ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Աղբի տեսակավորման ծրագիրը կընդլայնվի, նոր թափոնամաններն արդեն Երևանում են

Մայրաքաղաքի շուրջ 300 հասցեներում 930 նոր թափոնաման կտեղադրվի։ Այդ քանակը բավարար կլինի աղբի տեսակավորման համար, հավաստիացրել են պատասխանատուները։ Ակնկալվում է, որ թափոնների տեսակավորման ծրագրի ընդլայնումով հավաքված թափոնների ծավալը կավելանա։ Փորձը ցույց է տալիս, որ բնակիչները դրական են արձագանքում թափոնամաններին։ Ըստ ուսումնասիրությունների, տարեկան նկատելի քանակով թափոն չի հայտնվել աղբավայրերում և ուղարկվել է վերամշակման։

Թուղթ, պլաստիկ, ապակի ու նաև՝ ալյումին: Երևանում թափոնների տեսակավորման և վերամշակման ծրագիրն ընդլայնվում է: 930 նոր թափոնամաններ կտեղակայվեն մայրաքաղաքի 300 տարբեր հատվածներում: Իսկ երկու նոր բարձրակարգ մեքենաները կսպասարկեն ապակու թափոնամանները։ Ծրագիրը Երևանի քաղաքապետարանի թափոնների կառավարման ռազմավարության մասն է։ Եթե նախկինում թափոնամաններից հաճախ գողության դեպքեր էին արձանագրվում, նոր թափոնամանների դեպքում գողությունը բացառվելու է , վստահեցնում է Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» կազմակերպության տնօրեն Արմեն Բեգոյանը։

«Մենք շիշը կարողանալու ենք գցել թափոնամանների մեջ և այլևս առանց հատուկ մեքենաների հանել չի լինի։ Տեղադրման գործընթացը սկսվելու է փուլ առ փուլ։ Մինչ այժմ հավաքագրվող երեք տեսակի թափոնները դառնալու են չորս։ Ավելանալու են նաև ալյումինե տարաները և լրացուցիչ 300 կետ էլ ավելանալու է»։

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» կազմակերպությունը դեռ 2020 թվականից է սկսել կոշտ կենցաղային թափոնների տեսակավորման և վերամշակման գործընթացը: Եթե մեկնարկային տարում հաջողվել է մոտ 300 տոննա թուղթ հավաքել, ապա այժմ կրկնակի արդյունք կա։ Արմեն Բեգոյանը վստահ է, որ նոր թափոնամանները բավարար են ողջ Երևանը սպասարկելու համար։ Ոչ միայն բնակիչներին ավելի մոտ կտեղադրվեն, այլև վերամշակման հնարավորությունը կավելանա։

«Դա բավարար է լինելու Երևան քաղաքում ստեղծել քայլելով հասանելիություն աղբի տեսակավորման թափոնամաններին։ Որովհետև մինչ այժմ շատ պարտաճանաչ քաղաքացիներ նույնիսկ իրենց մեքենաներով են տեսակավորում և հասցնում մեր տեղադրած թափոնամաններին»։

Արմեն Բեգոյանն ասում է, որ քաղաքացիների օգնությամբ և «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատանքի արդյունքում տարեկան 600 տոննա ստվարաթուղթ չի հայտնվել շրջակա միջավայրում, 30 տոննա պլաստիկ և ևս 30 տոննա ապակի չի հայտնվել բնության մեջ։ Կազմակերպության Թափոնների տեսակավորման վարչության պետ Արմեն Շեխոյանն էլ վստահ է՝ լրացուցիչ իրազեկման շնորհիվ արդյունքները առնվազն կկրկնապատկվեն։

«Դպրոցներում իրականացնում ենք թափոնամանների սպասարկում։ Տեղադրվել են ստվարաթղթե, պլաստիկի և թղթի համար նախատեսված տարաներ, քանի որ ապակին քիչ է գեներացվում դպրոցներում։ Երեխաները կոնֆետի թղթերը հիմնականում շփոթում են պլաստիկի հետ, բայց չիմանալը նորմալ է, կարևորը իրենց աչքը տեսնի, որ պետք է գնալ այդ քայլին, որպեսզի օգնեն շրջակա միջավայրին»։

Վերջին 50 տարում մոլորակի վրա ավելի քան 9 մլրդ տոննա պլաստիկ և ապակյա իրեր են արտադրվել` սպասք, գրենական պիտույք, կահույք, պոլիէթիլենային տոպրակներ, խողովակներ։

Մինչ պատրաստվում էր այս ռեպորտաժը, աշխարհում ևս 20.000 նոր պլաստիկ շիշ արտադրվեց։ Ի տարբերություն աղբի այլ տեսակների՝ պլաստիկն այրել չի կարելի, քայքայումն էլ շատ երկար է տևում: Մածունի կամ գազավորված ըմպելիքի մեկ շիշը 1-4 դար կարող է գոյատևել: Էկոլոգիական աղետից խուսափելու համար տարբեր երկրներ թափոնների արդյունավետ կառավարման ազգային քաղաքականություն են մշակում ու արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգ ներդնում։ Սա նշանակում է, որ արտադրողն ու ներմուծողը պետք է կառավարեն իրենց կողմից շուկա բերված ապրանքի ամբողջ ցիկլը՝ արտադրությունից մինչև թափոն։ Շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանը տեղեկացնում է, որ համակարգը շուտով կներդրվի նաև Հայաստանում։

«Խոսքը ոչ բոլոր թափոններին է վերաբերում։ Դրանք տարաներն են, փաթեթավորման միջոցները, մարտկոցներ, անվադողեր, էլեկտրոնային սարքավորումներ։ Մենք այժմ այն փուլում ենք, որ պետք է օրենսդրական կարգավորումների միջոցով այդ համակարգը ներդնենք Հայաստանում»։

Համապատասխան օրենսդրության հետ մեծ սպասելիքներ ունեն նաև «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ում։ Բայց և կարծում են, որ հասարակությունն ինքը պետք է գիտակցի, որ թափոնը ևս արժեք է։ Համոզված են՝ նաև պատշաճ իրազեկման շնորհիվ ավելի մաքուր և ավելի կանաչ Երևան կունենանք։

Back to top button