ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Հայաստանը հեռանում է, Ռուսաստանը՝ նախազգուշացնում․ դիվանագիտական ֆորումի հուշումները

Անթալիայի անվտանգային ֆորումի երկօրյա աշխատանքների ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպում թեև տեղի չունեցավ, բայց հայ–ռուսական հարաբերությունների թեման չշրջանցեց քննարկումների օրակարգը։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ դիվանագիտական համաժողովին հաջորդած մամուլի ասուլիսի զգալի հատված նվիրված էր հենց Հայաստանի հետ Ռուսաստանի հարաբերություններին։ Ուշագրավ է, որ Անթալիայում Լավրովը հանդիպումներ է ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի իր պաշտոնակիցների հետ։ Լավրով–Բայրամով հանդիպման ժամանակ, ի դեպ, քննարկվել է արտգործնախարարների բեռլինյան վերջին հանդիպումը։ Անթալիայում հնչած որոշ հայտարարություններ Հայաստանում արդեն նախազգուշացում են որակել։                                                                                                     

Պուտինի և Փաշինյանի շփումներ դեռ նախատեսված չեն` ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Սակայն, չի բացառել, որ  անհրաժեշտության դեպքում հնարավոր է արագ զրույց կազմակերպել։

Այն, որ թե՛ Հայաստանը, թե՛ Ռուսաստանը քաղաքական և անվտանգային մի շարք հարցերի շուրջ փոխադարձ պարզաբանումների կարիք ունեն, կողմերն այլևս չեն թաքցնում։ Անթալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մանրամասնել է․

«Ռուսաստանը հույս ունի Հայաստանից պատասխան ստանալ փոխադարձ պարտավորությունների կատարման և համատեղ ինտեգրացիոն տարբեր կառույցներում, այդ թվում ՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում, հետագա մասնակցության վերաբերյալ»:

Եթե Հայաստանում համարում են, որ 1991 թվականից Հայաստանը Ռուսաստանին առնչվող հարցերում սխալ ուղղություն է որդեգրել, ապա, ըստ Լավրովի, Հայաստան–Ռուսաստան հարաբերություններն էական վերանայումների կարիք ունեն։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի տպավորությամբ՝ ՌԴ պաշտոնյան անուղղակի «տեղյակ պահեց», որ ՀԱՊԿ–ում չմնալն ու, առհասարակ, ՌԴ-ի հետ հարաբերությունների նշաձողն իջեցնելը հետևանքներ կունենան:

«Ենթադրաբար, դա նշանակում է ՌԴ-ի` ՀՀ-ի նկատմամբ իրականացվող քաղաքականության վերանայում՝ քաղաքական, ռազմական համագործակցությունից մինչև տնտեսական: Այնպես չէ, որ ՀՀ իշխանությունն այս դիսկուրսը նոր է ծավալում կամ դրա մեջ լրջություն դնում, հարցն այն է, որ ՌԴ-ն փորձում է վերջնականացնել հաշիվները` հասկանալու, թե սա սովորական շանտա՞ժ է, թե՞ Հայաստանի նոր ընթացքը դեպի ԵՄ: ՌԴ-ն սա անում է, որպեսզի հետագայում իր կոշտ հակազդեցությունը ՀՀ-ում և արտաքին աշխարհում ամբողջությամբ լինի ընկալելի, իսկ թե դա ինչ ծավալ և հետևանքներ կունենա, կախված է իրադարձությունների ընթացքից»:

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը կարծում է, որ այս տարվա ընթացքում աշխարհաքաղաքական հարցերում որոշակի հստակություն արդեն կմտցվի։ Այս պահին, ըստ նրա, տեղի է ունենում վերադիրքավորում, որին հաջորդելու են ակտիվ քաղաքական գործողությունները։ Դերակատարները սեփական օրակարգերով են պատրաստվում այդ պրոցեսներին՝ սեփական շահերը առավելագույնս սպասարկելու համար։ Ըստ փորձագետի՝ այդ ընթացքում Հայաստանի համար կարևոր մի քանի խնդիր կա։

«Հայաստանին պետք է դիմագրավել այս բոլոր փորձություններին և պետք է կառավարելի պահել պրոցեսները։ Ցավոք սրտի, մենք այլևս չունենք այն հնարավորությունները, որպեսզի տարբեր հարմար իրավիճակներ օգտագործենք հօգուտ մեզ՝ նոր ձեռքբերումներ ունենալու, մեր դիրքերը բարելավելու տեսակետից։ Մեզ համար հիմնական խնդիրը իրավիճակը կառավարելի պահելն է, և պոտենցիալ մարտահրավերները տարբեր հնարավոր ուղղություններից՝ և՛ տարածաշրջանում Թուրքիա–Ադրբեջան տանդեմից, և՛ հնարավոր՝ մեր պետականությանն ուղղված հարձակումները, կամ գուցե, մեզ համար այս պահին անկանխատեսելի ևս այլ հարաբերություններից հնարավոր մարտահրավերների կանխելն է»։

Վերլուծաբանի կարծիքով՝ Անթալիայի ֆորումը և պանելային քննարկումները շատ պարզ ցույց տվեցին, որ վերադասավորումների հարցում մեր տարածաշրջանում դեռ պահպանվում է անորոշությունը, ինչը, ըստ էության, անհնար է դարձնում խաղաղության հաստատումը։  Արմեն Պետրոսյանի կարծիքով՝ ճիշտ կլինի, որ Հայաստանի անվտանգային և արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացումը մեկ ուղղությամբ տեղի չունենա։

«Բազմագործոն և բազմակենտրոն համագործակցություն․ միանշանակ սա է առանցքային, որովհետև մեզ փորձում են անընդհատ տեղավորել երկու բևեռի մեջ, մենք էլ փորձում ենք դիվերսիֆիկացնել, որպեսզի այդ երկընտրանքի տակ չմնանք և այդ դիմակայության զոհը կամ նրանց զոհերից մեկը, կամ նրանց համար բախման հերթական հարթակի չվերածվենք։ Սա է պատճառը, որ մեր քաղաքականությունը պետք է ուղղված լինի աշխարհի բոլոր ուղղություններով։ Առանձին ուղղություններով հատկապես պետք է աշխատել, այն երկրների հետ, որոնց հետ ավելի մեծ հնարավորություն կա երկկողմ հարաբերությունների զարգացման և, որը շատ կարևոր է, արագ արդյունքների արձանագրման։ Եվրոպայում նման երկրների թիվը սահմանափակ է։ Այս պահին կարելի է առանձնացնել Հունաստանն ու Ֆրանսիան, որի ուղղությամբ քայլեր նկատեցինք»։  

ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանի կարծիքով՝ ավելի քան ակնհայտ է, թե ինչու առաջացավ անվտանգային և արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի անհրաժեշտությունը Հայաստանի համար։ Վերջին իրադարձության օրինակն է բերում, երբ տևական դադարից հետո Ադրբեջանը համաձայնեց արևմտյան հարթակում՝ Բեռլինում բանակցել արտգործնախարարների մակարդակով։

«Բեռլինից հետո Ադրբեջանի ներկայացուցիչը միանգամից գնում և Թուրքիայում հանդիպում է Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցիչների հետ և Լավրովի հետ։ Այս ամենն ակներև է դարձնում, որ հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մեջ ըստ էության, անուղղակիորեն Թուրքիան և Ռուսաստանը ներգրավված են Ադրբեջանի կողմից։ Հարցերը քննարկել այս հարթությունում նշանակում է նաև, որ բանակցություններին ներկայացող Ադրբեջանն այդ բանակցություններում նաև ներկայացնում է Ռուսաստանի և Թուրքիայի շահերը։ Սա, բնականաբար, բարդացնում է իրականում կոնկրետ հարցերի շուրջ բանակցություններում որոշակի արդյունքների հասնելը»։

Ինչ վերաբերում է անվտանգային բաղադրիչին և կոնկրետ ՀԱՊԿ–ին առնչվող հարցերին, ապա Ռուսաստանը շարունակում է չընդունել Հայաստանի դժգոհություններն ադրբեջանական ագրեսիայի ժամանակ ՀԱՊԿ անգործության առնչությամբ։ Հայաստանի մասնակցությունը այդ կառույցում «սառեցնելու» մասին հայտարարություններին ի պատասխան ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան զգուշացրել է, որ Հայաստանը կարող է բախվել կազմակերպությունում ձայնի իրավունքի կորստին և ՀԱՊԿ-ից լիարժեք պաշտպանությունը կորցնելու վտանգին։ Նա նաև կասկած է հայտնել, որ Հայաստանը կկարողանա անվտանգության այլընտրանքային համակարգ ստեղծել։

Back to top button