությունները հիմնականում ֆինանսական միջոցներ են ներգրավում դասական եղանակով՝ վարկերի օգնությամբ են իրենց ֆինանսական խնդիրները լուծում։ Բայց կարևոր է, որ կապիտալի շուկայի զարգացման համար խթան ստեղծվի։ Սա առանցքային գործոններից է՝ ֆինանսներ ներգրավելու հարցում։ ՖՆ Պետական պարտքի կառավարման վարչության պետ Սամվել Խանվելյանը նշում է՝ կապիտալի շուկայի լոկոմոտիվը պետական պարտատոմսերն են։ Կառավարության կողմից թողարկվող պետական բաժնետոմսերը մեծ ծավալների են հասել։ Սա կառավարության որդեգրած ռազամավարության արդյունքն է՝ թիրախավորվել է ներքին պարտքի շուկան որպես պետական բյուջեի ֆինանսավորման արդյունք։

«Եթե մենք թվային ցուցանիշներից դատենք, վերջին 4 տարում ընդհանուր պարտքի կառուցվածքում պարտատոմսերի կամ դրամային պարտքի կշիռը ընդհանուր պարտքի մեջ 20 տոկոսից աճել է ու հասել 46 տոկոսի։ Սա բավականին մեծ թիվ է»։

2023թ ֆինանսների նախարարությունը ԱՄՀ–ի ու ՀԲ հետ համատեղ ներքին պարտքի շուկայի գնահատում է իրականացրել։ Պարզել են, որ անելիք կա պետական պարտատոմսերի շուկայի խորությունն ավելացնելու, ներդրողների կառուցվածքը բարելավելու ուղղությամբ։

«2020թ պարտատոմսերի հիմնական սեփականատերերը՝ մոտ 80 տոկոսը, բանկային համակարգն էր, 2023–ի վերջին բանկային համակարգի կշիռը նվազել է մինչև 65 տոկոս։ Դա նշանակում է, որ ավելի շատ ավելացել է ոչ բանկային հատվածի, մասնավորապես, կենսաթշոակային ֆոնդերի, ապահովագրական ընկերությունների մասնակցությունը պարտքի պորտֆելում»։

Կառավարությունը որոշակի աջակցություն է ցուցաբերում բաժնետոմսերի նախնական թողարկման ծախսերը մեղմելու համար։ Տարեկան 45 մլն դրամի մասին է խոսքը՝ կախված թողարկման ծավալից։ Թողարկողները կարող են կառավարություն ներկայացնել իրենց փաստացի կատարված ծախսերը և հետ ստանալ։ Երրորդ բաղադրիչը վարկանիշավորումն է։ Դա արվում է, որպեսզի վարկանիշավորված կազմակերպությունները հայկական ընկերությւոններին վարկանիշ տան։ Դրանով ի ցույց է դրվում՝ ինչ թափանցիկություն ունեն այդ ընկերությունները։ Այժմ կորպորատիվ կանոնագրքի նոր խմբագրության վրա են աշխատում։ Մանրածախ ներդրողների շուկան ակտիվանցելու ուղղությամբ նույնպես աշխատում են։ Կառավարության վերջին նիստում կապիտալի շուկայի զարգացման խնդիրներին անդրադառնալով, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդգծեց․ եթե կապիտալը չի ձևավորվում երկրում, ապա օտարերկրյա ներդրողների համար Հայաստանը մրցակցային չէ։

«Օտարերկրյա ներդրողն այլևս ինտերնետով ներդրողն է, որին մենք ոչ մի բան բորսայով չենք առաջարկում։ Նա նաև ռիսկ ստանձնող է, այդ թվում նաև ֆիզիկական անձ է։ Այս իմատսով բաժնետիրացումը շատ կարևոր է։ Բաժնետիրական ընկերությունները շատ ավելի շահույթ ցույց տալու մոտիվացիա ունեն, քան ՊԵԿ–ը ճանաչում է իրենց շահութաբերությունը, քանի որ իրենց գինն աճում է»։

Վերջին շրջանում խոշոր ընկերություններն իրենց բաժնետոմսերի մի մասը նվիրում են կառավարությանը։ Արդյո՞ք սա կարող է նպաստել կապիտալի շուկայի զարգացմանը։ «Հայաստանի գործատուների հանրապետական միության» նախագահ Գագիկ Մակարյանը կարծում է, որ կարող է, եթե կառավարությունն, այսպես ասենք՝ դիտորդի դերում չլինի։

 «Շատ կարևոր է, թե այդ մասնակցությունն ինչ կտա այդ ընկերություններին։ Եթե կառավարության դերակատությունը պետք է լինի պասիվ անդամակցություն, դա մի բան է, բայց եթե պետք է լինի այնպիսին, որ կարող է այդ ոլորտի խնդիրները կանոնակարգել, այդ ոլորտի բարեփոխումներ կատարել, դա լավ է»։

Հայաստանի ֆինանսական շուկայում մեծ է բանկերի կշիռը։ Սա բնական է՝ կարծում են կենտրոնական բանկում և կանխատեսում, որ առաջիկայում էլ բանկերի դերը առանցքային է լինելու։ Բայց կապիտալի շուկայում փոփոխությունների կարիք տեսնում են։

Back to top button