ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Հայաստանը՝ Կահիրեում, Ռուսաստանը՝ Բաքվում․ համընկնող այցերի կարևորությունը

Մեկ տարի առաջ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի  «պատմական» որակում ստացած հայաստանյան այցից հետո Հայաստան–Եգիպտոս բարձրաստիճան շփումները շարունակվում են։ Այս անգամ Եգիպտոս է ուղևորվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա այցը պաշտոնական է։ Ըստ հաստատված ծրագրի՝ վարչապետն առանձնազրույց կունենա Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆատահ Ալ-Սիսիի հետ, այնուհետև հանդիպումը կշարունակվի պատվիրակությունների ընդլայնված կազմով: Նախատեսված են հանդիպումներ նաև Եգիպտոսի վարչապետի, Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարի, Ղպտի ուղղափառ եկեղեցու առջնորդի, Ալ-Ազհարի գերագույն Իմամի հետ։ Նիկոլ Փաշինյանը կայցելի նաև Եգիպտոսի առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիա, որտեղ կկայանա հանդիպում եգիպտացի գործարարների հետ:

Վրաստան, Ղազախստան, Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան և այժմ Եգիպտոս․ սրանք այն ուղղություններն են, ուր այս տարվա ընթացքում արդեն մեկնել է ՀՀ վարչապետը։ Դրանցից միայն մեկն է առնչվում «Ռուսաստանի ազդեցության գոտի» ասվածին։ Ալմաթիում նա մեկօրյա այցով էր, նախագահել էր Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։ Մյուս ուղղություններն այս կամ այն կերպ տեղավորվում են  վերջերս շրջանառության մեջ դրված արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացում ձևակերպման մեջ։

Ժամանակային առումով ստացվել է այնպես, որ նույն օրերին տարածաշրջանում զուգահեռ մեկ այլ ուշագրավ այց է կազմակերպվում՝ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը երկօրյա հանդիպումներ է ունենալու Բաքվում։ Ի՞նչ է կատարվում տարածաշրջանում, ձևակերպել է Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը։ Նա նշել է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո արևմտյան երկրները սկսեցին միջամտել Ռուսաստանի և նրա հարևանների հարաբերություններին, ինչը երևում է Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում նրանց վարած քաղաքականությունից, Լավրովի ձևակերպմամբ՝ հատկապես հայ ընկերների օրինակով։ Արևմտյան քաղաքականությունը նա տեղավորել է «բաժանիր, որ տիրես» ձևակերպման մեջ։

Իրականում Հայաստանը փորձում է դիվերսիֆիկացնել իր անվտանգային և արտաքին քաղաքականությունը։ Շատերը զարմացան, օրինակ, որ Մյունխենում օրեր առաջ Հայաստանի վարչապետը հանդիպեց Իրաքի վարչապետի հետ։ Այժմ մեծ օրակարգով մեկնել է Եգիպտոս, իսկ այդ մեծ օրակարգը ձևավորվել էր դեռ մեկ տարի առաջ, երբ տասնամյակների դիվանագիտական շփումներից հետո առաջին անգամ Հայաստան ժամանեց Եգիպտոսի նախագահը։

Աբդել Ֆաթթահ աս-Սիսին Երևան ժամանեց Բաքվից և միանգամից Կահիրեի չեզոք միջնորդությունն առաջարկեց հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում։

Բայց էական և երկարաժամկետ ակնկալիքների մի մասը Հայաստանի համար ձևակերպեց Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Փոլադյանը․

 «Վերջին շրջանում շրջանառվում է հետաքրքիր մի տերմին՝ «նոր աշխարհակարգ»։ Նոր աշխարհակարգի կառուցման գործում, կարծում եմ, շատ հետաքրքրական է հարավկովկասյան տարածաշրջանը և Եգիպտոսը, իմ խորին համոզմամբ, հետաքրքրված է ամբողջական Հարավային Կովկասով և ունեցած կոմունիկացիաներով։ Պատահական չէ, որ Եգիպտոսի նախագահն իր տարածաշրջանային այցի ընթացքում մի քանի անգամ շեշտեց, որ ցանկալի է տարածաշրջանը։ Եգիպտոսն իր դերով ծանրակշիռ է ամբողջ իսլամական աշխարհում։ Ցավոք սրտի, մեր հարևանները տարիներ շարունակ, այն հարթակներում, որտեղ մենք չկանք, ասենք՝ Իսլամական համագործակցության կազմակերպությունը, չմիավորված երկրների շարժումը և այլն, նմանատիպ կազմակերպություններում ամեն կերպ փորձում են Հայաստանի կերպարը ներկայացնել որպես հակաիսլամական։ Եգիպտոսը փորձել է այդ հռետորաբանությունը կանխել այդ կազմակերպություններում»։

Հայաստան–Եգիպտոս քաղաքական և տնտեսական համագործակցությունից բացի վերլուծաբանները նախանշում են ևս մեկ ուղղություն, որի խորացման ներուժը իրատեսական են համարում։ Խոսքը ռազմատեխնիկական ոլորտի հնարավորությունների մասին է։ Արաբագետ Արաքս Փաշայանն այդ ուղղությունը հեռանկարային է համարում․

 «Եգիպտոսի հետ Հայաստանը ունի այնպիսի ոլորտներ զարգացնելու հնարավորություն, ինչպես օրինակ, ռազմատեխնիկական ոլորտն է։ Կարծում եմ, որ ոլորտի մասնագետները պետք է օրակարգը և առաջնահերթությունները սահմանեն։ Ամեն դեպքում, կարծում եմ՝ դա կարևորագույն ոլորտներից մեկն է։ Իհարկե, բոլոր ոլորտներում էլ անելիքներ կան։ Պետք է հետևողական լինել, որոհետև Եգիպտոսն արաբական այն բացառիկ երկրներից է, որի հետ Հայաստանը որևէ քաղաքական խնդիր չունի, որևէ խոչընդոտ չկա երկկողմ հարաբերությունների զարգացման համար և մենք բոլոր հնարավորություններն ունենք ավելի բարձր մակարդակի հասցնելու երկկողմ հարաբերությունների մի շարք ոլորտներ։ Ընդանրապես Մերձավոր Արևելքը պետք է դիտարկվի որպես Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություն»։

Ինչ վերաբերում է Հայաստանի և Եգիպտոսի միջև ապրանքաշրջանառության ծավալներին, ապա վերջին 5 տարվա արդյունքներով Հայաստանից ապրանքների արտահանման ամենամեծ ծավալը գրանցվել է 2022–ին, իսկ Եգիպտոսից Հայաստան ներմուծման ամենամեծ ցուցանիշը՝ 2023–ին։   

Տարածաշրջանային այցերի առումով բավական ուշագրավ զուգադիպություն է տեղի ունեցել։ Մինչ Հայաստանի վարչապետը հագեցած օրակարգով աշխատում է Եգիպտոսում, նույն երկու օրվա ընթացքում Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը Բաքվում հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետ Ալի Ասադովի հետ։

Ըստ պաշտոնական հաղորդագրությունների, ծրագրվում է քննարկել ռուս-ադրբեջանական առևտրատնտեսական համագործակցության զարգացմանն առնչվող մի շարք հարցեր, առանձնահատուկ ուշադրություն դարձնել էներգետիկայի, տրանսպորտի, արդյունաբերական, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում համատեղ նախագծերի խթանման հարցերին։ Բանակցությունների արդյունքներով միջկառավարական և միջգերատեսչական փաստաթղթեր կստորագրվեն։

Արդյո՞ք փաստաթղթային որևէ արտացոլում կունենա Հայաստանի վարչապետի այցը Եգիպտոս, պաշտոնական տեղեկություններ չեն հաղորդվում։ Այս պահի դրությամբ երկու երկրների միջև ստորագրված շուրջ 50 փաստաթուղթ կա։

Back to top button