ԿարևորՀասարակություն

ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Վերժինե Սվազլյանը պարգևատրվել է «Հայոց ցեղասպանության հուշահամալիր» հուշամեդալով

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Բանագիտության բաժնի առաջատար գիտաշխատող, անվանի բանագետ, բանահավաք, ժողովրդագետ, ցեղասպանագետ, ՀՀ Գիտության վաստակավոր գործիչ Վերժինե Գառնիկի Սվազլյանը 90 տարեկան է։ Մարտի 2-ին ՀՑԹԻ գիտաժողովների սրահում կայացել է բազմավաստակ գիտնականի մեծարման միջոցառումը:

Ներկաներին Վերժինե Սվազլյանի կյանքն ու գործունեությունը հակիրճ ներկայացրել է ՀՑԹԻ Արցախի, Նախիջևանի և Ադրբեջանի հայության բռնաճնշումների ուսումնասիրության բաժնի վարիչ, պատմ. գիտ. դոկտոր Հարություն Մարությանը:

Նա նշել է, որ տիկին Վերժինեն ավելի քան 65 տարիների ընթացքում անձնական նախաձեռնությամբ և արևմտահայի արյան կանչով գրառել, ձայնագրել, տեսագրել, ուսումնասիրել և հրատարակել է Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի և Փոքր Ասիայի հայաբնակ՝ ավելի քան 150 տեղավայրերից բռնի տարագրված, ապա Հայաստանում և Սփյուռքում բնակություն հաստատած՝ Հայոց ցեղասպանության ականատես վերապրողների՝ իրենց բարբառներով հաղորդած ժողովրդական բանավոր ավանդության տարաբնույթ նշխարները, ինչպես նաև փաստավավերական վկայություններն ու պատմական երգերը (հայերեն և թուրքալեզու)՝ կորստից փրկելով և տարբեր լեզուներով (հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, թուրքերեն) աշխարհին ու մարդկության արդար դատին ներկայացնելով հայ ժողովրդի պատմական հավաքական հիշողությունը։

Հաջորդիվ ՀՑԹԻ Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի վարիչ, պ.գ.թ. Շուշան Խաչատրյանն իր խոսքի սկզբում անդրադարձ է կատարել Հայոց ցեղասպանության բանավոր պատմությունների հավաքագրման վերաբերյալ որոշ տվյալների՝ սկսած 1915 թ-ից ի վեր՝ ներկայացնելով այն բանավոր պատմությունների հավաքագրման գործընթացը, որը ժառանգվել էր Վերժինե Սվազլյանին, երբ նա 1955 թ. սկսեց իր հայրենանվեր գործունեությունը: Շուշան Խաչատրյանն այնուհետև ներկայացրել է Վերժինե Սվազլյանի՝ ՀՑԹԻ-ում անցկացրած տարիների գործունեության մասին հետաքրքիր փաստեր:

ՀՑԹԻ Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի ավագ գիտաշխատող, պ.գ.թ. Թեհմինե Մարտոյանը ընդգծել է, որ Վերժինե Սվազլյանը բանավոր վկայություններ է հավաքագրել ազգային հաստատություններ, մասնավորապես ծերանոցներ այցելելով: Նշել է, որ Սվազլյանին հաջողվել է իրականություն դարձնել հոր՝ հրաշքով փրկված ականատես-վկա Գառնիկ Սվազլյանի պատգամը՝ «պատիվ է բերել իր ծնողներին, ազգին և հայրենիքին»: Ապա ներկայացրել է Վերժինե Սվազլյանի՝ հոր մասին պատմող փոքրիկ տեսանյութ:

Միջոցառման ավարտին ՀՑԹԻ տնօրեն, պ.գ.թ. Էդիտա Գզոյանը Հայոց ցեղասպանության ուսումնասիրության, բանավոր պատմությունների հավաքագրման գործում ունեցած նշանակալի ավանդի համար բանագետ-բանահավաք, ժողովրդագետ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Վերժինե Սվազլյանին պարգևատրել է «Հայոց ցեղասպանության հուշահամալիր» հուշամեդալով:

Կարդացեք նաև

Back to top button