ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Եթե Քըլըչն այցելի Հայոց ցեղասպանության հուշահամալիր, այցը կլինի պատմական․ թուրքագետ

Հայ-թուրքական հարաբերությունների թեման կրկին հանրային քննարկման առարկա է դարձել։ Առիթը թուրք բանագնացի՝ առաջիկա օրերին Երևան այցելելու և այդ այցը պատմական դարձնելու մասին հայտարարությունն է։ Փորձագետները կարևորություն չեն տալիս Թուրքիայի հատուկ բանագնաց Քըլըչի Հայաստան հնարավոր այցին, քանի որ համոզված են, որ եթե Անկարան ցանկանար բացել սահմանը Հայաստանի հետ, չէր սպասի բանագնացի այցին։ Փորձագետներից ոմանք համոզված են՝ Անկարան այս պահին կոնկրետ նպատակներ է հետապնդում Հայաստանի հետ հարաբերություններում։

Պատմական իրադարձություն կլինի, եթե թուրքական կողմի բանագնաց Սերդար Քըլըչը գա Հայաստան ու այցելի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ արձագանքելով Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի ու Թուրքիայի հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանի ու Սերդար Քըլըչի զրույցի որոշ հայտարարությունների՝ ասում է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։ Անթալիայում Քըլըչն առաջարկել էր Ռուբինյանին այս շաբաթ հանդիպել Երևանում և այդ իրադարձությունը դարձնել պատմական։ Ռուբինյանը խոստացել էր քննարկել հարցը։ Ավելի ուշ Քըլըչը շեշտել էր՝ մենք որոշել ենք, հանդիպումը կլինի, օրն ու վայրը դեռ կորոշենք։

«Երբ որ Սերդար Քըլըչը գա Երևան ու գնա Ծիծեռնակաբերդ, դա կլինի պատմական, այլ հարցերում պատմական չի կարող լինել», – ասում է Անդրանիկ Իսպիրյանը։

Թուրքագետը Քըլըչի Հայաստան հնարավոր այցը համարում է տուրիստական։ Այն շրջադարձային կարող է լինել, եթե որոշվի այցից հետո, հենց հաջորդ օրվանից սկսել հարաբերությունների կարգավորման գործընթաց, կամ եթե սահմանները բացվեն։

Քըլըչի Երևան այցի մասին հայտարարությունն ուշագրավ էր՝ հաշվի առնելով, որ հայ-թուրքական հանդիպումներ տեղի չեն ունենում ավելի քան մեկ տարի 8 ամիս։ Վերջին անգամ Հայաստանի ու Թուրքիայի բանագնացները հանդիպել էին 2022 թվականի հունիսին, պայմանավորվել էին բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար, ընդ որում նշվում էր՝ դա տեղի կունենա շուտ, սակայն ընթացք չունեցավ։ Ինչո՞ւ է այս դադարից հետո նորից հանդիպման մասին նշվում։ Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի կարծիքով՝ սա կոնկրետ նպատակ ունի՝ հեռացնել միջնորդներին Հայաստանից․

«Պայմանավորված է՝ ԵՄ կողմից Թուրքիային հնարավորություն տալով դրսևորվել, մեծացնելով ազդեցությունը Հարավային Կովկասում, Ռուսաստանի ազդեցությունը հնարավորինս չեզոքացնելու համար, և այս պահին ԵՄ-ից Թուրքիան ազդակն ընդունել է։ Անթալիայի այդ դիվանագիտական ֆորումը դարձավ առիթ Հայաստանի ու Ադրբեջանի վրա ազդեցությունը մեծացնելով թուլացնել Ռուսաստանին, և դա այս պահին ԵՄ շահերին է համապատասխանում»։

Հայկական կողմի բանագնաց Ռուբեն Ռուբինյանը CNN TÜRK-ի հետ հարցազրույցում ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորման, բայց դրա համար ակնկալում է Անկարայից քաղաքական կամքի դրսևորում։ Թուրքագետը համամիտ է հայ բանագնացի դիտարկմանը։ Ավելին, համոզված է, որ հստակ նախապայմաններ կան ու եթե մինչև դրանք չիրականացվեն, հայ-թուրքական հարաբերություններում տեղաշարժ չի կարող լինել․

«Ինչպես մինչ հիմա որևէ բան չէր արվում, այնպես էլ չի արվելու, մինչև Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիր չստորագրվի։ Կհանդիպեն, կխոսեն ու … Թուրքիան ցանկանում է Հայաստանին ճնշելով, համոզելով, ստիպել գնալ զիջումների թե՛ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում և թե՛ այս պահին գլխավորապես Ադրբեջանին զիջումներ անելու»։

Հակառակ դեպքում, եթե Թուրքիային պետք լիներ բացել հայ-թուրքական սահմանը, ապա դա կաներ անգամ առանց Քըլըչի Հայաստան այցի, կամ առանց բանագնացների հանդիպումների, պնդում է թուրքագետը։

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը Թուրքիայի հատուկ բանագնացի Երևան հնարավոր այցը երկու հանգամանքով է պայմանավորում։ Ֆեյսբուքի իր էջում նա գրում է․

«Թուրքիան մշտապես ձգտել և ձգտում է հայ-թուրքական շփումները առավելագույնս կտրել «երրորդ կողմերից»: Հաշվարկը պարզ է՝ մնալով «դեմ առ դեմ», Թուրքիան բնականաբար հեշտությամբ կիրացնի քաշային կատեգորիաների մեջ եղած ահռելի տարբերությունը:

Մյուս հանգամանքը այն է, որ Թուրքիան հատուկ բանագնացների հանդիպումների ավելի քան մեկուկեսամյա դադարից հետո այժմ առաջարկում է «վերսկսել» դրանք, նպատակ ունենալով «մրցակցային գիծ» բացել Ֆրանսիայի աշխուժության հանդեպ: Այստեղ սակայն, ըստ իս, առանցքայինն այն է, որ Անկարան թերևս ունի կասկածներ, որ Ֆրանսիայի ակտիվությունն այդուհանդերձ աջակցություն ունի Ռուսաստանի իշխող համակարգի որևէ ազդեցիկ գրասենյակում»:

Քաղաքագետ Արա Պողոսյանն էլ գրում է, որ պատմության կրկնության համար Արևմուտքը թույլ է տալիս Թուրքիային կրկին վերածվել տարածաշրջանային կայսրության` գլոբալ տերության էլեմենտներով, ինչն ըստ նրա ունի տրամաբանված ռազմավարական հենք․

 «Պատմական այն տարածքում, որտեղ մշտապես Ռուսաստանը եղել է պատերազմների մեջ, կրկին Ռուսաստանին ներքաշել պատերազմի մեջ ու սողացող պատերազմով արնաքամ անել այն աստիճան, որ կրկին գերմանական կամ շվեյցարական քաղաքներից մեկում մի ռուս «մուժիկ» կարմիրը պարզած արշավի դեպի Մոսկվա»… 

Մինչ փորձագիտական շրջանակները վերլուծություններ են անում Թուրքիայի հատուկ բանագնացի հնարավոր այցի մասին, պաշտոնական Երևանը լուռ է։

Back to top button